Հայկ Ղազարյան
2023-ի սեպտեմբերյան պատերազմին ադրբեջանցիները մոտեցան Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին։ Հարձակման ուղղություններից մեկը «26 դիրք» բարձունքն էր։ Այս անվանումը գալիս է դեռ Ղարաբաղյան առաջին պատերազմից․ մինչև 1992-ի Շուշիի ազատագրումը այս վայրում հայտնի «26»-րդ դիրքն է եղել։
Պայմանական «26»-ը Շուշիից ուղիղ գծով մոտ 5,5 կմ հյուսիս-արևմուտք է, Ստեփանակերտից՝ 4,5 կմ հարավ-արևմուտք։
Ստեփանակերտ–Ղայբալուշեն–Խալիֆալի
Ղայբալուշենը և Խալիֆալին տեղամասերը գտնվում են Շուշիի հյուսիսարևմտյան կիրճի ստորոտում կամ՝ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհահատվածի վրա։ 2020-ին Շուշին կորցնելուց հետո հայերը մարտական դիրքեր սկսեցին կառուցել այդ կիրճի երկայնքով՝ ճանապարհի վրա։ Այդ ճանապարհահատվածը ավելի արդիական դարձավ Արցախի շրջափակումից հետո, քանի որ Ստեփանակերտ – Ղայբալուշեն–Խալիֆալի–Շռլան գրունտային ճանապարհով հնարավոր էր շրջանցել Շուշին ու նորից միանալ մայրուղուն (2023-ի մարտի 25-ին ադրբեջանցիները այլընտրանքային ճանապարհը արգելափակեցին)։

Սեպտեմբերի 19-ին ադրբեջանցիները սկսեցին ոչնչացնել ճանապարհի երկայնքով տեղակայված դիրքերը։
«ՑՕՐ» զորամասի երկրորդ գումարտակի երկրորդ վաշտի պայմանագրային ծառայող Տիգրան Իշխանյանը, որը այդ ժամանակ գտնվում էր «26» բարձունքում, պատմում է, որ պատերազմը սկսվելուց հետո մոտ 20 րոպե անց կապ են տվել ու ասել, որ դիրքերը չկան։ Նա իրենց դասակի (հեղ․՝ թող լինի պայմանական «N1» դասակը) հետ պատերազմից մի քանի օր առաջ զորամասից «տագնապով» մեկնել էր «26»։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները սեպտեմբերի 19-ին 14:00-ից հետո սկսեցին տեղորոշմամբ մի ծխապատված լուսանկար հրապարակել Ղայբալուշեն–Խալիֆալի հատվածից։ Այդ տեղորոշմամբ Ղայբալուշեն գյուղի մոտ հայկական մարտական դիրք կար։


Ղայբալուշենի մոտ տեղակայված դիրքի ոչնչացումը՝ ըստ ադրբեջանական աղբյուրների։

Այս տեղեկությունը համադրելով Տիգրանի ասածի հետ՝ կարելի է ենթադրել, որ Ղայբալուշեն–Խալիֆալի այլընտրանքային ճանապարհի վրա տեղակայված դիրքերն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեզոքացված էին պատերազմի առաջին ժամին։ Սա ադրբեջանցիներին հնարավորություն է տվել այս ճանապարհով մոտենալ Ստեփանակերտի և կիսելով ճանապարհը՝ մյուս կողմում թողնել Շռլան-Սարիբաբ հատվածում գտնվող զորքը։
Ղայբալուշեն–Խալիֆալի ճանապարհահատվածի (քարտեզի վրա կապույտով նշված) վրա հայերը մոտ հինգ դիրք ունեին։
N1 դասակին միանում է «35» մարտական դիրքի անձնակազմը
Հարձակումից հետո Ղայբալուշեն–Խալիֆալի հատվածի «35» մարտական դիրքի բլինդաժին ուղիղ արկ էր կպել, անձնակազմից երկու հոգի զոհվել է։ N1 դասակի հետ կապվել էին, որ առաջանան ու օգնեն անձնակազմին բարձրանալու դեպի «26 դիրք»։ «35» մարտական դիրքի հինգ հոգանոց անձնակազմը 4 կմ ճանապարհ հաղթահարելով՝ միացել էր բարձունքում գտնվող N1 դասակին։


