Որտեղի՞ց է դուրս եկել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև իբրև հետախուզական տվյալների փոխանակման լուրը

Откуда появилась информация об обмене разведывательными данными между Арменией и Францией?

Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck

«Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին, փետրվարի 27-ին տարածեց տեղեկություն, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի հետախուզական ծառայությունն ու Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) համաձայնության են եկել Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցում։ Ըստ տեղեկության՝ Ֆրանսիան նաև պետք է Հայաստանին փոխանցի արբանյակային տվյալներ «Հայաստանի պարագծով ռազմաքաղաքական իրավիճակի մասին»։

Տեղեկությունն արտատպել են Hraparak.am, 168.am, 1in.am, Mediahub.am, AuroraNews.am, Radar.am և այլ լրատվականներ։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է ֆրանսիական աղբյուրներից տարածվող հայտարարությունը ու պարզել, որ այն ընդամենը ռուսաստանցի փորձագետի կարծիք է ու որևէ պաշտոնական հիմք չունի։

Հայտարարությունն արվել է թուրքական Anadolu-ի հետ զրույցում

Ֆրանսիայի ու Հայաստանի միջև իբր ձեռք բերված հետախուզական պայմանավորվածության մասին առաջին անգամ հայտնել է ռուս փորձագետ Իգոր Կորոտչենկոն փետրվարի 23-ին ՝ թուրքական պետական լրատվամիջոցի՝ Anadolu-ի հետ հարցազրույցում։ Հետաքրքրական է, որ այն հրապարակվել է միայն անգլերեն ու ռուսերեն լեզուներով ու թուրքերեն բաժնում տեղադրված չէ։

Կորոտչենկոն Կասպյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենն է և հայտնի է ադրբեջանամետ հայտարարություններով։ Օրինակ՝ փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ նա ասել է, որ «Ադրբեջանը ցուցադրում է ժողովրդավարության օրինակելի չափանիշներ»։

Ի՞նչ ֆրանսիական լրատվամիջոցներ են տարածել լուրը

Ֆրանսերենով այս տեղեկությունն առաջին անգամ հայտնվել է փետրվարի 24-ին՝ թուրքական Yeni Şafak (Նոր լուսաբաց) թերթի ֆրանսերեն բաժնում՝ NouvelleAube-ում։ Հոդվածը հղում է անում Anadolu գործակալության հետ Կորոտչենկոյի հարցազրույցին։

Այնուհետև փետրվարի 26-ին այս մեջբերումը տարածել է ֆրանսիական Agoravox լրատվականը։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է այդ կայքը ու պարզել, որ այն սիրողական, ոչ պրոֆեսիոնալ լրատվամիջոց է։ Լրատվամիջոցի էջում էլ նշված է, որ «AgoraVox-ը 100 տոկոսով քաղաքացիական լրատվամիջոց է», որտեղ գրում են կամավորներ և ոչ պրոֆեսիոնալ գրողներ։

Հոդվածի հեղինակ է նշված ոմն Ս․ Լամպիոնը, որը, պարզվում է, գրողի մականունն է։ Սերաֆին Լամպիոնը իրականում գեղարվեստական ​​կերպար է՝ բելգիական «Տինտինի արկածները» ֆիլմից։

Փաստացի, հենց այս ոչ պրոֆեսիոնալ լրատվական հարթակին է հղում կատարել «Հայկական ժամանակը»՝ առանց պարզելու, թե ով է աղմկահարույց և Հայաստանի անվտանգության համար զգայուն այս պնդման հեղինակը։

Ուշագրավ է նաև, որ տարածաշրջանային մամուլում այս լուրը նոր թափ է ստացել փետրվարի 27-ի առավոտյան, երբ ադրբեջանական Caliber-ը, հղում անելով Agoravox-ին, գրել է, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև հետախուզական համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ապա լուրը տարածվել է մի շարք այլ ադրբեջանական տելեգրամ-ալիքներում, որից հետո էլ հայտնվել է «Հայկական ժամանակի» լրահոսում։

Հատկանշական է, որ «Հայկական ժամանակը», ինչպես նաև 168.am-ը, Radar Armenian-ն ու ուրիշներ հրապարակումից որոշ ժամանակ անց հեռացրել են նյութը իրենց կայքերից (#CivilNetCheck-ն արխիվացրել է հոդվածը

Մենք փորձեցինք թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Նյութի հրապարակման պահին պատասխան դեռ չէր ստացվել։

Մեկնաբանել