2023-ին արցախցիների աջակցության ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 34 մլրդ դրամ

Գևորգ Թոսունյան

ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում Արցախի և արցախցիների շուրջ հարցերը հիմնականում արտացոլված են «Անվտանգության» բաժնում՝ նշելով, որ «տարին անցել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, դրա հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի, ապա և ԼՂ-ի հայերի բռնի տեղահանման պայմաններում»։

Ինչ է իրականացվել բռնի տեղահանվածների համար 2023-ին

Գործադիրի զեկույցում հիշատակվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում բռնի տեղահանվեց ԼՂ-ում բնակվող ավելի քան 100 հազար հայ․ սեպտեմբերի 24-ին՝ 1 500 մարդ, սեպտեմբերի 25-ին՝ 7 500, իսկ սեպտեմբերի 26-ից՝ օրական 23-25 հազար մարդ:

Բռնի տեղահանվածներին սննդով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով ապահովելու նպատակով, ըստ զեկույցի, 2023-ի հոկտեմբերից մարզպետարաններին է հատկացվել ավելի քան 4,4 մլրդ ՀՀ դրամ:

Հետո խոսվում է 100 հազարական ՀՀ դրամ հրատապ դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշման մասին, 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ այս ծրագրի շահառուների թիվը կազմել էր 112 080, այդ թվում՝ 31 553 անչափահաս։ Ծրագրին հատկացված բյուջեն կազմել է շուրջ 11,2 մլրդ ՀՀ դրամ:

Մեկ այլ ծրագրի՝ 40+10 հազար ՀՀ դրամ կեցության ծախսերի հատուցման աջակցության ստացած անձանց թիվը 2023-ի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կազմել է համապատասխանաբար՝ 104 027, 77 503 և 82 266։

Շուրջ 10 մլրդ դրամ է կազմել բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու դրամական աջակցության (50 հազարական դրամ) ծրագրի ընդհանուր բյուջեն։ Նոյեմբեր ամսվա աջակցություն ստացածների թիվը կազմել է 69 429, իսկ դեկտեմբերինը՝ 74 435:

Նշվում է նաև, որ աջակցության զգալի մասը հատկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին և զարգացման գործակալություններին: Հատկացված աջակցության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 109 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 36 մլն ԱՄՆ դոլարը՝ ՄԱԿ ՓԳՀԳ-ի և Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի շրջանակներում գործընկեր կառույցների միջոցով, շուրջ 26 մլն ԱՄՆ դոլարը՝ ԿԽՄԿ-ի միջոցով, շուրջ 13 մլն ԱՄՆ դոլարը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով։

Եվրոպական Միությունն ու մի շարք օտարերկրյա կառավարություններ ցուցաբերել են ուղիղ բյուջետային աջակցություն՝ շուրջ 17 մլն ԱՄՆ դոլարի չափով, ևս շուրջ 16 մլն ԱՄՆ դոլար հատկացվել է Համաշխարհային բանկին՝ բյուջետային աջակցության վարկերի արտոնյալության աստիճանը բարձրացնելու նպատակով։

Արցախցիների կրթությունը Հայաստանում

Ըստ ծրագրի՝ 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի հանրակրթական դպրոցներում կրթություն է ստանում բռնի տեղահանված շուրջ 17 300 աշակերտ:

2023-ի հոկտեմբերի 12-ին կառավարությունը հաստատել է բուհերում և միջին մասնագիտական կրթական հաստատություններում բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման կարգը, որով ուսանողները կստանան 2023-2024 ուսումնական տարվա ուսման վարձը վճարելու կրթաթոշակներ: 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այս աջակցության շահառու են դարձել բուհերի 1 897 և միջին մասնագիտական կրթական հաստատությունների 917 ուսանողներ:

Կառավարության զեկույցում նաև հիշատակվում է, որ օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել ու հեշտացվել են արցախցիների համար կենսաթոշակի և նպաստի նշանակման կարգերը։ Ըստ այդմ՝ 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կենսաթոշակի կամ նպաստի դիմում է ներկայացրել ավելի քան 13 300 բռնի տեղահանված, որոնցից 11 785-ի վճարումներն արդեն կատարվում են (այդ թվում՝ 11 038 կենսաթոշակ)։ Նպաստների դիմումներ են ստացվել 930 անձից, այդ թվում՝ 165-ը երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար, 626-ը՝ մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի համար։

2023-ի հոկտեմբերի 12-ին կառավարությունը հաստատել է բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը: Սահմանվել է, որ ուսուցիչներն արտամրցութային կարգով կարող են գործուղվել մարզային դպրոցներ: Պայմանագրի կնքման պահից մինչև 2-րդ ուսումնական տարվա ավարտը գործուղված ուսուցչին կտրվի լրացուցիչ վճար՝ աշխատավարձի 30%-ի չափով, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանված բնակավայրերում՝ ևս 50 հազար ՀՀ դրամ լրավճար։ Դեկտեմբերի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակում գործուղվել է 212 ուսուցիչ, այդ թվում՝ 51-ը Կոտայքի, 40-ը Արարատի, 35-ը Արմավիրի, 20-ը Սյունիքի մարզեր:

Ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2023 թվականին պետական բյուջեից փաստացի ծախսվել է շուրջ 34 մլրդ ՀՀ դրամ։

ԼՂ-ն, Լեռնային Ղարաբաղը, Արցախը՝ կառավարության զեկույցում

Զեկույցում ուշադրություն է գրավում այն փաստը, որ Արցախ, Արցախի Հանրապետություն բառերն ընդհանրապես չեք գտնի ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում։ Դրանց փոխարեն գործադիրն օգտագործում է Լեռնային Ղարաբաղ տեղանունը՝ այն էլ հապավմամբ։ Միայն տեքստի մի հատվածում օգտագործվել է բացված տարբերակը, այն էլ՝ քանի որ այդպես էր նշված տվյալ ծրագրում․ «Հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի (Participation Programme) շրջանակներում հրատապ աջակցության համար ներկայացված ծրագիրը՝ ի աջակցություն «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստական երեխաներին կրթության գործընթացում ներառելուն և նրանց բարոյահոգեբանական վիճակը բարելավելուն»»:

Համեմատության համար նշենք, որ ՀՀ կառավարության 2022-ի զեկույցում տրամագծորեն հակառակն է, այսինքն՝ այնպես, ինչպես պահանջում է գրական հայերենը։ Ավելին, այդ տարվա զեկույցում գործադիրը, թվարկելով Լաչինի փակման, գազի ու հոսանքի անջատման խնդիրները, շեշտում էր, որ «ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման երաշխավորված մեխանիզմների ձևավորումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն»: Այս մասով ոչ մի հիշատակում կամ էլ արցախցիների վերադարձի վերաբերյալ որևէ խոստում/ծրագիր առկա չէ 2023-ի զեկույցում։

Մեկնաբանել