Զոհվածներից մեկը Արցախի պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ Նվեր Ավանեսյանն էր։ «Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջի համաձայն՝ նա զոհվել է սեպտեմբերի 19-ին, «35» դիրքում։
Ավագ լեյտենանտ Նվեր Ավանեսյան։ Լուսանկարը՝ «Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից։
Բախումներ «26»-ում
Տիգրանն ասում է, որ բարձունքից նկատել է, թե բաց՝ ոչ անտառապատ տեղանքներում ինչ մեծաքանակ են ադրբեջանական զորքերը․ «50 ու 60 հոգի չէին, մրջյունի պես գալիս էին»։
Պայմանագրայինն ասում է, որ առաջին մերձամարտը գիշերն է եղել։ Ենթադրում է, որ ադրբեջանցիները «35» մարտական դիրքի անձնակազմի հետևից հասել են «26» (տե՛ս՝ Նկար 9)։
«Որոշ ժամանակ դիմացանք, բայց յուրաքանչյուրիս մի պահեստատուփ փամփուշտ էր մնացել։ Քիչ էր մնացել՝ շրջափակման մեջ հայտնվենք։ Ոչ օգնություն, ոչ էլ․․․ ոչ մի բան։ Փամփուշտ լինելու դեպքում շատ բան այլ կերպ կլիներ»,- ասում է Տիգրանը։
Հետո նրանք նահանջել են մոտ երկու կիլոմետր՝ «ԱԱԾ-ի դիրք («26»-ի բարձունքում նաև ԱԱԾ-ի դիրք կար), փամփուշտ վերցրել ու հետ եկել նույն ճանապարհով։ Արդեն լուսաբացին տեղի է ունեցել երկրորդ բախումը։ Դասակին են միացել ԱԱԾ դիրքի անձնակազմից։ Երկրորդ բախումը տևել է մի քանի ժամ։ Գործի են դրվել նռնակներ, հակառակորդը կիրառել էր նաև նռնականետ։
«Լավ դիրքավորվել էինք։ Մի քանի ժամ չեն կարողացել առաջանալ։ Այդ հատվածը շատ լավ պահում էինք»,- ասում է նա։
Մոտավորապես այս վայրում էին գտնվում «ՑՕՐ»-ից օգնության եկած հակատանկայինները։
Տիգրանը նաև ասում է՝ թշնամու հետ մերձամարտի ժամանակ քիչ քանակությամբ մարդ էր հակառակորդի հետ կոնտակտի մեջ մտել․ «Ճանապարհի երկայնքով զորք կար ձգված, բայց թե ինչ էին անում, անհասկանալի էր։ Խառը անձնակազմ էր, չգիտեմ, էնքան որ զինվորական հագուստով էին»։
Ըստ Տիգրանի՝ ադրբեջանցիները մի պահ սկսել են շրջանցել՝ թիկունք մտնել։ Նրա խոսքով՝ դա կա՛մ նոր խումբ էր, կա՛մ էլ իրենց հետ մարտի մեջ եղած զորքի մի մասը կիսվել ու փորձում էր շրջանցել։ Հայերը կրակելով հետ նահանջեցին՝ խույս տալով շրջափակումից։
Փորձել են մեկ անգամ ևս դիրքավորվել, այս անգամ քարաժայռի վրա, այնպես, որ հակառակորդը չկարողանա թիկունք մտնել։
«Կապ են տվել, թե իջեք, թուրքերը մտնում են քաղաք»,- ասում է նա։ Իր հիշելով՝ դա մոտ ժամը 12:00-ին էր։

