2024-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանում կառուցվում է 87 000 բնակարան

2024-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանում կառուցման տարբեր փուլերում է գտնվում առնվազն 87 000 բնակելի միավոր (բնակարան և բնակելի տուն), որից շուրջ 42 000-ը՝ նոր մեկնարկած: Այդ մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում։

Համեմատության համար 2023-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանում շինարարության ընթացքում է գտնվել շուրջ 55 000 բնակելի միավոր, որոնցից շուրջ 10 000-ը տարվա ընթացքում հանձնվել է շահագործման:

2023-ին գրանցված նոր բնակելի գույքերի թիվը 2018-ի ցուցանիշը գերազանցում է 4,4 անգամ: 2018-2023 թվականների ընթացքում ՀՀ-ում նոր կառուցված և Կադաստրի կոմիտեի կողմից գրանցված գույքերի թիվը կազմել է 132 042, որից 32 714-ը՝ բնակելի:

Բնակարանաշինության հետ ուղիղ կապված եկամտահարկի վերադարձի օրենքով նախորդ տարի ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 52 մլրդ դրամ։ Ծրագրի շահառուների թիվը 2023-ի վերջի դրությամբ կազմել է 38 911 անձ։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2022-ին 29 199 շահառուի վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2021-ին շահառուների թիվը կազմել է 20 920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22,7 մլրդ դրամ։

Եկամտահարկի վերադարձի օրենքը գործում է 2015-ից, նպատակը երկրում շինարարության ակտիվացումն էր։ Այս օրենքով բնակարան գնողների համար հիփոթեքային վարկի տոկոսները հետ են վերադարձվում գնորդի եկամտահարկի չափով։ 2021-ի սեպտեմբերին կառավարությունը որոշել էր աստիճանաբար հրաժարվել Երևանում եկամտահարկի վերադարձով բնակարանների ձեռքբերման հնարավորությունից։ Մասնավորապես, 2022-ից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում և Արաբկիրում, իսկ 2025-ից՝ ամբողջ Երևանում։ 2027 թվականից սկսած հիփոթեքային տոկոսների՝ եկամտահարկի չափով վերադարձի մեխանիզմը չի գործի նաև Երևանին հարակից Արագածոտնի, Կոտայքի, Արարատի ու Արմավիրի մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից՝ բոլոր մարզերում։

Մեկնաբանել