Զինծառայողների ատեստավորման մասնակիցների կեսից ավելին անբավարար է ստացել 

Գևորգ Թոսունյան

Զինծառայողների շրջանում իրականացրած ատեստավորման գործընթացին մասնակցել է 5 783 զինվորական, նրանց կեսից ավելին ստացել է անբավարար գնահատական, գերազանց ստացել է ընդամենը 2 տոկոսը։ Տեղեկությունը փետրվարի 28-ին Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նիստին հանրայնացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը։

Փետրվարի 26-ին ՍիվիլՆեթը անդրադարձել էր ՀՀ կառավարության 2023-ի կատարողականի այն դրույթին, որտեղ առկա էր տեղեկություն ատեստավորման մասով և արձանագրել, որ տեղեկությունը բավականին լղոզված է։

Մասնավորապես, զեկույցում նշվել էր, թե 2023-ին մեկնարկած զինծառայողների ատեստավորման գործընթացին մասնակցել է շուրջ 5 800 զինծառայող։ Հետագա շարադրանքից պարզ չէր, թե նրանցից տոկոսային առումով քանիսն են անցել ատեստավորումը։ Միայն նշվում էր, որ «ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվելու է 205 000-ից 470 000 դրամի չափով, ինչի արդյունքում որոշ դեպքերում ընդհանուր դրամական բավարարումը գրեթե կրկնապատկվելու է»:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին փետրվարի 28-ին Բրուտյանը ներկայացրեց այդ թվերը։ Պարզվում է՝ ատեստավորմանը մասնակցելու համար դիմել է 5 908 զինծառայող, որոնցից 5 783-ին հնարավորություն է տրվել մասնակցել, սակայն շեմը չի հաղթահարել է 2 957-ը։ Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։

Մեկնաբանել