Տիգրան Եկաւեան
Ֆրանսիան արդյոք Հայաստանի լիիրավ դաշնակիցը դառնալու ճանապարհի՞ն է։ Պատասխանը կարող է լինել այո՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնական առաջին այցը ՀԱՊԿ անդամ Հայաստան։ Բայց խոչընդոտները շատ են:
Սեբաստիեն Լըկորնյուն և նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանը շատ ընդհանրություններ ունեն, և ոչ միայն երիտասարդ տարիքը (երկուսն էլ 37 տարեկան են): Նրանք երկուսն էլ զբաղվել են տարածքային կառավարմամբ:
Փետրվարի 22-ին Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ առանց հայկական լրատվամիջոցների ներկայության։ Օդանավում ֆրանսիացի վեց տասնյակ առաջատար գործիչներ էին՝ խորհրդարանականներ, այդ թվում՝ սենատոր Բրունո Ռետայոն, նախկին նախարարներ, ինչպիսիք են Նատալի Լուազոն և Ժան Միշել Բլանկեն, լրագրողներ, մտավորականներ և ֆրանսահայեր։ Ներկա էին նաև ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերությունների (Arquus, MBDA, Nexter, PGM, Safran, Thalès) ներկայացուցիչներ։ Ավելին, օդանավում կար նաև մի քանի տոննա ոչ մահաբեր զինտեխնիկա, մասնավորապես՝ «Սաֆրան» գիշերային հեռադիտակներ։ Մոտ ապագայում Ֆրանսիան նախատեսում է մատակարարել Thalès ընկերության արտադրած ռադիոտեղորոշիչ համակարգեր, որոնք կարող են 250 կմ հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները։
Հիանալի պատվիրակություն, բայց, ցավոք, ոչ բավարար ժամանակ՝ խիստ արարողակարգից դուրս գալու և հայաստանյան մի քանի այլ յուրահատկություններ բացահայտելու համար։
Ադրբեջանական նոր ռազմական հարձակման սպառնալիքի ֆոնին՝ լինի դա Տավուշում, Գեղարքունիքում, թե Սյունիքում, Ֆրանսիան ողջունելի փրկօղակ է Հայաստանում: Եվ այդ ամենը ի դեմս Ռուսաստանի ձախողման, որը կոչված էր փրկելու իր նվաստացած դաշնակից Հայաստանին։ Հենց այդ պատճառով էլ Երևանն իր դժգոհությունն արտահայտելու նպատակով Ռուսաստանի ազդեցության գոտուց փորձում է հեռանալ։
Ընդհանուր առմամբ, նախարարներն ստորագրեցին երկու համաձայնագիր։ Առաջին պայմանագիրը վերաբերում է դիպուկահար զենքերի գնմանը, իսկ երկրորդը Ֆրանսիայի Saint-Cyr Coëtquidan ռազմական ակադեմիա այս տարի հայ հինգ զինվորականի ընդունելության մասին է։
Ֆրանսիան մինչ այսօր հայկական բանակին մատակարարել է մի քանի տեսակի տեխնիկա, այդ թվում՝ մոտ 20 «Բաստիոն» զրահափոխադրիչ։ Ֆրանսիան խոստացել է արդիականացնել հայկական զինված ուժերը, վերապատրաստել զինվորականներին և մատակարարել բացառապես պաշտպանական տեխնիկա, նախևառաջ՝ երկիր-երկինք տեսակի ՀՕՊ միջոցներ հակառակորդի անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար։
Պապիկյանի հետ համատեղ ասուլիսին Լըկորնյուն որևէ անգամ չարտաբերեց «դաշինք» կամ «Ադրբեջան» բառերը, թերևս որպեսզի նույնիսկ նվազագույն առիթ չտա մարտատենչ այդ երկրին։ Ֆրանսիական գործընկերության դերը նկարագրելիս Լըկորնյուի օգտագործեց «վստահելի» բառը, ինչը լրագրողներից քչերը նկատած կլինեն։ Նա կարծես ակնարկում էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, որը 2022-ի հուլիսին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևին «վստահելի գործընկեր» էր անվանել։
Խոստումներ և խոչընդոտներ
Հույզերն էին համակել ֆրանսիական պատվիրակությանն ու քաղաքական գործիչներին։ Նրանցից ոմանք ավելի նվիրված են Հայաստանի պաշտպանությանը, քան անգամ ֆրանսահայերը: Լուռ հանդիսավորությամբ նրանք այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ այն հույսով, որ հաջորդ այցելությունը կլինի Եռաբլուր։
Արմավիրի մարզի Բաղրամյան ուսումնամարզական հավաքում ֆրանսիացի 17 զինծառայողների ներկայությամբ տեսարանն ավելի տպավորիչ էր, նախևառաջ՝ ՀԱՊԿ անդամ երկրի համար: Ֆրանսիայի 27-րդ լեռնահրաձգային բրիգադի մարտիկները ֆրանս-հայկական երկկողմ համագործակցության գործնական առաջին մարմնավորումն էին: Նրանք ստանձնել են մոտ 30 հայ հատուկ ջոկատայինների վերապատրաստման գործը։ Հայ զինվորներն իրենց ֆրանսիացի մարզիչների աչալուրջ հսկողության ներքո բարձրլեռնային տեղանքում մասնակցել են կրակային վարժանքների։
Աչալուրջ լինել Ֆրանսիայից ակնկալիքների հարցում
Թեև ֆրանս-հայկական եղբայրությունը մխիթարություն և հույս է բերում Երևանին, սակայն հարկավոր է աչալուրջ լինել հնարավոր խոչընդոտների վերաբերյալ: Իսկ դրանք տարատեսակ են։
Նախ՝ լոգիստիկան։ Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանի ձեռքերը կապված են աշխարհագրական այդ սահմանափակումներով, ինչը նրան ավելի խոցելի է դարձնում ինչպես Վրաստանի քմահաճույքներից, որտեղով գալիս է ֆրանսիական տեխնիկան, այնպես էլ Իրանի խոչընդոտներից, որի տարածքով Հայաստանը կարող է ռազմական տեխնիկա ներմուծել Հնդկաստանից։
Երկրորդ, ֆինանսական առումով ֆրանսիական զենք արտադրողների հետ մատակարարման պայմանագրերը դեռ օրակարգում չեն։ Նրանք դեռ միայն հայկական բանակի կարիքների ուսումնասիրման փուլում են ու տեղյակ են Հայաստանի պաշտպանության տարեկան հարաբերականորեն համեստ բյուջեին (1,38 մլրդ դոլար կամ երկրի ՀՆԱ-ի մոտ 5%-ը): Դա շատ հեռու է փետրվարի 16-ին Փարիզի և Կիևի միջև ստորագրված անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրից, որը կնքվեց առանց Ֆրանսիայի խորհրդարանի հետ խորհրդակցելու։
Ի վերջո, աշխարհաքաղաքական տեսակետից, Ֆրանսիան միայնակ չի կարող այլընտրանք լինել Ռուսաստանի (ձախողվող) պաշտպանական հովանոցին, որքան էլ որ նվիրված լինի այդ գործինն։ Երկարաժամկետ հեռանկարում այն կարող է դառնալ Երևանը Նյու Դելիի հետ կապող անվտանգության նոր ճարտարապետության մի մասը․ Հնդկաստանը նաև Փարիզի ռազմավարական գործընկերն է: Դա հեռավոր հեռանկար է և Հայաստանի առջև ծառացած հրատապ մարտահրավերներին չի պատասխանում։
Թերևս ավելի լուրջ է հայկական բանակի և նրա գլխավոր շտաբի մտահոգիչ վիճակը, որը խորհրդային ժամանակաշրջանի ուժեղ ազդեցության տակ է դեռ, և որի հարաբերությունները քաղաքական իշխանությունների հետ հարթ չեն:
Ֆրանսիացիները դա քաջ գիտակցում են։ Այդ իսկ պատճառով հրամայական է բարեփոխումներ իրականացնել, ուժեղացնել համագործակցությունը վերապատրաստման ոլորտում և աշխատել ռազմական նոր հայեցակարգի ուղղությամբ: Բայց այս ամենը ժամանակ է պահանջում, ինչը, հավանաբար, Հայաստանը չունի։ Չկան նաև անհրաժեշտ նոր կառույցները (հետախուզություն և հակահետախուզություն): Ֆրանսիան չի կարող լիովին միայնակ գործել, քանի որ նա ինքը զինամթերքի պակաս ունի, և Ուկրաինայում շարունակվող պատերազմը թուլացնում է նրա դիրքերը։
Բայց այն կարող է ամրապնդել իր ռազմական առաքելությունը, որը բացվել է Ֆրանսիայի դեսպանատանը կից՝ նախագահ Մակրոնի քաղաքական կամքի և ոչ թե ֆրանսահայ գործիչների ճնշման արդյունքում: Փարիզը կարող է նաև իր դիվանագիտական լծակներն օգտագործել ՄԱԿ-ում և Եվրամիության ներսում՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար։ Սա նկատի ունենալով՝ Եվրախորհրդարանում մի քանի ֆրանսիացի օրենսդիրների աջակցությունը անգնահատելի կլինի շահելու այն երկրների սրտերը, որոնք չեն ցանկանում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ինչպիսին է կասպյան գազի հիմնական սպառող Իտալիան:
Արդ, ինչո՞ւ թշնամանալ Ռուսաստանի հետ՝ առանց անվտանգային բավարար զսպող միջոցների: Խոհե՞մ է, արդյոք, որ Երևանի հրավերով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելի Հայաստան, կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ France 24-ի եթերում ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին հայտարարությունը։ Թերևս նախընտրելի կլիներ զգուշավոր լռությունը։ Ցույց տալ սեփական դժգոհությունը՝ չունենալով աղետալի հետևանքներին արձագանքելու միջոցներ, անպատասխանատու քայլ է։
Առանց անվտանգության միջոցների Հայաստանի ղեկավարների լարախաղացությունը վտանգում է հայոց պետականությունը՝ Արցախի քաղաքական և ժողովրդագրական ողբերգական կորստից հետո։ Ռուսաստանի վրա զայրանալը միգուցե Արևմուտքից մի քանի խոստում ստանալու միջոց է, բայց դա նախևառաջ նվեր է Ադրբեջանին, որը պարզապես սպասում է իր զավթողական ծրագրերն ավարտին հասցնելու հնարավորությանը։
Տիգրան Եկաւեանը ֆրանսահայ հետազոտող և լրագրող է։
Read the article in English: A historic visit by France’s defense minister – and colossal challenges ahead