Չեմ եկել Հայաստանը փրկելու

Լիլիան Ավետյան, Semina consultings, մարքեթինգ մենեջեր

Իմ ընտանիքը Պարսկաստանից է, սակայն ծնողներս ԱՄՆ են տեղափոխվել, ես Լոս Անջելեսում եմ մեծացել: Շատ հայասեր ընտանիքից եմ: Հայրս ուշի ուշով հետևում էր, որ հայերեն խոսենք, իսկ մայրս, որը հայերենի ուսուցչուհի է, ինձ ու եղբորս գրել-կարդալ է սովորեցրել: Թեև հայկական դպրոց չեմ գնացել, հայկական միջավայրում եմ դաստիարակվել: Համարյա մեկ տարի է, ինչ ապրում եմ Հայաստանում: Այստեղ եկել եմ իբրև կամավոր Birthright Armenia ծրագրով, և առաջին անգամ տեսել Հայաստանը: Մինչ այդ միշտ էլ ցանկացել եմ, սակայն չէի ուզում ամռանը գալ իբրև զբոսաշրջիկ: Դա երկրին ծանոթանալու ամենասխալ ձևն է: Ամռանն ամեն ինչ այլ է՝ քաղաքում շատ օտարներ կան, քո կյանքն էլ այլ կերպ է անցնում` սրճարաններ, աղմուկ, քաղաքի գեղեցիկ կողմն ես տեսնում միայն: Իբրև կամավոր աշխատում էի Pink ՀԿ-ում: Առաջին ամիսներն ապրում էի մի ընտանիքում: Նրանք հասարակ մարդիկ էին, ոչ շատ ապահովված, ու թեև ես ցանկացած պահին կարող էի բնակարան վարձել ու առանձին ապրել, ծրագրի շրջանակում նախատեսված երեք ամիսն նրանց հետ մնացի: Ինձ ամեն ինչ էր հետաքրքիր` նրանց նիստուկացը, սեղանը, խոսակցությունները, շփումը:

Երբ ծրագիրն ավարտվեց՝ հասկացա, որ ուզում եմ մնալ այստեղ: Սկսեցի աշխատանք փնտրել: Ես ավարտել եմ գրականության և հոգեբանության բաժինները, բայց հիմա այլ գործունեությամբ եմ զբաղվում: Ուզում եմ Հայաստանի մասին ավելի շատ իմանալ, այդ պատճառով հասարակական ոլորտում եմ աշխատում: Հիմա երկու տեսակ գործ ունեմ` մեկը մարքեթինգի մենեջերի պարտականությունն է Semina consulting-ում, որը գինիների վաճառքով է զբաղվում, մյուսը` հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը: Զբաղվում եմ ժողովրդավարության զարգացմանն ուղղված գործունեությամբ՝ օգնում եմ կանանց ներգրավվել երկրի սոցիալական և քաղաքական կյանքի մեջ:

Հիմա ապրում եմ ընկերուհուս հետ, որը Կանադայից է: Ծնողներս սկզբում շատ դեմ էին, անհանգստանում էին: Խորհուրդ էին տալիս մի քանի ամիս տեսնել ու վերադառնալ, չէին կարծում, որ Ամերիկայում մեծացած աղջիկը կկարողանա Հայաստանին ընտելանալ: Բայց ամռանը եկան, տեսան՝ ինչպես եմ ապրում, աշխատանքիս ծանոթացան, հասկացան, որ այստեղ էլ ինձ համար հեռանկար կա և հանգստացան:

Մշակութային շոկ այստեղ չեմ ապրել, քանի որ այն, ինչ տեսա հայերի մեջ, ինձ ծանոթ էր: ԱՄՆ-ի հայերը նույնն են: Բայց իսկապես ցնցված էի օրենքներից, ավելի ճիշտ նրանից, թե ինչպես են դրանք այստեղ ընկալվում: Մինչ օրս չեմ կարողանում համակերպվել, որ Հայաստանում օրենքը տարբեր մարդկանց համար տարբեր է:

Ես Լոս Անջելեսում եմ մեծացել, այնպես որ Հայաստանն ինձ համար շատ անվտանգ ու ապահով երկիր է:

Հայաստանում շատ սիրեցի այն, որ մարդիկ տաք են, միմյանց հետ սիրով են շփվում, ջան են ասում: Ինձ համար դա շատ կարևոր է: Այնտեղ այդպես չէ, զգացմունքներ չկան, կյանքը շատ արագ է, մարդիկ չեն շփվում: Այստեղ մարդիկ աշխատում են, սովորում, բայց օրվա վերջում կարող են նստել և վայելել շփումը միմյանց հետ: Մարդկանցից այստեղ միայն լավ վերաբերմունք եմ տեսել: Չեմ եկել Հայաստանը փրկելու: Հակառակը՝ իմ եկած պահից ինձ են այստեղ օգնել` գործով, բնակարանով ապահովել:

Գիտակցում եմ, որ շահեկան կարգավիճակում եմ այստեղ, քանի որ լեզուներ գիտեմ, արտասահմանում լավ կրթություն եմ ստացել, կարող եմ գործ անել Հայաստանի համար: Թեև հայաստանցիների հետ նույն պայմաններն եմ կիսում, գիտեմ, որ ծնողներս ինձ կարող են ցանկացած պահին օգնել, եթե որևէ բան սխալ ընթանա, աշխատանք չունենամ, կարող եմ գնալ ԱՄՆ: Բայց ինձ համար հիմա այստեղ ապրելը շատ ավելի հեշտ է, քան ԱՄՆ-ում: Շատերն ինձ չեն հասկանում, բայց չեն էլ հասկանա, մինչև չգան ու չփորձեն:

Հայերը պետք է Հայաստանում ապրեն: Դա շատ բնական գաղափար է ինձ համար: Այս երկրում կարող ես անել այն, ինչ ուզում ես: Իհարկե, հեշտ չէ, ծանր է վիճակը, աշխատանք չկա, բայց եթե ուզում ես, կարող ես այստեղ ստանալ այն ամենը, ինչ պետք է: Իմ ապագան հենց Հայաստանի հետ եմ կապում: Ուզում եմ երեխաներս այստեղ մեծանան, որովհետև սա ընտանիքի երկիր է: ԱՄՆ-ում մտածում էի, որ կյանքս պիտի վայելեմ, դեռ միայն ինձ համար ապրեմ, բայց այստեղ ամեն քայլափոխի երիտասարդ ընտանիքներ եմ տեսնում և շատ եմ ուզում ինքս էլ ունենալ:

Պատրաստեց Մարիա Հովսեփյանը RepatArmenia.org-ի հետ համատեղ

Մեկնաբանել