ՍիվիլՆեթը Վերաքննիչ ատյանում հաղթեց Ալավերդի ԲԿ-ի արդեն նախկին տնօրենին

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մարտի 1-ի որոշմամբ մերժել է Ալավերդի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Ստեփան Մոսինյանի բողոքը և անփոփոխ թողել ՍիվիլՆեթի օգտին կայացրած՝ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ դատական տեղեկատվական համակարգի կայքից։

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Բաղդասարյանը 2023-ի հունիսի 14-ին մերժել էր «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի հայցն ընդդեմ Սիվիլիթաս հիմնադրամի և ՍիվիլՆեթի թղթակից Լարիսա Փարեմուզյանի։

Մոսինյանը դատարանում վիճարկում էր 2022-ի փետրվարի 23-ին ՍիվիլՆեթի՝ Լոռու մարզի թղթակից Լարիսա Փարեմուզյանի կողմից ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին «Տեղեկություն ստանալու հարցում» վերտառությամբ էլեկտրոնային գրությունը, ինչպես նաև նույն տարվա մարտի 14-ին ՍիվիլՆեթում հրապարակված «Ալավերդու ԲԿ-ի տնօրենը՝ «մահվան» բիզնեսի մենաշնորհատեր» վերտառությամբ հոդվածը։ Մոսինյանը ոչ միայն հերքում էր պահանջում, թեև նա դրա իրավունքից չէր օգտվել նախքան դատի տալը, այլ 3 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ «քաղաքացիական գործով վճիռ կայացնելիս ընդհանուր իրավասության դատարանը բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ և պատշաճ գնահատմամբ կայացրել է օրինական և հիմնավորված վճիռ, որպիսի պայմաններում դատարանը հանգել է ամփոփիչ հետևության, որ բողոքում բերված պնդումներն ու փաստարկները չեն ծառայում դատարանին վերագրված դատական սխալների առկայությունն արձանագրելու բողոք բերած անձի նպատակին, ուստի վերաքննիչ բողոքը բավարարվել չի կարող»:

Ի դեպ, ՀՀ Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանի փետրվարի 22-ի որոշմամբ էլ Ստեփան Մոսինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել