«Եթե բոլորը» և «Սպիտակ վագր» ֆիլմերը «Օսկարի» երկար ցուցակում են

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է 2012-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ընդգրկված ֆիլմերի երկար ցուցակը, որը կազմված է 71 աշխատանքից:

Ցուցակում ընդգրկված է Հայաստանը ներկայացնող Նատալյա Բելյայսկենեի «Եթե բոլորը» ֆիլմը, որը հայ-ռուսական համատեղ աշխատանք է: Գաղափարը Միքայել Պողոսյանինն է, որը նաև ֆիլմի պրոդյուսերն է:

Երկար ցուցակում է նաև ռուսաստանցի ռեժիսոր Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը, որի սցենարի հիմքում ընկած է գրող և պատմաբան Իլյա Բոյաշովի «Տանկիստը կամ Սպիտակ վագր» պատմվածքը: Ֆիլմը պատմում է վառվող զրահամեքենայից հրաշքով փրկված խորհրդային բանակի սերժանտ Իվան Նայդյոնովի մասին, որը կենացու ու մահու կռիվ է տալիս «Սպիտակ վագրի»՝ գերմանական ուրվական զրահամեքենայի հետ:

Ուշագրավ է, որ այս տարվա ցուցակում լայնորեն ներկայացված է հետխորհրդային տարածքի կինոարտադրանքը: Այսպես՝ 71-ի թվում է նաև ուկրաին­­ացի ռեժիսոր Միխայիլ Իլյենկոյի «Նա, ով անցել է կրակի միջով» ֆիլմը, ղազախ կինեմատոգրաֆիստ Ական Սատաևի «Մին Բալի զորքը» ժապավենը, Ղրղըզստանը ներկայացնող «Դատարկ տունը»:

«Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներառված աշխատանքների կարճ ցուցակը կհրապարակվի 2013թ. հունվարի 10-ին:

2011-ին նույն անվանակարգում «Օսկարի» էր արժանացել իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» դրաման: