Արտագնա աշխատողները ՀՀ-ում չեն հարկվի, եթե տարվա ընթացքում վաստակել են մինչև 12 մլն դրամ

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացին Հայաստանում հարկ չի վճարի, եթե տարվա ընթացքում նրա եկամուտները չեն գերազանցում 12 միլիոն դրամը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում համապատասխան օրինագիծը ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեն:

«ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտները չեն համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ, եթե ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից հաշվետու տարվա ընթացքում ՀՀ-ից դուրս ստացված նշված եկամուտները չեն գերազանցում 12 միլիոն դրամը»,- առաջարկում է ՊԵԿ-ը։

12 միլիոն դրամի դրույթը չի տարածվում այն անձանց նկատմամբ, ովքեր եկամուտները ստացել են հեռավար եղանակով՝ ՀՀ տարածքում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց։

Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը էլ հայտարարել է, որ չի հարկվի նաև օտարերկրյա պետությունում վճարված հարկի տարբերությունը։ Օրինակ, Ռուսաստանում եկամտահարկի դրույքաչափը 13 տոկոս է, Հայաստանում՝ 20 տոկոս։ Տվյալ դեպքում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացին 7 տոկոս տարբերությունը վճարելու պարտավորություն չի ունենա։

***

Փետրվարի 21-ին մարտունեցիները փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը, նրանք բողոքում էին ստացված ծանուցումներից, ըստ որի՝ արտագնա աշխատանքի գնացողները պետք է հարկվեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության փետրվարի 23-ի նիստին առաջարկել էր, որ արտագնա աշխատողներն «իրենք իրենց համար ճանապարհներ սարքեն»։ Նրա համար անհասկանալի է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները բողոքի ցույց էին անում՝ արտագնա աշխատողներին հարկելու կառավարության մտադրության դեմ։

«Կներեք, ոչ մի տրամաբանություն չկա, որ մեկն ասում է՝ չեմ ուզում հարկ վճարել, չի լինի այդպես։ Մեր սիրելի արտագնա աշխատանքի մեկնող հայրենակիցները որտեղի՞ց են մեկնում։ Օդանավակայանից, չէ՞։ Ինչպե՞ս են գնում-հասնում օդանավակայան։ Ճանապարհով, չէ՞։ էդ ճանապարհը բա ո՞վ է կառուցում, ո՞նց է կառուցվում։ Կառուցվում է վճարած հարկերի միջոցով։ Բա որ Հայաստանում աշխատողներն ասեն՝ մի րոպե, մենք ինչո՞ւ պետք է վճարենք, որպեսզի ճանապարհ կառուցվի մարդկանց համար, ովքեր գնում են օդանավակայան, մեկնում արտագնա աշխատանքի։ Ինչի՞ պետք է իրենք մեր հաշվին ստեղծած ճանապարհով երթևեկեն, թող արտագնա աշխատանքի մեկնածներն իրենց համար ճանապարհներ սարքեն, այդ ճանապարհներով գնան»,- ասել էր Փաշինյանը։

Մեկնաբանել