Օրերս Հայաստանում կազմակերպվեց սուսերամարտի միջազգային մրցաշար` նվիրված ՀՀ անկախության 21-ամյակին: Ինչպես հաղորդում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, պայքարի ելան Հայաստանի, Իրանի, Քուվեյթի և Վրաստանի 81 մարզիկ-մարզուհիներ:
Տանտերերից հաղթող դարձավ միայն ճկասուսերակիր Էմիլ Դանիելյանը: Մյուս երեք առաջին մրցանակները իրենց հետ Վրաստան տարան Թեոնա Գոգլիձեն /ճկասուսեր/, Մարիա Զաքիրչենկոն և Միքայել Միքայելյանը /երկուսն էլ` խոցասուսեր/: Ի դեպ, Միքայելը երևանյան դպրոցի սան է և ընդամենը յոթ ամիս է բնակվության մեկնել Թբիլիսի:
Գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արտաշ Մադոյանն ասաց, որ տանտերերի գլխավոր նպատակը մրցափորձը հարստացնելն էր: Առանձին զենքաձևերի մասնագետների համար կարևոր իրադարձությունները եկող տարվա փետրվարին և մարտին հաջորդաբար անցկացվելիք Եվրոպայի /Հունգարիայում/ և աշխարհի /Խորվաթիայում/ առաջնություններն են, որոնցում մեր պատվիրակները պետք է ներկայանան լավագույն մարզավիճակով: Այդ գործին կծառայեն նաև Հայաստանի առաջնությունը /նոյեմբեր, Երևան/ և աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարը /դեկտեմբեր , Թեհրան/: