Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մասին լուրերը Մակրոնի «մոգոնածն է», պնդում է Ալիևը

Այսօր երկակի ստանդարտները մի շարք միջազգային ինստիտուտների, այդ թվում՝ Եվրամիության համար սովորական են դարձել․ փետրվարի 28-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի տնտեսության Արևելյան կոմիտեի նախագահ Միխայել Հարմսի հետ հանդիպման ժամանակ։

Իլհամ Ալիևը կոշտ է արձագանքել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի այն հայտարարությունը, թե՝ «եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա ծանր հետևանքներ կունենա»։

«Բորելը այդ տեղեկությունը որտեղի՞ց է վերցրել, որ Ադրբեջանը ծրագրում է հարձակվել Հայաստանի վրա, մենք նման ծրագրեր չունենք»։ Ըստ Ալիևի՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը «որևէ աղերս չունի իրականության հետ և հակասում է միջազգային իրավունքին»։ Բացի այդ, Ալիևը Բորելի վերոնշյալ միտքը որպես Ադրբեջանին ուղղված վտանգ է որակել։

Ալիևի պնդմամբ՝ Հայաստանի դեմ հարձակման մասին խոսակցությունները Մակրոնի «մոգոնածն է»։

Ինչ վերաբերում է Գերմանիայի միջնորդությանը՝ Ալիևն ասել է․ «Գերմանիան խաղաղ գործընթացում չեզոք է, ի տարբերություն Ֆրանսիայի, որը, ինչպես ասում են, բենզին է լցնում կրակի վրա և Հայաստանին մահաբեր զենք մատակարարում»։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները տևական դադարից հետո հերթական հանդիպումն են անցկացնում Բեռլինում։

Մեկնաբանել