Օֆելյա Սիմոնյան
Վրաստանի էլեկտրաէներգիայի շուկան գնում է ազատականացման։ Սա պարտավորություն է, որ երկիրը ստանձնել է ԵՄ-ի հետ 2014-ին կնքած Ասոցացման համաձայնագրով։ Վրաստանում էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրները հիդրո և ջերմային էլեկտրակայաններն են։ Էլեկտրաէներգիայի ներմուծումը ներքին սպառման մեջ փոքր տոկոս է կազմում։ Գլխավոր խնդիրն այն է, որ հոսանքի սպառումը ձմռանն ավելի մեծ է, քան ամռանը, և ցուրտ ամիսներին կարիք է լինում այլընտրանքներ փնտրել։ Մյուս կողմից, երկրի էներգետիկ մի շարք խոշոր ակտիվներ տարիներ առաջ վաճառվել են ռուսական ընկերությունների։
ՍիվիլՆեթն ուսումնասիրել է Վրաստանի էներգետիկ շուկան, փորձել հասկանալ՝ որքանով է այդ երկիրը ինքնաբավ այս առումով, որոնք են էլեկտրաէներգայի ստացման այլընտրանքնային աղբյուրները և ինչ դեր ունի ռուսական կապիտալը Վրաստանի շուկայում։
Վրաստանի էներգետիկ շուկան
Խորհրդային տարիներին Վրաստանում կառուցվել է ավելի քան 60 մեծ ու միջին ՀԷԿ: Այժմ Վրաստանն էլեկտրաէներգիայի պահանջարկի մեծ մասը բավարարում է ՀԷԿ-երից՝ շնորհիվ լեռնային տեղանքի և բազմաթիվ գետերի:
Վրաստանը էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և շուկայի նոր կառուցվածքի անցման փուլում է՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակում, ըստ որի՝ Վրաստանի օրենքները պետք է համապատասխանեցվեն ԵՄ էներգետիկ օրենսդրությանը: 2019-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Էներգետիկայի և ջրամատակարարման մասին» օրենք՝ էներգետիկայի ոլորտում նախաձեռնելով բարեփոխումներ։
Վրաստանը վերականգնվող էներգիայի զարգացման վաղ փուլում է։ Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ոլորտում մասնագիտացած Eclareon GmbH ընկերության զեկույցի համաձայն՝ մինչև 500 կՎտ հզորությամբ փոքրածավալ արևային կայաններն արդեն իսկ բարձր շահութաբերություն ունեն Վրաստանում՝ վերջին տարիներին տեղադրված հարյուրավոր համակարգերով: Նշվում է, որ համակարգերի ավելացումն ու էներգետիկ շուկայի ազատականացումը կբերեն արևային կայանների ներդրումային բումի։
Թվեր
Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի դրվածքային ընդհանուր հզորությունը մոտ 4600 ՄՎտ է։ Այն կազմված է ջերմային էլեկտրակայաններից (ՋԷԿ), հիդրոէլեկտրակայաններից (ՀԷԿ) և մեկ հողմային էլեկտրակայանից։ Էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրները ՀԷԿ-երն ու ՋԷԿ-երն են։
Վրաստանը ներկրողից դառնում է էլեկտրաէներգիա արտահանող՝ կախված տարվա եղանակից։ Դա պայմանավորված է փոքր և սեզոնային ՀԷԿ-երից չափազանց մեծ կախվածությամբ: Վրաստանը էլեկտրաէներգիայի զուտ արտահանող է մայիսից մինչև սեպտեմբեր, երբ գետերի ավելի մեծ հոսքը փոքր և սեզոնային ՀԷԿ-երին թույլ է տալիս արտադրել ավելի շատ էլեկտրաէներգիա, քան տեղական շուկայի պահանջարկն է: Այս ամիսներին հոսանքի արժեքը և պահանջարկը ցածր է։ Այս շրջանում է Վրաստանն էլեկտրաէներգիա արտահանում։
