Այսօր՝ մարտի 4-ին, Հայաստան կժամանի Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը․ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Այցի մասին հայտնի էր դարձել նախորդ շաբաթվա վերջին Հունաստանում Հայաստանի դեսպանության հաղորդագրությունից․ «Մարտի 1-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։
Կողմերը քննարկեցին պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց ՀՀ պաշտպանության նախարարի 2023 թ․ դեկտեմբերին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց, որ գալիք շաբաթ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը»։
Այցի վերաբերյալ Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել նաև Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը․ «Իմ այցի ընթացքում մենք կքննարկենք Հունաստան-Հայաստան պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդումը, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում զարգացումները ավելի լայն տարածաշրջանում»,- գրել է նա։
Դենդիասը տեղեկացնում է Երևանում հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Փետրվարի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Հունաստանում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ: