Իսպանացիները կարող են զրկվել իրենց հավաքականի խաղը դիտելու հնարավորությունից

2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Բելառուս – Իսպանիա հանդիպումը կարող է չցուցադրվել Իսպանիայում: Հաղորդում է AS-ն:

Իսպանական հեռուստաալիքները հրաժարվում են 1.5 միլիոն եվրո վճարել այս հանդիպումը ցուցադրելու համար, քանի որ գտնում են, որ Բելառուս – Իսպանիա հանդիպման ցուցադրության շնորհիվ ստացած իրենց եկամուտներն ավելի քիչ կլինեն, քան վերոնշյալ գումարը:

Վերջնական որոշումը պետք է կայացվի առաջիկա 48 ժամվա ընթացքում, հակառակ դեպքում Իսպանիան կզրկվի հեռուստացույցով իր թիմի խաղը դիտելու հնարավորությունից:

Հեռուստահեռարձակումների իրավունքը պատկանում է գերմանական Sportfive ընկերությանը, որը այս հանդիպման ցուցադրման համար սահմանել էր նախնական 3 մլն եվրո գումարը: Սակայն Իսպանիայում առկա ճգնաժամի պատճառով գերմանացիները նվազեցրին պահանջվող գումարի գինը 2 անգամ, սակայն այդ կերպ ևս չեն կարողանում գնորդ գտնել: