2023-ին Հայաստան-Ադրբեջան բանակցություններից առաջ զենքի վաճառքների մասին պնդումները մեծացրել են լարվածությունը

Անի Մեջլումյան, Վալենտին Շատոլե

2023-ի հունիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին ընդառաջ՝ Ֆրանսիայից Հայաստան զենքի ենթադրյալ առաքման վերաբերյալ առցանց չհաստատված պատմություններ տարածվեցին։ Չնայած Հայաստանը, ի վերջո, ստորագրեց Ֆրանսիայի հետ պաշտպանական սպառազինության համաձայնագիր, DFRLab-ը լույս է սփռում համաձայնագրի ստորագրումից ամիսներ առաջ շրջանառվող պատմույթների վրա, ըստ որոնց՝ ֆրանսիական զենքերը ուղևորվում էին Հայաստան:

Պատմույթներում նաև առանց ապացույցների ենթադրվում էր, որ ֆրանսիական զենքերը կարող են տեղափոխվել Ռուսաստան կամ Իրան: Այս պնդումները արվել են կասկածելի աղբյուրների և բազմաթիվ դերակատարների, այդ թվում՝ ադրբեջանական պետական լրատվամիջոցների կողմից տարածման միջոցով, 2023-ի հունիսին կայանալիք խաղաղ բանակցություններից առաջ, որոնց կողմ էր Ֆրանսիան: Բանակցությունները, ի վերջո, անարդյունք եղան և պայմանավորվածության չհանգեցրին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր դժգոհությունն է հայտնել Հայաստան – Ֆրանսիա աճող հարաբերությունների վերաբերյալ։ Խաղաղ բանակցություններից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տարածած հայտարարությունը ոչ ճշգրիտ է և չի նպաստում խաղաղ գործընթացին։ Ավելի ուշ Ալիևը հրաժարվեց մասնակցել 2023-ի հոկտեմբերին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախապես ծրագրված բանակցություններին՝ Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Ալիևն ասաց, որ չի մասնակցելու, քանի որ Ֆրանսիայի դիրքորոշումն արդեն հայտնի է։ «Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը ոչ թե խաղաղությանը ծառայող մոտեցում էր, այլ նոր հակամարտություն հրահրելու նպատակ, և եթե տարածաշրջանում որևէ նոր հակամարտություն լինի, դրա առաջացման պատասխանատվությունը կրելու է Ֆրանսիան»,- ասվում էր Ալիևի գրասենյակի հայտարարությունում։

2023-ի ապրիլի սկզբին՝ հունիսին կայանալիք խաղաղ բանակցություններից երկու ամիս առաջ, զենքի գնումը վերահսկող պետական մարմնի՝ Ֆրանսիայի սպառազինության գլխավոր պատվիրակության (DGA) ներկայացուցիչները հանդիպեցին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Նույն ամսին ավելի ուշ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննան Հայաստան այցի ժամանակ տեղական մամուլին տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը պաշտպանական առաքելություն բացելու մասին:

Մոտավորապես նույն ժամանակ բիզնես հետախուզություն լուսաբանող ֆրանսիական Intelligence Online լրատվամիջոցը հրապարակեց հոդված, ըստ որի՝ Ֆրանսիան պատրաստվում է նշանակել պաշտպանական կցորդ Երևանում և քննարկում է այդ պաշտոնի նշանակությունը: Հետագա շաբաթների ընթացքում Intelligence Online-ի հոդվածը սխալ ներկայացվեց առցանց․ տարածվեցին անհիմն պատմույթներ, թե ֆրանսիական իշխանությունները Հայաստանին արդեն իսկ մահաբեր սպառազինություն են տրամադրում, ինչը կարող է հասնել Իրան կամ Ռուսաստան: Ադրբեջանական լրատվամիջոցները, այդ թվում՝ ադրբեջանական տելեգրամյան ռուսալեզու AZFront ալիքը, տարածեցին այդ պնդումները՝ նշելով, թե Ֆրանսիան պրոքսի պատերազմ է սկսել: Իսրայելական i24NEWS հեռարձակողը նույնպես տարածեց պատմույթը՝ վկայակոչելով AZFront-ը և այլ աղբյուրներ:

2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Հարձակմանը նախորդել էր Ադրբեջանի կողմից տարածքի տասը ամիս շրջափակումը։

1990-ականներից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ուներ սեփական կառավարությունը։ Սեպտեմբերի 19-ին մեկ օր շարունակվող մարտերից հետո Ադրբեջանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելոի մասին՝ ստիպելով ավելի քան 100 000 հայերի լքել տարածքը: Ի պատասխան՝ Եվրոպական խորհրդարանը Բաքվին մեղադրեց էթնիկ զտումների մեջ։

Սեպտեմբերի 27-ին Ֆրանսիան հայտարարեց Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու մտադրության մասին։ Մեկ շաբաթ անց էլ հայտարարեց, որ Հայաստանին պաշտպանական զենք է մատակարարելու՝ Ադրբեջանից պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Հոկտեմբերի 23-ին Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին համար։ France 24-ը նշեց, որ Ադրբեջանի տարածքային հավակնությունը Հայաստանի նկատմամբ կարող է դուրս գալ Լեռնային Ղարաբաղի սահմաններից, ինչն իր հերթին կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ։

Պնդման սկզբնաղբյուրը

2023-ի ապրիլին Intelligence Online-ի հոդվածում ենթադրվում էր, որ Ֆրանսիան նպատակ ունի «Հայաստանին ռազմական մատակարարումներ անել, որպեսզի այն միայն Մոսկվայի հույսին չմնա՝ և՛ հավաստիացումների, և՛ սպառազինությունների ձեռքբերման առումով»: Այն վկայակոչում էր սպառազինության երկկողմ հանձնաժողովի ստեղծումը, որը վերահսկելու էր հայկական կողմից ֆրանսիական սպառազինության ձեռքբերումը։ Նշվում էր նաև, որ Հայաստանի ֆինանսական ծանր վիճակը կարող է սահմանափակումներ դնել այդ գնումների վրա: Հոդվածում ասվում էր, որ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը նախկինում կապեր է ունեցել ֆրանսիական ռազմական ընկերությունների հետ։

2023-ի մայիսի 13-ին AZFront տելեգրամյան ալիքը մի հրապարակում արեց, ըստ որի՝ Ֆրանսիայից Հայաստան զենքի առաջին խմբաքանակը, այդ թվում՝ 50 զրահափոխադրիչներ, արդեն առաքվել են։ Հատկանշական է, որ գրառման մեջ նշվում էր Intelligence Online-ի 2023-ի ապրիլյան հոդվածը, և այն ներկայացնում էր որպես «Ֆրանսիական հետախուզական ծառայությունների գաղտնի խոսափող» («негласный рупор спецслужб Франции»): Այն նաև վկայակոչում էր ռուսական IA REX-ը և Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական գլխավոր վարչության (GUR) աղբյուրներ:

Մայիսի 15-ին և 16-ին իսրայելական i24NEWS հեռուստաալիքը անգլերեն և ֆրանսերեն երկու հոդված հրապարակեց, որ Ֆրանսիան զենք է մատակարարելու Հայաստանին։ Վկայակոչելով ինչպես GUR-ը, այնպես էլ AZfront-ը՝ հոդվածներում ենթադրություն կար, որ Իրանը կամ Ռուսաստանը կարող են օգուտ քաղել Հայաստանին ֆրանսիական զենքի մատակարարումից: «Հավանականությունը, որ ֆրանսիական զենքը կհայտնվի իրանցիների ձեռքում, բավական մեծ է»,- ասվում էր հոդվածներից մեկում։ Ի պատասխան՝ Nouvelles d’Arménie Magazine-ը, որը պաշտպանում է Արցախի հայերի իրավունքները, i24NEWS-ի հոդվածները որակեց «սուտ»:

Պնդումները ավելի լայն տարածվեցին երկու փոքր լրատվամիջոցների կողմից, որոնք մեջբերում էին i24NEWS-ը և օգտագործում էին նույն գլխավոր նկարն ու նմանատիպ վերնագրեր: Առաջինը՝ Musulmans en France-ը, հրապարակեց «Կլինի՞ Իրանը Ֆրանսիայի քաղաքականության գլխավոր շահառուն Հարավային Կովկասում» վերնագրով հոդված։ Երկրորդը՝ La Gazette du Caucase-ը, իր հոդվածը վերնագրեց «Ֆրանսիայի վտանգավոր քաղաքականությունը Հարավային Կովկասում կարող է օգտակար լինել Իրանին»։

Երկու կայքերի գլխավոր խմբագիրն է Ժան-Միշել Բրունը, ըստ նրա՝ LinkedIn-ի պրոֆիլի: Musulmans en France-ի դրոշի պատկերի մետատվյալները ցույց են տալիս, որ պատկերը ստեղծվել է Photoshop-ով 2023-ի մայիսի 18-ին: La Gazette du Caucase-ն իր հոդվածը տեղադրել է նույն օրը, իսկ Musulmans en France-ը հրապարակել է հոդվածը մեկ օր անց: Մետատվյալները նաև ենթադրում են, որ գլխավոր նկարի ֆոնը ստեղծվել է Adobe Firefly-ի գեներատիվ-AI ալգորիթմի միջոցով:

Musulmans en France-ում տեղադրված դրոշի պատկերի EXIF մետատվյալները ցույց են տալիս ֆոտոմանիպուլյացիայի և արհեստական բանականության կողմից ստեղծված բովանդակության հետքեր (կարմիրով գծված): Վերջին փոփոխության ամսաթիվը ընդգծված է կանաչով (Աղբյուր՝ DFRLab, Metadata2go)

Ավելին, La Gazette du Caucase-ի կայքից վերցված Google AdSense կոդը ցույց է տալիս, որ կայքը կապված է ադրբեջանական trend.az լրատվական գործակալության հետ, քանի որ նրանք կիսում են նույն AdSense կոդը: Կոդը հայտնվում է նաև ավստրիական Das Fazit (Եզրակացություն) լրատվականում, որը հիմնադրվել է 2021-ին: Բացի այդ, La Gazette du Caucase-ի հետ կապված DNS գրառումները ցույց են տալիս, որ նրա IP հասցեն գտնվում է Ադրբեջանում: Ժան-Միշել Բրունը հաճախ է հանդես գալիս ադրբեջանական լրատվական ալիքներով և ներկայացվում որպես «Ֆրանսիայում [Միջազգային մեդիա գործակալության] կողմից հիմնադրված Lagazetteaz.fr թերթի գործադիր տնօրեն»:

Google Adsense կոդի UA-5119338-1 որոնման արդյունքի էկրանապատկեր, որը համօգտագործվում է trend.az-ի և dasfazit.at-ի հետ: Ադրբեջանական IP-հասցեն նշված կարմիրով: (Աղբյուր՝ DNSlytics/արխիվ)

Անգլերեն i24NEWS հոդվածը տարածվեց X-ում՝ միջազգային քաղաքականության մեկնաբան Մայքլ Դորանի կողմից, որի թվիթը հավաքել է ավելի քան 63 000 դիտում:

Մայքլ Դորանի 2023-ի մայիսի 16-ի X գրառման էկրանապատկերը: (Աղբյուր՝ @Doranimated/archive)

Մայիսի 15-ին i24NEWS-ի հոդվածների հեղինակ Արիել Կոգանը հոդված էր հրապարակել նաև ԱՄՆ-ում գործող լրատվամիջոցի համար՝ «Ֆրանսիան օգնելու է Իրանի դաշնակցին. ծանր հետևանքներ Իսրայելի և Ուկրաինայի համար»: Հոդվածում Կոգանը մեջբերում է ԱՄՆ-ում տեղակայված Global Security Review միջազգային անվտանգության գործակալությանը, և ասում է. «Ֆրանսիան լրջորեն դիտարկում է «Միստրալ» հակաօդային հրթիռային համակարգերը Հայաստանին մատակարարելու հարցը՝ իսրայելական և թուրքական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար, որոնք օգտագործվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից»:

Global Security Review-ի հոդվածում չի նշվում, որ այդ զենքերի մատակարարումը դեռ լրջորեն քննարկվում է, ոչ էլ հիշատակում կար Իսրայելի կամ Թուրքիայի մասին. ավելի շուտ, այն նկարագրում է սպառազինության համակարգերը որպես հնարավոր տարբերակ. «Երևանի նոր IADS-ի [ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգերի] տարբերակներից մեկը «Միստրալ»-ն է՝ ֆրանսիական շարժական ՀՕՊ համակարգը, որը կարող է հակազդել օդից եկող ադրբեջանական սպառնալիքներին»:

Մայիսի 19-ին AZFront-ը հերթական գրառումն էր հրապարակել՝ «Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը ձեռնտու է Ռուսաստանին ու Իրանին՝ հակառակ Ուկրաինայի և Իսրայելի շահերին» վերնագրով։ BuzzSumo հետնահղումը (backlink) ցույց է տալիս, որ AZFront-ը վկայակոչվել է ադրբեջաներեն, բուլղարերեն և ուկրաիներեն լրատվական կայքերի կողմից, թեև այդ նյութերը սահմանափակ ներգրավվածություն են ստացել սոցիալական ցանցերում:

BuzzSumo-ի Backlink Analyzer-ի արդյունքների էկրանապատկեր, որը ցույց է տալիս AZFront-ի Telegram-ի գրառման մեջբերումը այլ կայքերի կողմից: (Աղբյուր՝ DFRLab՝ BuzzSumo)

DFRLab-ի հետաքննության ընթացքում AZFront տելեգրամյան ալիքը փակվեց և նորից բացվեց, իսկ որոշ գրառումներ ջնջվեցին: DFRLab-ն օգտագործել է Telegram-ի վերլուծական TGStat գործիքը՝ բացահայտելու ջնջված գրառումները, որոնք խթանում են ֆրանսիական զենքի մասին պատմությունները: TGStat-ի հարցման համաձայն՝ 2023-ի մայիսի 13-24-ը AZFront-ը տարածել է առնվազն ութ գրառում: Մայիսի 13-ի առաջին գրառման մեջ՝ «Կիևը մտահոգված է. Ֆրանսիան սկսել է զենք մատակարարել Հայաստանին (AZfront էքսկլյուզիվ)», նշված էր հիսուն զրահափոխադրիչների առաքման մասին։ Գրառումը հետո ջնջվել է: Հետագա գրառումները ներառում էին «Ֆրանսիական զենքի առաքումը Հայաստան Փարիզի նվերն է Մոսկվային և Թեհրանին» (մայիսի 16); «Ֆրանսիայի մուսուլմանների խոսափողը. ֆրանսիական զենքը Հայաստանից կգնա իրանցիներին» (մայիսի 19) և «Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանն ու Իրանին և հակասում է Ուկրաինայի և Իսրայելի շահերին» (մայիսի 19), ի թիվս այլոց:

Այնուհետև, ուկրաինական ընդդիմադիր «Channel 5» լրատվականը մայիսի 15-ին հրապարակեց «Կիևն անհանգստացած է. Ֆրանսիան սկսել է զենք մատակարարել Հայաստանին․ Azfront» վերնագրով հոդված։ Պարբերականը պնդում էր, որ Ռուսաստանը կարող է օգտագործել ֆրանսիական զենքը Ուկրաինայի դեմ հակահարձակման համար։ Նույն հայտարարությունները հրապարակվել են լիտվական «Alfa.lt» օրաթերթում՝ «Կիևն անհանգստացած է. Ֆրանսիան սկսել է զենք մատակարարել Հայաստանին» վերնագրով։ Բացի այդ, ռումինական երեք լրատվամիջոց, ներառյալ նախկինում ապատեղեկատվություն հրապարակած մեկը, տարածել էին հոդվածները՝ օգտագործելով Alfa.lt-ի հոդվածի նման վերնագրեր և հղում անելով նույն աղբյուրներին, որոնց հղում էր արել «Channel 5-ը»:

Հոդվածների էկրանապատկերներ, որոնք օգտագործել են նույն վերնագիրը, սակայն հեռացրել սկզբնաղբյուրը։ Վերնագրում գրված է. «Կրեմլն անհանգստացած է. Ֆրանսիան սկսել է զենք մատակարարել Հայաստանին»։ (Աղբյուր, 5.ua/archive, ձախից; alfa.lt/archive, աջից; stiripesurse.ro/archive, ներքևում)

Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը Ֆրանսիային մեղադրում է պրոքսի պատերազմ սկսելու մեջ

2023-ի մայիսի 13-ին Ադրբեջանի պետական AZTV և ITV (İctimai TV) հեռուստաալիքները և ATV մասնավոր հեռուստաալիքը (Azad Azerbaijan) հեռարձակել են «Ֆրանսիան Ադրբեջանի դեմ պրոքսի պատերազմ է սկսել» հաղորդումը: Հեռուստատեսային այդ հաղորդումը հեռարձակել է անօդաչու թռչող սարքի՝ պայթյուն պատկերող կադրեր, որոնք իբր նկարահանվել են մայիսի 12-ին Ղարաբաղում։ Ե՛վ AZTV-ն, և՛ ATV-ն պնդում էին, որ օդային տեսանյութում պատկերված է ֆրանսիացի զինվորական հրահանգիչ, որն ուղարկվել է հայերին վարժեցնելու:

Հաղորդումը ուշադրություն է հրավիրում կադրերում մեկ անձի վրա՝ վերլուծելով պայթյունից հետո նրա պահվածքը և պնդելով, որ այդ անձը «պրոֆեսիոնալ» և «համբերատար» է՝ ի տարբերություն կադրերում երևացող երկու այլ զինծառայողների: «Նրա վարքագծում կարելի է նկատել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան պատրաստվածության նկատելի բարձր մակարդակ»,- հայտարարում է AZTV-ի հաղորդավարը:

Երեք էկրանապատկեր ադրբեջանական լրատվական հեռարձակումներից, որոնք չստուգված կադրեր են ցուցադրել՝ պնդելով, որ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ պրոքսի պատերազմ է սկսել: (Աղբյուր՝ AZTV, վերևից ձախ; ATV, ներքևից ձախ; ITV, աջ)

Տեսանյութի սկզբնաղբյուրն է 2021-ին հիմնադրված Caliber լրատվական կայքը, որը գործում է հայերեն, անգլերեն և ռուսերեն՝ ադրբեջանական Global Media Group-ի ներքո: Ըստ Caliber-ի՝ իրենք անձամբ են ձեռք բերել կադրերը։

Որոշ պնդումներ, որոնք հեռարձակվել են ադրբեջանական լրատվական ծրագրերով, ապշեցուցիչ կերպով նման են X-ում (նախկին Twitter) Caliber-ի գրառմանը: DFRLab-ի նախորդ հետազոտությունը ցույց է տվել, որ Caliber-ի տելեգրամյան ալիքը Լեռնային Ղարաբաղի դեմ ատելություն քարոզող օգտահաշիվների խմբում է:

Caliber-ի X գրառման էկրանապատկերը 2023-ի մայիսի 13-ին: (Աղբյուր՝ @CaliberEnglish/արխիվ)

Meta որոնման CrowdTangle գործիքի օգտագործմամբ հարցման համաձայն՝ տեսանյութը Instagram-ում և Facebook-ում մայիսին տարածվել է առնվազն 24 անգամ, ստանալով ընդհանուր 2680 փոխազդեցություն: Ադրբեջանական լրատվական ալիքները և սոցցանցերի հետագա հրապարակումները չեն ներկայացրել հավելյալ ապացույցներ հօգուտ ֆրանսիայի կողմից պրոքսի պատերազմի մասին պնդումների: Բերված միակ ապացույցը տեսագրությունն ու Caliber-ի ներկայացրած պնդումներն էին։

Անհայտ է, թե ինչ ազդեցություն ունեցան այս պնդումները խաղաղ գործընթացի վրա, սակայն հատկանշական է, որ դրանք ունեին ներուժ՝ ազդելու կամ խաթարելու խաղաղ բանակցությունները, որոնք, ի վերջո, ձախողվեցին:

Հոդվածը՝ անգլերեն Arms sale claim heightened tensions ahead of 2023 Armenia-Azerbaijan peace talks

Մեկնաբանել