Ո՞վ կկանգնեցնի Արցախում մեր մշակութային ժառանգության ոչնչացումը

Կանխատեսելի էր, որ Ադրբեջանն Արցախը հայաթափելուց հետո անցնելու է այնտեղ մնացած մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացմանը։ Չկա շաբաթ, որ վանդալիզմի որևէ նոր դրսևորման մասին տեղեկություններ չտարածվեն։ Այդ վանդալիզմը դրսևորվում է ինչպես պետական, այնպես էլ անհատական մակարդակում։ Ադրբեջանցի մի զինվոր կամ գյուղացի, իր ատելությանը հագուրդ տալով, կարող է խաչքար փշրել, կրակել եկեղեցու վրա, արձան պղծել, իսկ պետությունը հայկական հետքը վերացնում է համակարգված գործողություններով։ Երկու դեպքում էլ դեպքերի մեծ մասի մասին լուրը մեզ հասնում է հենց նրանց միջոցով։ Ամեն ելուզակ նկարահանում է իր քստմնելի արարքն ու համացանցային տարածք գցում, հիմնականում տելեգրամյան ալիք՝ հույս ունենալով, որ մի մեդալ ու պարգևատրում էլ իրեն կտան։ Նույնն է նաև պետության դեպքում։ Թե՛ անհատը, թե՛ պետությունը սնվում են նույն՝ անսպառ ատելության շտեմարանից։

Հետ դառնանք ու տեսնենք, թե ինչ ենք թողել Արցախում․

  • 4 000-ից ավելի անշարժ պատմամշակութային հուշարձան՝ այդ թվում վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ, բնակատեղիներ, միջնադարյան գերեզմանոցներ, կամուրջներ, աղբյուրներ,
  • Շուրջ 30 թանգարան և դրանց հավաքածուների մեծ մասը՝ 20 000-ից ավելի ցուցանմուշներով,
  • Մասնավոր հավաքորդների և ստեղծագործողների հավաքածուներ,
  • Երկրորդ համաշխարհային և արցախյան առաջին պատերազմների զոհերի, հայ մտավորականների, ռազմական գործիչների հուշարձաններ, իսլամական ժառանգության նմուշներ և նախաքրիստոնեական հուշարձաններ,
  • Հանրակրթական, արվեստի և սպորտի դպրոցներ,
  • Գրադարաններ՝ իրենց ողջ ունեցվածքով։

Այս ցանկը կարելի է երկար շարունակել։

Անցած տարվա վերջին օրերին և այս տարվա ընթացքում նախ հայտնի դարձավ հայ գրող Հակոբ Հակոբյանի, այնուհետ՝ հայ մեծ բարերար Ալեք Մանուկյանի, ծովակալ Հովհաննես Իսակովի արձանների քանդման մասին տեղեկությունը, հետո հայտնվեցին կադրեր Ստեփանակերտի Անդրանիկի փողոցից, որտեղից արդեն իսկ հանվել էին քանդակները։ Վանդալիզմի վերջին օրինակը տեղի է ունեցել Քարվաճառում։ Թիրախում են հայտնվել Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները։ Համաձայն հենց ադրբեջանցիների հրապարակման՝ Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս «աղվանական» եկեղեցիների տարածքում իրականացվելու են պարսպապատման և վերանորոգման աշխատանքներ: Հանվել է Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը, բնականաբար նաև արձանագիր քարերից մեկը։ Տարօրինակ կլիներ, եթե եկեղեցու տարածքից չանհետանային նաև խաչքարերը:

Brussels Signal-ին տված հարցազրույցում Բելգիայում Հայաստանի դեսպան և Եվրամիությունում մեր երկրի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանը հայտնել է, որ ադրբեջանցիները պղծում են հայկական գերեզմանատները, ոչնչացնում կրոնական կառույցները։ Նա տեղեկացրել է, որ Արցախում ավերվել է նաև իր հայրենի գյուղի եկեղեցին, բազմաթիվ եկեղեցիների վրայից խաչերը հանվել են։ Դեսպանը հավելել է, որ հայկական կողմն իր խոսքերն ապացուցող բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ ունի։

Ինչպե՞ս է արձագանքում այս ամենին աշխարհը։ Թեմային առնչվող մեր նախորդ հրապարակման մեջ կանխատեսել էինք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ծպտուն չի հանելու։

Համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման առաքելություն ունեցող ՄԱԿ-ի համապատասխան կառույցն առայժմ լուռ է և հավանաբար մունջ էլ կմնա։ Եվրոպական միայն մեկ երկրում է որոշակի բողոք նկատվում այդ ամենի դեմ։ Հասկանալի է, որ դա Ֆրանսիան է։

Հունվարին Փարիզի քաղաքապետարանի ու L’Œuvre d’Orient կաթոլիկ կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ ու ջանքերով Բաստիլի հրապարակում կազմակերպվել էր «Լեռնային Ղարաբաղ․ վտանգված հայկական ժառանգություն» բացօթյա ցուցահանդեսը։ Գրեթե նույն օրերին Ֆրանսիայի Սենատն ընդունել էր բանաձև, որով դատապարտում էր Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը։ Բանաձևով կոչ էր արվում անհապաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր միջազգային փորձագիտական խումբ գործուղել Լեռնային Ղարաբաղ՝ թեմայի մասին տեղեկատվական զեկույց պատրաստելու համար։

Նույն պահանջով ՅՈՒՆԵՍԿՕ-ին է դիմել Եվրոպական խոհրդարանում տեղի ունեցած «Լեռնային Ղարաբաղի մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության» մասին համաժողովը։

Մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը համաժողովին ունեցած իր ելույթում հայտարարել է, որ հատկապես ծանր է պատմական, միջնադարյան հուշարձանների վիճակը, որ վերջերս Շուշիում ոչնչացվել են 5-17-րդ դարերի հուշարձաններ, պատմական գերեզմանոցների տապանաքարեր: Ադրբեջանը ոչնչացնում է ամբողջական գերեզմանոցներ ու թաղամասեր։ Մասնակիցները նշել են, որ ԵՄ-ն պետք է նախաձեռնի հնարավորը մշակութային կոթողները ոչնչացումից փրկելու համար, կոչ արել ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ համագործակցել և պաշտպանել ԼՂ հայկական ժառանգությունը հետագա ավերածություններից։ Խորհրդարանը կոչ է արել նաև թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը մուտք գործել տարածաշրջան՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Համաժողովի ավարտին որոշում է ընդունվել մշակել համատեղ կոչ՝ ուղղված Եվրոպական միության գործադիր մարմիններին, որտեղ կնախանշվեն հետագա հստակ քայլեր՝ ԼՂ հայկական ժառանգության պաշտպանության համար։

Կօգնի՞ այս ամենը զսպելու Ադրբեջանին, կստիպի՞ հրաժարվել հայկական հետքը Արցախից վերացնելու մտադրությունից։ Այո՛, հնարավոր է, որ միջազգային կառույցների ճնշման ծավալման դեպքում Ադրբեջանը հետաձգի իր վանդալիստական գործելաոճը, բայց ոչ մի դեպքում չի նշանակի, թե այդ երկիրը վերջնականապես կհրաժարվի Արցախի հողի վրա հայության հազարամյակների ներկայության որևէ ապացույցի չեզոքացումից։

Հարցով մտահոգ մի քանի հայաստանյան կառույցներ մշտադիտարկում են իրականացնում, ահազանգում, տեղեկացնում, սակայն բողոքները միջազգային կառույցների կողմից մնում են անպատասխան։ Այդ բողոքները հղում են անում Ժնևի կոնվենցիայի համապատասխան կետին, որը պատիժ է նախատեսում օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացման համար։ Մենք Ադրբեջանի համար այդպիսի որևէ պատժամիջոց չենք կարող ակնկալել, քանի որ չկա երկիր կամ միջազգային կազմակերպություն, որը համարի, թե Ադրբեջանը բռնազավթել/օկուպացրել/ է Արցախը։

Այդպիսի քաղաքական նպատակ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը չի հետապնդում։

Ինչպես թեմային վերաբերող նախորդ հոդվածում, այստեղ էլ պնդում ենք, որ Արցախի մշակութային ժառանգությունը կարելի է պահպանել միայն մի դեպքում՝ տեղում հայ բնակչության գոյությամբ։ Բայց այս հարցն էլ կարծես թե այլևս Հայաստանի քաղաքական օրակարգում չկա։

Մեկնաբանել