Հայաստանը կվերադարձնի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին

Արխիվային լուսանկար. 2023-ի դեկտեմբերի 13-ին տեղի է ունենում հայ և ադրբեջանցի գերիների փոխանակում

Հայաստանը որոշել է Ադրբեջանին վերադարձնել փետրվարի 28-ին Տեղ գյուղի հատվածում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին, հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի և Ադրբեջանական միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. «Տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ սահմանը հատած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով: Ելնելով վերոգրյալից՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ռուսլան Փենախովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը բավարարվել է»։

Փետրվարի 28-ին ԱԱԾ-ն հաղորդել էր, որ Տեղ համայնքի հատվածում ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը և վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից։ Նա զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահեստատուփով։ Նույն օրը ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել էր, նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել դիվերսիայի փորձ, սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու հոդվածներով։

***

Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։

23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:

Մեկնաբանել