Հունաստանը պատրաստ է «օգնել Հայաստանին այնքան, որքան կարող է»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։

«Տարբեր ոլորտներում մեր համագործակցության խորացումը մեր երկու կառավարությունների կողմից միասնաբար ընդունված օրակարգ է, և ես շատ ուրախ եմ դրա համար։ Իմ այցի ժամանակ հնարավորություն ունեցանք քննարկել մեր երկկողմ օրակարգը, նույնիսկ եռակողմ օրակարգը։ Ես շատ ուրախ եմ, որ մենք միասնական մոտեցում ունենք ապագա անելիքների վերաբերյալ, և շատ ուրախ եմ, որ հաջողել ենք նման դինամիկա ստեղծել։

Իհարկե, մեր երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր բան չէ, կարծում եմ՝ բավականին մեծ փորձ ունենք այստեղ, բայց այս նոր հանգամանքների բերումով հետաքրքրությունն էլ ավելի է աճում, և շատ կարևոր է ունենալ պատշաճ քաղաքական կամք՝ հասցեագրելու այս նոր պահանջները և հնարավորությունները, և կառավարել բոլոր մարտահրավերները։ Եվս մեկ անգամ, ողջունում եմ Ձեզ և շնորհակալ եմ այցի համար»,- հանդիպմանն ասել է Փաշինյանը։

Իր հերթին Հունաստանի պաշտպանության նախարարը նշել է. «Մենք ծավալուն քննարկում ունեցանք պարոն Պապիկյանի հետ, որը նույնպես այցելեց մեզ 2023 թվականի դեկտեմբերին: Իմ այցը տեղի է ունենում նրա Աթենք կատարած այցից հետո։ Այս անգամ մենք շատ գործնական հանդիպում ունեցանք, այսինքն՝ ոչ միայն քննարկումների, այլ նաև գործնական քայլերի առումով։

Վստահ եմ, նա Ձեզ կզեկուցի մեր առաջիկա անելիքների մասին։ Մենք մեզ տեսնում ենք որպես մի երկիր, որը կօգնի Հայաստանին այնքան, որքան կարող ենք՝ հաշվի առնելով մեր պատմական կապերը, նաև այն բանի համար, որ մենք շատ մտերիմ երկրներ ենք, և իսկապես ցանկանում ենք դա անել»:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման քայլերի շուրջ:

Նույն օրը կայացել է Դենդիասի հետ հանդիպել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր։ Արարատ Միրզոյանը Նիկոս Դենդիասին պարգևատրել է ՀՀ բարեկամության շքանշանով՝ Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում, այդ թվում՝ Հունաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ունեցած ավանդի համար։

Մեկնաբանել