Թուրք բանագնացը հաջորդ շաբաթ Երևանում հանդիպում անցկացնելու պատրաստակամություն է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր հայ գործընկերոջը` Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում։

«Ես, Ռուբեն, առաջարկում եմ հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում, դա պատմական իրադարձություն կդառնա։ Ես պատրաստ եմ հաճախ այցելել Երևան, Ռուբենն էլ հաճախ թող գա Անկարա»,- ասել է Քըլըչը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, որի «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով քննարկմանը որպես բանախոսներ հանդես եկել Ռուբեն Ռուբինյանը, Հիքմեթ Հաջիևը, Սերդար Քըլըչը, Տոյվո Կլաարը։

Ռուբինյանը, արձագանքելով Քըլըչի առաջարկին, նշեց․ «Ես և դուք դա հետո կքննարկենք և կորոշենք, թե երբ և որտեղ կհանդիպենք»։ Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչն իր հերթին է առաջարկով հանդես եկել․ «Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը և սահմանների բացմանը հենց այս պահին, այսօր, վաղը։ Եթե Սերդարը համաձայնի, կարող ենք հիմա էլ հայտարարել և այս ֆորումը դարձնել պատմական»։

Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրերով անձանց համար հայ-թուրքական սահմանը բացելու մասին պայմանավորվածությունը, որը դեռ կյանքի չի կոչվել։

«Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում սահմանը փակ պահելու համար։ Մեկուսացումը բարդացնում է առկա իրավիճակը, պետք է Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիները շփվեն միմյանց հետ։ Սերդարի հետ խոսել ենք, մենք բացելու ենք սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, դա շուտով կլինի։ Երբ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, մենք վստահություն կներշնչենք միմյանց։ Հետո ջանքեր կգործադրենք սահմանի ամբողջական բացման համար»,- ասաց Ռուբինյանը։

Քըլըչի խոսքով՝ սահմանի բացումը միակ քայլ չէ, այլ աշխատանքներ ևս տարվում են կարգավորման ուղղությամբ։

Արձագանքելով Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների շփումների մասին Ռուբինյանի հայտարարությանը՝ Քըլըչը նկատեց, որ երկու երկրների միջև արդեն ավիահաղորդակցություն է գործում, ինչպես նաև բազմաթիվ Հայաստանի քաղաքացիներ են ապրում Ստամբուլում։

«Երևանում կամ Անկարայում հանդիպումը կարող է անցկացվել առանց նախապայմանների։ Եթե չհանդիպենք, եթե նախապայմաններ դրվեն, դա նոր խնդիրներ կստեղծի։ Կարող ենք որոշ հարցեր հետաձգել և քննարկել այն ժամանակ, երբ պայմանները հարմար կլինեն դրանց անդրադառնալու։ Օրինակ, հայտնի հարց կա Հայաստանի ու Թուրքիայի միջև, բայց մենք համաձայնել ենք դա թողնել ապագային»,- ասաց Թուրքիայի ներկայացուցիչը։

***

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

2022 հուլիսի 1-ին անցկացված չորրորդ հանդիպման ընթացքում Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Պայմանավորվածություն էր ձեռքբերվել նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման շուրջ։

Մեկնաբանել