«26»-ից մինչև Ստեփանակերտի «Պառալելնի»․ մի դասակի պատմություն

Հայկ Ղազարյան

2023-ի սեպտեմբերի 19-20-ի պատերազմի ժամանակ ադրբեջանցիներն աքցանների մեջ էին առել նաև Ստեփանակերտը։ Հարձակման ուղղություններից մեկը «26» դիրքն էր։ Անվանումը գալիս է դեռ Ղարաբաղյան առաջին պատերազմից․ մինչև 1992-ի Շուշիի ազատագրումը այս վայրում «26» դիրքն է եղել։

Շուշի-Գորիս մայրուղին ու Շուշիի բարձունքները (հետևի ֆոնին՝ Մեծ Քիրսը)։ Տեսարան՝ «26»-ից։ Լուսանկարը տրամադրել է Գուրգեն Աբրահամյանը։

Անտառում գտնվող «26»-ը Շուշիից ուղիղ գծով 5,5 կմ հյուսիս-արևմուտք է, Ստեփանակերտից՝ 3,5 կմ հարավ-արևմուտք։

Ստեփանակերտ–Ղայբալուշեն–Խալիֆալի

Ղայբալուշեն: Լուսանկարը՝ Monumentwatch.org կայքից։

Ղայբալուշենը և Խալիֆալին հաջորդաբար գտնվում են Շուշիի հյուսիսարևմտյան կիրճի ստորոտում (1919-ին Շուշիի թուրքերի կազմակերպած կոտորածներից հետո Ղայբալուշեն գյուղը լքվել է)։ 2020-ին Շուշին կորցնելուց հետո հայերը իրենց մարտական դիրքերը մեծամասամբ սկսեցին կառուցել այդ կիրճի երկայնքով՝ ճանապարհի վրա։ Այդ ճանապարհահատվածը ավելի արդիական դարձավ Արցախի շրջափակումից հետո, քանի որ Ստեփանակերտ – ՂայբալուշենԽալիֆալիՇռլան գրունտային ճանապարհով հնարավոր էր շրջանցել Շուշին ու նորից միանալ մայրուղուն (2023-ի մարտի 25-ին ադրբեջանցիները զբաղեցրին 2054 մետր բարձունքը և այլընտրանքային ճանապարհը փաստացի արգելափակեցին)։

Դեղինը՝ հիմնական ճանապարհը։ Մանուշակագույնը՝ Շուշին շրջանցող գրունտային ճանապարհը։

Սեպտեմբերի 19-ին ադրբեջանցիները սկսեցին ոչնչացնել ճանապարհի երկայնքով տեղակայված դիրքերը։

«ՑՕՐ» զորամասի N վաշտի ծառայող Տիգրան Իշխանյանը պատմում է, որ պատերազմը սկսվելուց հետո մոտ 20 րոպե անց կապ են տվել ու ասել, որ դիրքերը չկան։ Նա իր դասակի հետ պատերազմից մի քանի օր առաջ զորամասից «տագնապով» մեկնել էր «26»։

ՇուշիԳորիս մայրուղին և Շուշիի բարձունքները։ Տեսարանը՝ Ղայբալուշենի գերեզմանոցից։ Լուսանկարը՝ Monumentwatch.org կայքից։

Ադրբեջանական աղբյուրները

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները սեպտեմբերի 19-ին 14:00-ից հետո սկսեցին տեղորոշմամբ մի ծխապատված լուսանկար հրապարակել ՂայբալուշենԽալիֆալի հատվածից։ Այդ տեղորոշմամբ, իրոք, Ղայբալուշեն գյուղի մոտ հայկական մարտական դիրք կա։

Որոշ հայկական և ադրբեջանական դիրքեր։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ պատերազմի առաջին ժամին ոչնչացրել են աջից առաջին հայկական դիրքը (Ղայբալուշեն)։ Տիգրան Իշխանյանն էլ ասում է, որ պատերազմը սկսվելուց հետո մոտ 20 րոպե անց կապ են տվել ու ասել, որ դիրքերը չկան։

Այս տեղեկությունը համադրելով Տիգրանի ասածի հետ՝ կարելի է ենթադրել, որ ՂայբալուշենԽալիֆալի այլընտրանքային ճանապարհի վրա տեղադրված դիրքերն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեզոքացված էին պատերազմի առաջին ժամին։ Սա ադրբեջանցիներին հնավորություն է տվել այս ճանապարհով մոտենալ Ստեփանակերտի Կրկժան թաղամասին և, կտրելով ճանապարհը, մյուս կողմում թողնել Շռլան-Սարիբաբ հատվածում գտնվող զորքը։

Տիգրանը չի մեղադրում դիրքապահներին, քանի որ համարում է, որ հնարավոր չէր երկար դիմանալ կիրճի ստորոտում գտնվող այդ դիրքերում, երբ երեք կողմից հարվածի տակ ես։

ՂայբալուշենԽալիֆալի ճանապարհատվածի վրա հայերը մոտ հինգ դիրք ունեին։

N1 դասակին միանում է «35» մարտական դիրքի անձնակազմը

Հարձակումից հետո ՂայբալուշենԽալիֆալի հատվածի «35» մարտական դիրքի գետնատնակին ուղիղ արկ էր կպել, անձնակազմից երկու հոգի զոհվել է (դիրքը մարտի 5-ին հայ ոստիկանների վրա իրականացված դիվերսիայի վայրից մոտ 600 մետրի վրա է)։ Տիգրանենց կապ էին տվել, որ առաջանան ու օգնեն անձնակազմին բարձրանալու դեպի «26»։ «35» մարտական դիրքի հինգ հոգանոց անձնակազմը 4 կմ ճանապարհ հաղթահարելով՝ միացել էր բարձունքում գտնվող N1 դասակին։

«35» մարտական դիրքի անձնակազմը բարձրանում է «26»՝ N1 դասակի մոտ։

Զոհվածներից մեկը Արցախի պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ Նվեր Ավանեսյանն էր։ «Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջի համաձայն՝ նա զոհվել է սեպտեմբերի 19-ին, «35» դիրքում։

Ավագ լեյտենանտ Նվեր Ավանեսյան։ Լուսանկարը՝ «Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից։

Բախումներ «26»-ում

Շուշիի բարձունքները, հետևում՝ Արցախի լեռնաշղթան (Մեծ Քիրս)։ Տեսարանը՝ «26»-ից։ Լուսանկարը տրամադրել է Սրբուհի Վանյանը։

Տիգրանն ասում է, որ բարձունքից նկատել է, թե բաց տեղանքներում ինչ մեծաքանակ են ադրբեջանական զորքերը․ «50 ու 60 հոգի չէին, մրջյունի պես գալիս էին»։

Պայմանագրայինն ասում է, որ առաջին մերձամարտը գիշերն է եղել։ Ենթադրում է, որ ադրբեջանցիները «35» մարտական դրիքի անձնակազմի հետևից հասել են «26»։

«Որոշ ժամանակ դիմացանք, բայց յուրաքանչյուրիս մի պահեստատուփ փամփուշտ էր մնացել։ Քիչ էր մնացել՝ շրջափակման մեջ հայտնվենք։ Ոչ օգնություն, ոչ էլ․․․ ոչ մի բան։ Փամփուշտ լինելու դեպքում շատ բան այլ կերպ կլիներ»,- ասում է Տիգրանը։

Հետո նրանք նահանջել են մոտ երկու կիլոմետր՝ ԱԱԾ-ի դիրք, փամփուշտ վերցրել ու հետ եկել նույն ճանապարհով։ Արդեն լուսաբացին տեղի է ունեցել երկրորդ բախումը։ Դասակին են միացել ԱԱԾ դիրքի անձնակազմից։

Երկրորդ բախումը տևել է մի քանի ժամ։ Գործի են դրվել նռնակներ, հակառակորդը կիրառել էր նաև նռնականետ։

«Լավ դիրքավորվել էինք։ Մի քանի ժամ չեն կարողացել առաջանալ։ Այդ հատվածը շատ լավ պահում էինք»,- ասում է նա։

Նա նաև ասում է՝ թշնամու հետ մերձամարտի ժամանակ քիչ քանակությամբ մարդ էր հակառակորդի հետ կոնտակտի մեջ մտել․ «Ճանապարհի երկայնքով զորք կար ձգված, բայց թե ինչ էին անում, անհասկանալի էր։ Խառը անձնակազմ էր, չգիտեմ, էնքան որ զինվորական հագուստով էին»։

Տիգրանն ասում է, որ ադրբեջանցիները մի պահ սկսել են շրջանցել՝ թիկունք մտնել։ Նրա խոսքով՝ դա կա՛մ նոր խումբ էր, կա՛մ էլ իրենց հետ մարտի մեջ եղած զորքի մի մասը կիսվել ու փորձում էր շրջանցել։ Հայերը կրակելով հետ նահանջեցին՝ խույս տալով շրջափակումից։

Փորձել են մեկ անգամ ևս դիրքավորվել, այս անգամ քարաժայռի վրա, այնպես, որ հակառակորդը չկարողանա թիկունք մտնել։

