Ազգային ժողովը փետրվարի 28-ին երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որը բոնուսներ է նախատեսում տուգանված վարորդների համար։ Նախագծին կողմ քվեարկեց ինչպես «Քաղաքացիական պայամանագիրը», այնպես էլ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, որի առաջարկներն ու փաթեթի մասին նկատառումներն ավելի վաղ ամբողջությամբ ընդունել էր Ներքին գործերի նախարարությունը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեռնպահ մնաց։ Ինչ է նախատեսում նոր օրենքը․
- Տեսալուսանկարահանման սարքերի միջոցով իրականացվող խախտումների դեպքում որոշումները էլեկտրոնային ծանուցման ստանալու պարագայում վարորդները կարող են մուծել նշանակված տուգանքը՝ 20 տոկոս ցածր չափով, այսինքն՝ դրա 80 տոկոսը։
- Դրույթն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից։
- Անկախ էլեկտրոնային ծանուցումից, եթե վարորդը ստացել է տուգանքն ու հաջորդող 15 օրվա ընթացքում տուգանքի առնվազն 70 տոկոսը վճարել է, ոստիկանությունը պարտականությունը համարելու է ամբողջությամբ կատարված,
- Այս կանոնն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսվա կեսերից։
- Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված տուգանքների մասով նախատեսվում է համահարթեցում,
- Եթե քաղաքացիները վճարեն մինչ այդ նշանակված տուգանքների 50 տոկոսը, ինչպես նաև Հարկադիր կատարման ծառայության կատարողական ծախսի գումարը, տուգանքները մարվելու են։
- Պետք է նկատի ունենալ, որ 50 տոկոսի բոնուսից քաղաքացիները կարող են օգտվել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում։
Բացի այդ, վարորդների տուգանման բալային համակարգում կատարվել է երկու փոփոխություն․
- Կողային ապակիների լուսաթափանցիկության կանոնների խախտման դեպքում, եթե արարքը մեկ տարվա ընթացքում կատարվում է կրկին, նախատեսվելու է տուգանք 20 հազար դրամի չափով և կիրառվելու է 2 տուգանային միավոր։ Այսինքն՝ առաջին անգամ որևէ բալ չի հանվի։
- Երկրորդ գծում կայանելու տուգանքների դեպքում 0,5 միավորը դառնալու է 0,25:
Գևորգ Թոսունյան