Թաթա Շոշիաշվիլի, OC Media
Վրաստանի քաղաքացիները շուտով կկարողանան մինչև 30 օր առանց վիզայի այցելել Չինաստան` ըստ երկու երկրների միջև կնքված դիվանագիտական համաձայնագրի։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկուշաբթի կառավարության նիստին հայտարարել է վիզային ռեժիմի ազատականացման մասին, իսկ էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպումից հետո նշել է, որ Չինաստանը «մի քանի օրվա ընթացքում» կհաստատի վիզային ռեժիմը։
Կոբախիձեն այդ քայլը որակել է որպես 2023-ի հուլիսին Վրաստանի և Չինաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագրի «նորարարական և գործնական արդյունք»:
Համաձայնագիրը խոստանում է ամրապնդել Թբիլիսիի և Պեկինի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և միջազգային համագործակցությունը։
«Սա կարևոր որոշում է, որը կհեշտացնի մեր քաղաքացիների մեկնումը Չինաստան և նոր հնարավորություններ կստեղծի Վրաստանի և Չինաստանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացման համար»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանը Չինաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ էր սահմանել 2023-ի սեպտեմբերին։
Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ վիզային ռեժիմի ազատականացման քայլը ցույց է տալիս Չինաստանի «վերաբերմունքը ժողովրդի և երկրի նկատմամբ» և այլ երկրների ևս կոչ է արել վրաստանցիների համար վիզային կարգ սահմանել։
Վրաց-չինական հարաբերությունները անշեղորեն ջերմացել են վերջին տարիներին։ Վրաստանը չինական ներդրումներ է ներգրավում իր մի քանի նախագծերում, այդ թվում՝ Անակլիայի ծովային նավահանգստի խնդրահարույց նախագծում:
Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից հետո քննադատները նախազգուշացրել են, որ այն կարող է վտանգել երկրի հարաբերություններն Արևմուտքի հետ:
2023-ի նոյեմբերին՝ Վրաստանի և Չինաստանի միջև գործընկերության համաձայնագրի ստորագրումից ամիսներ անց, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քննադատության տակ այն բանից հետո, երբ կարծիք էր հայտնել, որ Չինաստանի վարչապետ Սի Ձինպինը պետք է ենթարկվի քրեական հետապնդման:
Զուրաբիշվիլիի հայտարարությունները հնչել են ֆրանսիական LCI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որտեղ հարցազրուցավարը տվել էր հետևյալ հարցը՝ արդյոք նա հույս ունի՞, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սի և Ձինպինը կենթարկվեն քրեական հետապնդման, Պուտինը՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների, իսկ Սին՝ ույղուրների ցեղասպանության համար:
Զուրաբիշվիլին պատասխանել էր, որ դա կլինի «պատմական արդյունք, որը որոշ բաներ իրենց տեղը կդնի», բայց ավելացրել, որ չի հավատում, թե դա իրատեսական է: «Վրացական երազանքի» բարձրաստիճան անդամները շտապել էին դատապարտել նախագահին և պաշտպանել Չինաստանի հետ հարաբերությունները:
Հարցազրույցից մի քանի օր անց Զուրաբիշվիլիի գրասենյակը հանդիպում էր անցկացրել Չինաստանի դեսպանատան հետ, որտեղ պարզաբանել էին, որ նախագահի խոսքերը վերաբերում են միայն Պուտինին, և որ «ամբողջ հարցազրույցը կենտրոնացած է Վրաստան-ԵՄ հարաբերությունների, Վրաստանի և Ռուսաստանի վրա»։