Հակատանկայինները «26»-ում

«ՑՕՐ»-ի ժամկետային-պայմանագրային զինծառայող հակատանկային Արմեն Ազիզյանը առողջական խնդիրներով պայմանավորված ազատվել էր մարտական հերթապահությունից և պատերազմի նախօրեին գտնվում էր զորամասում։ 19-ամյա զինծառայողը ասում է, որ այդ օրերին զորքը թերի էր սնվում և քաղցած էր։
Հրամանատարությունը որոշեց հակատանկայիններին ուղարկել «26»։ Նա և իր ընկեր Վարդանը սեպտեմբերի 19-ի կեսգիշերին «Ֆագոտ» են տեղադրել «26»-ում (տե՛ս՝ նկ․ 9)։
«Ես ու Վարդանը դիտարկում էինք, ոչ մի բան չկար, առավոտ յոթին քանի գնում՝ ձայները մոտենում էին»,- ասում է Արմենը։
Մեկ հրթիռ «Ֆագոտից» նրանք արձակել են հրամանատարության փոխանցած կոորդինատով։ Բայց Արմենի, կարծիքով՝ անիմաստ, քանի որ նշված ուղղությամբ կուտակում չկար։ Իսկ ձորից աշխատող տանկը հասանելի չէր «Ֆագոտի» համար։
Այնուհետև հայկական զորքերը սկսեցին նահանջել դեպի Ստեփանակերտի մատույցները։ Տարբեր հատվածներից ներթափանցած զորքը մոտենում էր քաղաքին՝ շրջանցելով հայկական ստորաբաժանումները։
Արմենը հետնահանջելուց առաջ շարքից հանեց «Ֆագոտը»։ Եվ մոտավորապես այդ ժամանակ էլ նկատեց ադրբեջանցի չորս գրոհայինների։
«Սպասում եմ մոտենան։ Առջևից մի եզ էր, «Գորշ գայլերի» նշանն էր ցույց տալիս ու «Ալլահ Աքբար» կանչում։ Հետևից եկածներն էլ էին բղավում։ Մտածեցի, որ սրանք զգոնությունը կորցրել են, որ գոռգոռում են, ու մոտ 15 մետրից փրթեցի»,- ասում է Արմենը։
Պատերազմի երկրորդ օրը «26»-ում սկսել են դիպուկահարներ են աշխատել։
Նահանջելուց հետո՝ Ստեփանակերտին ավելի մոտիկ, դիպուկահարի կրակից զոհվեց Արմենի մարտական ընկերը, որի հետ ծանոթացել էր «26»-ում։ Մոտ 50-ամյա սպային Արմենը Գարիկ ձյաձ էր կոչում։
Մի փոքր անց դիպուկահարի կրակից վիրավորվեց նաև Արմենը։ Նա այտի շրջանում թափանց վիրավորում ստացավ։ Արդեն Ստեփանակերտի «Պառալելնի» թաղամասի մոտ ավտոմեքենան նրան տեղափոխեց Ստեփանակերտի հիվանդանոց։
Արմենի վիրավորվելուց հետո քիչ անց հրադադար է հայտարարվել։ Մինչ այդ արդեն իսկ խոսակցություններ կային, որ շուտով ավարտվելու է ամեն ինչ։
«Խոսակցություններ կային, որ մեկ-երկու ժամ էլ դիմացեք, կռիվը կանգնելու է»,- պատմում է Արմենը։

Վերջին մարտը Ստեփանակերտի մերձակայքում
Այժմ փորձենք համադրել Արմենի ու Տիգրանի վկայությունները։ N1 դասակի վերջին մարտը մոտավորապես տեղի է ունեցել Արմենի վիրավորվելու վայրում (տե՛ս՝ Նկ․ 9)։
Չնայած, որ երկուսն էլ նույն զորամասում էին ծառայում, անձնապես իրար հետ ծանոթ չէին։ Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած վերջին բախման ժամանակ հնարավոր է, որ այս երկուսը իրարից բավականին մոտիկ էին։ Տիգրանը ասում է, որ ճանապարհին արյունոտած զրահաբաճկոն է տեսել (ամենայն հավանականությամբ Արմենին էր պատկանում), և իրեն ասել են, որ այս տարածքում նոր մեկ հոգի զոհվել և մեկ հոգի դեմքի շրջանում վիրավորվել է։
«26»-ում և Ստեփանակերտի հատվածում տարբեր ստորաբաժանման զինծառայողներ կային՝ և «ՑՕՐ»-ից, և ԱԱԾ-ից և բանակի գլխավոր շտաբից օգնության եկած սպաներից։ Շատերը իրար չէին ճանաչում։
N1 դասակի վերջին մարտը տեղի է ունեցել քարտեզում նշված հատվածում՝ Ստեփանակերտի «Պառալելնի» թաղամասից մոտ 1,5 կմ հեռավորության վրա։ Այդ բարձունքը տեղաբնակները երբեմն «Տրակտոր» են անվանում։ Ի դեպ, Արցախի կառավարության անդամների փորած խրամատները պետք են եկել այդ մարտում, սակայն դրանք խոր չէին, իսկ Արմենի կարծիքով՝ ինժեներական առումով սխալ էին փորված (պաշտոնյաները վերջին ամիսներին Ստեփանակերտի շրջակայքով խրամատներ էին փորում)։
«Մի ժամ է տևել այդ կռիվը։ Մի ժամից հետո զինադադար են տվել։ Բայց «Տրակտորից» չեն կարողացել առաջանալ։ Եթե շարունակվեր, հնարավոր է՝ շատ բան անեին։ Այս հատվածում մեզ վրա հրետանի է աշխատել, «Ֆագոտ»-ից էլ են կրակել»,- ասում է պայմանագրայինը։
Տիգրանն նաև ասում է, որ «Պառալելնի» թաղամասի մոտ զորք կար, բայց այդպես էլ այդ օրը ադրբեջանցի չեն տեսել, քանի որ իրական մարտի մեջ մոտ մի 20 մարդ է եղել։
Հակառակորդին հրադադարից առաջ հաջողվել էր մոտենալ Ստեփանակերտի հարավարևմտյան թաղամասերին՝ «Պառալելնի» և Կրկժան։
«Այդպես էլ ավարտվել է, հետո գնացել ենք «Պառալելնի», «ՈՒԱԶ»-ը եկել է, գնացել ենք տներով»,- ասում է Տիգրանը։
Հաջորդ օրը՝ արդեն կապիտուլյացիայից հետո, ադրբեջանցիները սկսել են էլի առաջանալ, ինչի արդյունքում տեղի է ունեցել փոխհրաձգություն (տե՛ս «Հետկապիտուլյացիոն բախումը Ստեփանակերտի «Պառալելնի» և Կրկժան թաղամասերում»)։
N2 դասակի ճակատագիրը
Մյուս (N2) դասակը մինչև պատերազմի ավարտը իր տեղում էր՝ «26»-ում։ Դասակի հետ ուղիղ առճակատում չի եղել, միայն պատերազմի ավարտին դարձյալ հակառակորդի դիպուկահարի արձակած կրակից զոհվել է երեք հոգի, որոնց թվում էր «ՑՕՐ»-ի սպա Իգոր Գալստյանը։

N2 դասակից Վլադիմիր Ուդումյանն ասում է, որ իրենք մյուս (N1) դասակի ռեզերվն էին, և նույնիսկ տեղյակ չէին, որ պատերազմն ավարտվել է։
«Կապ ենք տվել ու հարցրել՝ ինչ անենք։ Բոլորը մեր հետևում են, իսկ մենք այստեղ ենք մնացել։ Ասել են՝ մինչև ժամը չորսը դիմացեք, ավարտվելու է ամեն ինչ»,- ասում է Ուդումյանը։
N2 դասակը նույն օրը Քյոսալար (տե՛ս 7-րդ նկարը) գյուղով շրջանցել է գրավված «26»-ը և չորս ժամ անց հասել Ստեփանակերտ։

Ամփոփում
Այսպիսով հակառակորդը 2023-ի սեպտեմբերյան պատերազմին «26»-ից և «Ղայբալուշեն-Խայֆալու»-ից մոտեցել է Ստեփանակերտի հարավ-արևմտյան և հարավային թաղամասերին։
Սեպտեմբերի 19-20-ին Ստեփանակերտի hարավ-արևելքից և արևելքից հակառակորդը ևս մոտեցել է։ Հակառակորդին հաջողվել է մայրաքաղաքից մեկուսացնել Մարտունու շրջանը և Ասկերանի վերին ենթաշրջանը։ Այս ամենը հանգեցրեց Արցախի զինված ուժերի մասնատման, մատակարարման խափանման և շրջափակման։

Կարդացեք նաև՝
Հետկապիտուլյացիոն բախումը Ստեփանակերտի «Պառալելնի» և Կրկժան թաղամասերում
2023 սեպտեմբեր․ Մարտունու շրջանի և Ասկերանի վերին ենթաշրջանի շրջափակումը
2023-ի կարճատև պատերազմը Ստեփանակերտի «26-րդ դիրքում»․ Արմեն Ազիզյանի պատմությունը
Փառք մեր հզոր, անվախ տղներին, ոչիչ չի մոռացվի