«Կապ են տվել, թե իջեք, թուրքերը մտնում են քաղաք»,- ասում է նա։ Իր հիշելով՝ դա մոտ ժամը 12:00-ին էր։

Թուրքական Kargu – 2 կամիկաձե ԱԹՍ՝ «26»-ում։ Տղաներն այն խոցել են հրաձգային զենքից սեպտեմբերի 20-ին՝ պատերազմի ավարտից մեկ-երկու ժամ առաջ։

Վերջին մարտը Ստեփանակերտի մերձակայքում

Դասակի մարտերը

Դասակի վերջին մարտը տեղի է ունեցել նշված հատվածում՝ Ստեփանակերտի «Պառալելնի» թաղամասից մոտ 1,5 կմ հեռավորության վրա։ Այդ բարձունքը բնակիչները «Տրակտոր» են անվանում։ Ի դեպ, Արցախի կառավարության անդամների փորած խրամատները պետք են եկել այդ մարտում (պաշտոնյաները վերջին ամիսներին Ստեփանակերտի շրջակայքով խրամատներ էին փորում)։

«Մի ժամ է տևել այդ կռիվը։ Մի ժամից հետո զինադադար են տվել։ Բայց «Տրակտորից» չեն կարողացել առաջանալ։ Եթե շարունակվեր, հնարավոր է՝ շատ բան անեին։ Այս հատվածում մեզ վրա հրետանի է աշխատել, «Ֆագոտ»-ից էլ են կրակել»,- ասում է նա։

Տիգրանն ասում է, որ «Պառալելնիի» մոտ զորք կար, բայց այդպես էլ այդ օրը ադրբեջանցի չեն տեսել, քանի որ իրական մարտի մեջ մոտ մի 20 մարդ է եղել։

Հակառակորդին հրադադարից առաջ հաջողվել էր մոտենալ Ստեփանակերտի հարավարևմտյան թաղամասերին՝ «Պառալելնի» և Կրկժան։ Հաջորդ օրը՝ արդեն կապիտուլյացիայից հետո, ադրբեջանցիները սկսել են առաջանալ, ինչի արդյունքում տեղի է ունեցել փոխհրաձգություն (տե՛ս «Հետկապիտուլյացիոն բախումը Ստեփանակերտի «Պառալելնի» և Կրկժան թաղամասերում»)։

«Դա այդպես էլ ավարտվել է, հետո գնացել ենք «Պառալելնի», «ՈՒԱԶ»-ը եկել է, գնացել ենք տներով»,- ասում է Տիգրանը, որը, ի դեպ, Կրկժանի բնակիչ է։

Ստեփանակերտ։ Տեսարան «Տրակտոր»-ից։ Լուսանկարը՝ Մարութ Վանյանի։

N2 դասակի ճակատագիրը

Քյոսալար տանող ճամփաբաժնի վրա գտնվող մյուս դասակը մինչև պատերազմի ավարտը իր տեղում էր։ Դասակի հետ ուղիղ առճակատում չի եղել, միայն պատերազմի ավարտին հակառակորդի դիպուկահարի արձակած կրակից զոհվել է երեք հոգի, որոնց թվում էր «ՑՕՐ»-ի սպա Իգոր Գալստյանը։

Իգոր Գալստյանի լուսանկարը

N2 դասակից Վլադիմիր Ուդումյանն ասում է, որ իրենք մյուս դասակի ռեզերվն էին, և չգիտեին, որ պատերազմն ավարտվել է (նրանք «26» էին բարձրացել պատերազմը սկսվելուն պես, մինչդեռ մյուս դասակը մի քանի օր առաջ էր «26» բարձրացել)։

«Կապ ենք տվել ու հարցրել՝ ինչ անենք։ Բոլորը մեր հետևում են, իսկ մենք այստեղ ենք մնացել։ Ասել են՝ մինչև ժամը չորսը դիմացեք, ավարտվելու է ամեն ինչ»,- ասում է Ուդումյանը։

N2 դասակը նույն օրը Քյոսալար գյուղով շրջանցել է «26»-ը և չորս ժամ անց հասել Ստեփանակերտ։

Ստեփանակերտը՝ Քյոսալար տանող ճանապարհից։ Սեպտեմբերի 3, 2023: Լուսանակարը՝ Հայկ Ղազարյանի։

Կարդացեք նաև՝

Մարտունու շրջան․ մարտեր Ամարասի ուղղությամբ՝ վանքից մինչև Լուսնյակ

N32 մարտական դիրքի կռիվը Մարտունու պաշտպանության համար

Հետկապիտուլյացիոն բախումը Ստեփանակերտի «Պառալելնի» և Կրկժան թաղամասերում

Մեկնաբանել