Քաղաքական բանսարկուներն ընդդեմ անկախ լրատվամիջոցների

Վերջին տարիների ընթացքում Հայաստանում ձևավորվել է քաղաքական մեկնաբանների ու հանրային դեմքերի մի խումբ, որոնք, չունենալով մասնագիտական լուրջ գիտելիքներ, կարողացել են մեծ լսարաններ հավաքել և որոշակի ազդեցություն ունենալ հանրային դիսկուրսի վրա։ Այս խմբի պոպուլյարության պատճառները ակնհայտ են՝ նրանք արտադրում են ցածր մակարդակի, վերլուծական որևէ լուրջ տարր չպարունակող, բայց ականջահաճո և հաճախ սենսացիոն բովանդակություն։ Ժամանակակից աշխարհում, որտեղ մարդիկ բարդ գործընթացների և հարցերի համար պարզ պատասխաններ են ակնկալում, այդ որակի նյութերը շատ հեշտ են տարածվում։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո քաղաքական այդ ինֆլուենսերների քանակը շեշտակի աճել է։ Նրանք սոցիալական ցանցերից աստիճանաբար տեղափոխվել են լայն սփռում ունեցող հեռուստաալիքներ և առցանց խոշոր լրատվամիջոցներ՝ լուրջ խոչընդոտ դառնալով Հայաստանում առողջ և փաստահեն քննարկումների մշակույթի կայացման համար։

Հանրությանը մոլորեցնելու գործառույթից բացի այս շրջանակը ինչ-որ փուլից սկսել է ակտիվ թիրախավորել Հայաստանում գործունեություն ծավալող անկախ լրատվամիջոցներին ու կազմակերպություններին։

Այս խմբի թիրախում հայտնված կազմակերպություններից ու լրատվամիջոցներից է, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանը, որի դեմ լայնածավալ արշավ է նախաձեռնվել վերջին շրջանում։ Վերոնշյալ ոչ ֆորմալ խմբի տարբեր ներկայացուցիչներ շրջանառության մեջ են դրել դավադրապաշտական ու քարոզչական թեզեր, որոնք դաշտում առկա գրեթե բոլոր անկախ և պրոֆեսիոնալ կազմակերպություններին մեղադրում են ռուսամետության մեջ։

Հատկանշական է, որ քարոզչական այդ արշավը իրականացվում է ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ փակ ռեժիմով, երբ իրենց քաղաքացիական հասարակության մաս համարող այդ անհատները նամակներ են գրում արևմտյան դեսպանատներին՝ զբաղվելով գործընկերների անհիմն զրպարտությամբ և նրանց դեմ կեղտոտ քարոզչությամբ։

Ամենազավեշտալին, սակայն, այն է, որ նման գործելաոճ են որդեգրել նաև Հայաստանի իշխանությունները։ Վստահելի մի շարք աղբյուրներից հստակ տեղեկություններ կան, որ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց արտասահմանյան այցերի ընթացքում ևս պարբերաբար զբաղվում են անկախ լրատվամիջոցների դեմ ապատեղեկատվության և ցածրորակ քարոզչության տարածմամբ։

Համակարգված այս արշավի պատճառները մեծ հաշվով պարզ են։ Քաղաքական և լրատվական դաշտերի խիստ բևեռացման պայմաններում, երբ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը հետևողականորեն մեծացնում են իրենց քարոզչական ռեսուրսները, հանրությանը իրազեկող և քաղաքական այդ բևեռներին հաշվետու պահող միակ դերակատարները հենց անկախ լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպություններն են, որոնց թիվը վերջին տարիներին զգալիորեն նվազել է քաղաքացիական հասարակության մի մասի՝ իշխանություններին սերտաճելու պատճառով։

Բոլոր ոլորտների նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատել ցանկացող իշխանությունները լրատվական դաշտում ևս փորձում են խաղի սեփական կանոնները սահմանել և ազդեցություն ունենալ նույնիսկ անկախ լրատվամիջոցների խմբագրական քաղաքականության վրա։ Վերոնշյալ խմբերն ու անհատները ևս չեն կարողանում հանդուրժել պրոֆեսիոնալ սկզբունքներով առաջնորդվող կազմակերպությունների և լրատվամիջոցների առկայությունը, որոնք հրաժարվում են սպասարկել իրենց քարոզչական օրակարգերը։

Սակայն ակնհայտ է, որ անցումային փուլում գտնվող համակարգերում, որոնցում դեռ գոյություն չունեն քաղաքական ուժեղ ինստիտուտներ, հենց անկախ մամուլն ու քաղաքացիական հասարակությունը կարող են բացառել ժողովրդավարական հետընթացը և նպաստել ժողովրդավարության կայացմանը։ Այդ առումով իշխանությունների և նրանց պրոքսիների հարձակումները այդ դերակատարների դեմ լրջագույն վտանգ են Հայաստանում ժողովրդավարության կոնսոլիդացիայի հեռանկարների համար։

Այդ առումով քարոզչական այս արշավներին ի պատասխան անհրաժեշտ է հնարավոր բոլոր միջոցներով ընդլայնել այն տարածությունը, որտեղ գործում են անկախ լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները և աշխատել հանրային կարծիքի վրա անբարեխիղճ դերակատարների ազդեցության նվազեցման ուղղությամբ։ Հայաստանի միջազգային գործընկերները իրենց հերթին պետք է հասկացնեն ՀՀ իշխանությունների տարբեր ներկայացուցիչների, որ անկախ կազմակերպությունների և լրատվամիջոցների վրա ներազդության փորձերը անթույլատրելի են։

Մեկնաբանել