«Փարիզը փորձում է Մանուշյանի կերպարն օգտագործել հայ-ֆրանսիական կապերի խորացման համար»

Ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը փետրվարի վերջին հուղարկավորվեց Ֆրանսիայի պանթեոնում։ Մանուշյանի կերպարի և գործունեության մասին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում խոսել է գրող, հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը։

Միսաք Մանուշյանը ծագումով Ադըյամանից էր, իսկ կինը՝ Պոլսից։ Երկուսն էլ Հայոց ցեղասպանությունից պազապուրծ փրկվածներ են, որոնք միմյանց հանդիպել են Ֆրանսիայում և ամուսնացել։ Մանուշյանը ակտիվ պայքար է մղել ֆաշիզմի դեմ՝ մասնակցելով Երկրորդ աշխարհամարտին։ Երբ գերմանական ուժերը գրավել են Ֆրանսիան, Մանուշյանն ու զինակից ընկերները անցել են պարտիզանական պայքարի, սակայն ի վերջո 1944թ․ ձմռանը գերմանական ուժերը նրան գնդակահարել են։

Հրապարակախոս Ռոբեր Քոփթաշի համոզմամբ՝ Մանուշյանը, անկախ բնակության վայրից, համայն հայության համար հպարտության կերպար է։ Նա ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Մանուշյանի կերպարը տարածված է նաև Թուրքիայում՝ անգամ ոչ հայերի շրջանակում։ Քոփթաշի խոսքով՝ թուրք և քուրդ ձախականները մեծ ակնածանք են տածում Մանուշյանի նկատմամբ։ Քոփթաշն անգամ Մանուշյանի կերպարը համեմատում է Հրանտ Դինքի, Գրիգոր Զոհրապի կերպարների հետ։

Անդրադառնալով Ֆրանսիայում մեծ շուքով Մանուշյանի աճյունի վերահուղարկավորմանը՝ Քոփթաշն ասում է՝ Փարիզը փորձում է Մանուշյանի կերպարն օգտագործել հայ-ֆրանսիական կապերի խորացման համատեքստում և ամենևին պատահական չի համարում, որ արարողությանը հետևեց Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Երևան։ Քոփթաշի համոզմամբ՝ քաղաքականությունում նման պատահականություններ չեն լինում։

Ինչ վերաբերում է Մանուշյանի կերպարին, ապա Քոփթաշն այնքան էլ համաձայն չէ որ մեր հայրենակիցը ներկայացվում է իբրև Ֆրանսիայի ազգային հերոս։ Նրա խորին համոզմամբ՝ Մանուշյանը ոչ այնքան Ֆրանսիայի, որքան համամարդկային հերոս է, որը, վերապրելով Հայոց ցեղասպանությունը և ունենալով կոմունիստական համոզմունքներ, պայքարում էր համամարդկային արժեքների համար, առաջին հերթին՝ հանուն ազատության ու ընդդեմ ֆաշիզմի։

«Մանուշյանն իր մեջ ընդգրկում էր ինքնության տարբեր շերտեր․ նա միաժամանակ հայ էր, ֆրանսիացի, արևմտահայ, կոմունիստ, բանաստեղծ և այլն, որը ցավալիորեն մոռացվում և անտեսվում է ֆրանսիական կառավարության կողմից»,- ասում է Քոփթաշը՝ հավելելով, որ Մանուշյանն ու իր կինը կենդանության օրոք խտրականության են ենթարկվել որպես գաղթական՝ այդպես էլ չունենալով կամ չարժանանալով Ֆրանսիայի քաղաքացիության։

Զրուցեց Գեորգի Միրզաբեկյանը

Մեկնաբանել