Ռիհաննան լավագույն փոփ երգչուհին է. Billboard

Ամերիկացի հայտնի կատարող Ռիհաննան գլխավորել է Top Pop Billboard ամսագրի վարկանիշը՝ դառնալով լավագույն փոփ երգչուհին: Այս տիտղոսն, ըստ ամենայնի, կհատուցի այն տհաճ փաստը, որ օրերս Esquire տղամարդկանց ամսագիրը աշխարհի ամենասեքսուալ կին է ճանաչել Միլա Կունիսին՝ անցյալ տարվա առաջատար Ռիհաննայի փոխարեն:

Յոթը տարի առաջ կայացած դեբյուտից ի վեր գեղեցկուհի Ռիհաննան 34 անգամ հայտնվել է «ամենա-ամենաների» ցանկերում: 21 անգամ նրա երգերը մտել են լավագույն սինգլների թոփ տասնյակ և ինն անգամ գլխավորել հիթ շքերթները, ինչը Ռի-Ռիին վերջին քսանամյակի ռեկորդակիր է դարձնում:

Billboard Top Pop-ի երկրորդ տեղում է Փինքը, որին հետևում է շիկահեր Բրիթնի Սփիրսը: Վարկանիշի չորրորդ հորիզոնականում է Քելլի Քլարքսոնը: Լավագույն հնգյակը եզրափակում է Մերայա Քերին:

Billboard ամսագիրն ամենահաջողակ փոփ երգչուհիների վարկանիշը կազմում է՝ հիմնվելով ԱՄՆ-ի ամենասիրված ալբոմների պաշտոնական ցանկերի և հիթշքերթներում վերոհիշյալ կատարողների «հաղթանակների» քանակի վրա:

Մեկնաբանել