Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են խաղաղության պայմանագիրը, համաձայնել են շարունակել բանակցությունները

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են խաղաղության պայմանագիրը, համաձայնություն է արտահայտվել բանակցությունները շարունակելու շուրջ։ Այդ մասին ասված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպման արդյունքներով հայկական կողմի մամուլի հաղորդագրությունում։

«Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյան-Բայրամով բանակցություններն անցկացվել են փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում։

Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։ Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։

***

Արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև փետրվարի 17-ին կայացած հանդիպմանը։

Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումը կայացել էր շուրջ յոթ ամիս առաջ՝ 2023-ի հուլիսի 25-ին Մոսկվայում։

Մեկնաբանել