Աշնանային ամիսներին գետերում ջրահոսքը նվազում է․ փոքր ՀԷԿ-երը չեն կարող այնքան էլեկտրաէներգիա արտադրել, որքան ամռանը, և ստիպված են օգտագործել ամռանը կուտակված ջուրը։ Այս շրջանում երկիրն ապավինում է էլեկտրաէներգիայի ներմուծմանը։
Էլեկտրաէներգիայի սպառումն աճում է. ո՞րն է պատճառը
Վերջին տասնամյակում Վրաստանում նկատվում է էներգիայի պահանջարկի և սպառման կայուն աճ։ Վրաստանի էներգետիկ շուկայի մասին զեկույցներում նշվում է, որ պատճառը Վրաստանի աճող տնտեսությունն է։ Միևնույն ժամանակ, ավելանում է հոսանքի սպառումը Աբխազիայում։ Աբխազիան տեխնիկապես չափազանց ցածր գներով էլեկտրաէներգիա է ստանում Վրաստանից և Ռուսաստանից։ Ինգուրի ՀԷԿ-ի տուրբինները Աբխազիայի կողմից փաստացի վերահսկվող հատվածում են, իսկ ամբարտակը՝ Վրաստանի վերահսկողության տարածքում։ Երկկողմ համաձայնությամբ՝ Աբխազիան ստանում է արտադրված էլեկտրաէներգիայի 40%-ը, իսկ Վրաստանը՝ 60%-ը։ Այս պայմանավորվածությունը, սակայն, ըստ վրացական կողմի, միշտ չէ, որ պահպանվում է. Աբխազիան ստանում է նախատեսվածից ավելի։ Ավելին, Ռուսաստանը քաղաքական պատճառներով Աբխազիային էժան էլեկտրաէներգիա է մատակարարում։
Համագործակցությունը հարևան երկրների հետ
2022-ին Վրաստանը ներմուծել է 1,5 ՏՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը կազմել է ընդհանուր պահանջարկի 9,7%-ը։ 82,5%-ը եկել է Ռուսաստանից (հիմնականում գնացել Աբխազիա), 8,4%-ը՝ Ադրբեջանից, 9,0%-ը՝ Հայաստանից։ Ներմուծվող էլեկտրաէներգիայի կեսն ուղարկվել է Աբխազիա՝ շուկայականից ցածր գնով՝ 0,005$/կվտժ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ Հայաստանից Վրաստան է արտահանվել ավելի շատ էլեկտրաէներգիա, քան նախորդ տասը տարիներին միասին վերցրած։ Խոսքը 365 մլն կվտժ էլեկտրաէներգիայի մասին է։ Չնայած Փաշինյանը հույս է հայտնել, որ այդ դինամիկան կպահպանվի, սակայն 2023-ի տվյալներով՝ Հայաստանից ներմուծում առհասարակ չի եղել։ Ցուցանիշներով առաջատարը կրկին Ռուսաստանն է, իսկ Ադրբեջանից ներմուծման ծավալները չնչին են։
Այժմ Հայաստանի ու Վրաստանի միջև էլեկտրաէներգիա փոխանակելու հզորությունները սահմանափակ են․ կա էլեկտրահաղորդման երեք գիծ, մեկը՝ 220 կՎ լարման, մյուս երկուսը՝ 110 կՎ: Դեռ 2020-ին նախատեսվում էր չորրորդը կառուցել։
2022-ին Հայաստանն ու Վրաստանը համաձայնագիր են ստորագրել արտակարգ իրավիճակներում էլեկտրաէներգիայի փոխադարձ օգնության մասին։ Գործում է նաև Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան շրջանակային համաձայնագիրը։
Վրաստանը նաև նախատեսում է լրացուցիչ էլեկտրահաղորդման գծերի կառուցում՝ հարևանների միջև էներգետիկ առևտուրը մեծացնելու համար։ Կարևոր է նաև «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքի (Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան) իրագործումը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ 2016-ին։
Ռուսական էներգետիկ ակտիվները Վրաստանում
Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի՝ Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից շարունակել է աճել նաև 2023-ի առաջին կիսամյակում: Ռուսական խոշոր ընկերությունները ներկա են Վրաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։ «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի» 2023-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ արդյունաբերության մեջ ռուսաստանցիներին պատկանող բիզնես ակտիվների ծավալը հատկապես կենտրոնացած է էներգետիկայի ոլորտում։
Telasi
Ներկայում վրացական շուկայում գործում է էլեկտրաէներգիայի բաշխիչ երկու օպերատոր՝ Telasi-ն և Energo-Pro Georgia-ն: Telasi-ն հիմնադրվել է 2021-ին՝ Վրաստանի էներգետիկ շուկայի բարեփոխման արդյունքում և գործում է միայն մայրաքաղաք Թբիլիսիում՝ սպասարկելով ավելի քան 600 000 բաժանորդի։ Վրաստանի էլեկտրաէներգիայի սպառման 20%-ը բաժին է ընկնում Թբիլիսիին՝ մոտ 3 մլրդ կՎտ/ժ։
«Թելասիի» բաժնետոմսերի 75%-ը պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը։ Մնացած 24,53%-ի բաժնետերը Energy Company ՍՊԸ-ն է, որը պատկանում է վրացի գործարար Խվիչա Մաքացարիային։
Խրամի 1 և Խրամի 2
«Ինտեր ՌԱՕ»-ն Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման զգալի ակտիվներ է վերահսկում։ 2003-ից ռուսական ընկերությունը կառավարում է Խրամի 1 և Խրամի 2 ՀԷԿ-երը։ Խրամի 1-ը բաղկացած է երեք ՀԷԿ-ից, որոնցից յուրաքանչյուրի դրվածքային հզորությունը 37,6 ՄՎտ է։

Խրամի 2-ի հզորությունը 120 ՄՎտ է, տարեկան միջին արտադրանքը՝ 370 մլն կվտժ։ Այստեղ երկար տարիներ վերանորոգման աշխատանքներ չէին իրականացվել։
1972-ի Խրամի գետը հեղեղել և շարքից հանել էր ՀԷԿ-ը։ 2000-ից ՀԷԿ-ի վերականգնումը ֆինանսավորում էր Ճապոնիայի կառավարությունը։ Ֆինանսների անբավարարության պատճառով 2006-ից աշխատանքները շարունակեց Վրաստանի կառավարությունը, և ՀԷԿ-ի ժամանակավոր կառավարումը ստանձնեց «Ինտեր ՌԱՕ»-ն:
Երկու ՀԷԿ-երն էլ շահագործվում են ամբողջ տարի, և դրանց ընդհանուր հզորությունը, ըստ «Ինտեր ՌԱՕ»-ի, 226,5 ՄՎտ է։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ ՀԷԿ-երի կառավարումը ռուսական ընկերությունը պետք է իրականացներ մինչև 2024-ը։ 2011-ին, սակայն, հայտնի դարձավ, որ Խրամի 1 և Խրամի 2 ՀԷԿ-երը դարձել են «Ինտեր ՌԱՕ»-ի սեփականությունը։ Գործարքի գինը 104 մլն դոլար էր։ Այս որոշումը, ըստ Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների այդ ժամանակվա նախարար Ալեքսանդր Խետագուրիի, տնտեսապես շահավետ էր Վրաստանի համար։ Ըստ նրա՝ «Ինտեր ՌԱՕ»-ն պետք է կառուցեր երեք նոր ՀԷԿ և նախագծում ներդներ 193 մլն դոլար։
Lux Energy Trading
«Ինտեր ՌԱՕ»-ին է պատկանում նաև Lux Energy Trading ՍՊԸ-ի (նախկինում Inter Rao Georgia) 50,01%-ը։ Ընկերությունը զբաղվում է էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով՝ որպես արտահանող, ներմուծող և մեծածախ մատակարար։ Ընկերությունը Վրաստան էլեկտրաէներգիա է ներկրում Ռուսաստանից։
Lux Еnergy Тrading-ի մնացած 49,99% բաժնեմասը Lux Energy Holding ՍՊԸ-ինն է, որը պատկանում է Վրաստանի Էլեկտրաէներգիայի շուկայի պետական օպերատորի (ESCO) նախկին գլխավոր տնօրեն Վախթանգ Ամբոկաձեին։ Վախթանգ Ամբոկաձեի՝ ESCO-ի գործադիր տնօրենի պաշտոնը լքելուց մեկ օր անց նա դարձել է Inter Rao Georgia-ի տնօրեն, որի միակ հաճախորդը 2019-2020 թվականներին եղել է ESCO-ն։ Այս հանգամանքը, ըստ Թրանսփարենսիի, վկայում է հնարավոր կոռուպցիայի մասին։
Դարիալի, Լարսի և Շիլդա ՀԷԿ-եր
2010-ին ստեղծված Energia ՍՊԸ-ին է պատկանում Դարիալի, Լարսի և Շիլդա ՀԷԿ-երի բաժնետոմսերը։ Այս ընկերության 70% բաժնետերը ՌԴ քաղաքացի, ռուսական Pilon ՓԲԸ-ի նախկին ղեկավար Մևլուդի Բլիաձեն է։ Վրաստանի հյուսիսում՝ ՌԴ սահմանին մոտ գտնվող Դարիալի ՀԷԿ-ը 108 ՄՎտ հզորության է։ ՀԷԿ-ը պաշտոնապես բացվել է 2017-ին։

Լարսի ՀԷԿ-ը սկսել է գործել 2014-ին։ Թերգի գետի վրա է՝ ռուս-վրացական անցակետի մոտ։ Ունի 19,5 Մվտ դրվածքային հզորություն։ Շիլդա ՀԷԿ-ը գործարկվել է 2013-ին, այն Կվարելիի շրջանում է՝ Չելտի գետի վրա։ ՀԷԿ-ն ունի 5 ՄՎտ դրվածքային հզորություն։
Sakrusenergo
Էներգետիկ մեկ այլ խոշոր ընկերություն է Sakrusenergo-ն, որի 50%-ը պատկանում է ռուսական պետական «Ռոսսետի» ընկերությանը, իսկ մնացած մասը՝ Վրաստանի Էներգետիկայի նախարարությանը։ Կառավարող խորհրդի ութ անդամներից չորսը ՌԴ քաղաքացի են։
Sakrusenergo-ն ստեղծվել է 1996-ին։ Այս ընկերության հիմնական գործունեությունը Վրաստանում, ինչպես նաև հարևան երկրներում, սեփական բարձրավոլտ էլեկտրագծերի միջոցով էլեկտրաէներգիայի փոխանցումն ապահովելն է։ Ընկերության էլեկտրահաղորդման գծերի մի մասը Ռուսաստանի տարածքում է։
Ինգուրի ՀԷԿ
2008-ի վերջին՝ ռուս-վրացական պատերազմից մի քանի ամիս անց, Վրաստանի էներգետիկայի նախարարությունը և «Ինտեր ՌԱՕ»-ն Ինգուրի ՀԷԿ-ի շահագործման վերաբերյալ ստորագրեցին հուշագիր:

Ինգուրին Կովկասի ամենամեծ ՀԷԿ-ն է՝ վրաց-աբխազական սահմանին։ Ինգուրիի ամբարտակը Վրաստանում է, կառավարման վահանակը՝ Աբխազիայում։ Այսպիսով, ՀԷԿ-ը շահագործվում է համատեղ։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ 1990-ականներին։ Էլեկտրաէներգիայի 60%-ը պետք է մնար Վրաստանին, 40%-ը՝ Աբխազիային։ Աբխազիան, ըստ վրացական կողմի, օգտագործում է շատ ավելի։
Հուշագրի ստորագրումից հետո Վրաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին հայտնել էր, որ Ինգուրի ՀԷԿ-ը համատեղ շահագործելու են ռուսական և վրացական կողմերը։ Նա հավաստիացրել էր, որ Ինգուրիի 100% բաժնետերը եղել է, կա և կմնա պետությունը: Ընդդիմությունը հուշագրի ստորագրումից հետո սուր քննադատել էր Վրաստանի ղեկավարությանը՝ Ռուսաստանի հետ «գաղտնի գործարքի» և վրացական շահերը «վաճառելու» համար։ Չնայած այդ հուշագրին, Ինգուրի ՀԷԿ-ի 100% բաժնետերը այժմ էլ Վրաստանի կառավարությունն է։
Ըստ Թրանսփարենսիի՝ Վրաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի միայն 5%-ն է ստացվում Ռուսաստանի քաղաքացիներին և ընկերություններին պատկանող ՀԷԿ-երից։
Փորձագիտական գնահատական
Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան 70%-ը բաժին է ընկնում ՀԷԿ-երին, ասում է Վրաստանում բնապահպանական խնդիրներով զբաղվող Green Alternative կազմակերպության գործադիր տնօրեն Դաթո Չիպաշվիլին։ Նրա խոսքով` Վրաստանը ներկայում էլեկտրաէներգիայի ներկրման կարիք չունի, խնդիրն արտադրված հոսանքը հավասարաչափ բաշխելն է։
Չիպաշվիլիի խոսքով՝ Վրաստանը գարնանն ունենում է էլեկտրաէներգիայի ավելցուկ, իսկ ամռանն արտադրությունը կրկին նվազում է, և երկիրը փաստի առաջ է կանգնում։ Նա նշում է, որ Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառումն էապես ավելացել է կրիպտոմայնինգի ծավալների ավելացման պատճառով։ Մասնագետը նշում է, որ Վրաստանում վերջին տարիներին ավելանում են արևային կայանները: 2022-ին, նախորդ տարվա համեմատ, դրանց թիվը կրկնապատկվել է։ Կրկնակի աճ է գրանցվել նաև 2023-ին։
«Հիմա մեր արևային կայանների ընդհանուր հզորությունը շուրջ 60 ՄՎտ է: Դա վերաբերում է ոչ միայն ընդհանուր տնային տնտեսություններին, որոնք վահանակներն ակտիվ տեղադրում են տանիքներին, այլև միջին կամ մեծ ընկերություններին: Առավելագույն հզորությունը, որը թույլատրվում է տեղադրել այս պահին, 500 կՎտ է»,- ասում է նա։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարմանը, Green Alternative-ի տնօրենը համարում է, որ Վրաստանն ընդհանրապես կախված չէ Ռուսաստանից։
«Ռուսաստանից ներկրվող էլեկտրաէներգիան Վրաստանի համար չէ, այլ Աբխազիայի: Մենք գիտենք ներկրվող էլեկտրաէներգիայի մասին, քանի որ ընդհանուր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը Ռուսաստանից գալիս է Վրաստան, ապա գնում Աբխազիա»,- ասում է Չիպաշվիլին ու հավելում, որ վերջին տարիներին Վրաստանի կառավարությունը կառուցել է էլեկտրահաղորդման գիծ Կազբեկիից դեպի կենտրոնական ցանց։ Ըստ մասնագետի՝ այն կառուցվել է ռուսական ցանցին ավելի մեծ ինտեգրում ունենալու համար։
«Սա տարօրինակ է, քանի որ մի կողմից մենք խոսում ենք Ռուսաստանից էներգետիկ անկախության մասին, մյուս կողմից կառավարության ծրագրերն ավելի շատ կապված են ռուսական ցանցի հետ: Բացի դրանից, մեր ցանցը սինխրոնացված է ոչ թե ԵՄ, այլ ռուսական չափանիշների հետ: Դրա պատճառով մենք տարբերվում ենք թուրքական մոդելից. թուրքական ցանցը համապատասխանում է ԵՄ չափանիշներին։
Տե՛ս նաև՝ Լույս, գազ, ատոմ և ջուր․ Հայաստանի էներգետիկան և Ռուսաստանը