Ամերիկյան Atlantic Council-ի՝ DFRLab-ը՝ Թվային փորձագիտական հետազոտությունների լաբորատորիան (Digital Forensic Research Lab), որը բացահայտում է ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերը, հետաքննություն է իրականացրել Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի տեղեկատվական պատերազմի և կիրառվող գործիքների մասին։ «Ականահարելով Ուկրաինան։ Ինչպես Ռուսաստանն ընդլայնեց իր համաշխարհային տեղեկատվական պատերազմը 2023-ին» վերնագրված հոդվածի մի քանի հատված թարգմանաբար ներկայացված է ստորև։ Ենթավերնագրերը՝ ՍիվիլՆեթի։
Ռուսաստանը նոր գործիքներ է սկսել կիրառել՝ ի լրումն ավանդական պետական լրատվամիջոցների
Մինչ Ուկրաինայում ընթացող լայնածավալ պատերազմը թևակոխում է իր երրորդ տարին, Ռուսաստանը կրկնապատկել է Կիևի միջազգային հեղինակությունը խարխլելու նպատակով գլոբալ մակարդակով գործադրվող ջանքերը՝ փորձելով հասնել նրան, որ նվազեցվի Արևմուտքից տրամադրվող աջակցությունը և խաթարվի Ուկրաինայի ներսում տիրող բարոյահոգեբանական վիճակը։ Ոչ միայն պետության կողմից հովանավորվող լրատվամիջոցների, ինչպիսիք են Russia Today-ը (RT) և Sputnik-ը, այլև Telegram-ում, TikTok-ում, X-ում և սոցիալական այլ հարթակներում Ռուսաստանի ակտիվության տարիների մանրակրկիտ մշտադիտարկումը հանգեցնում է մեկ եզրակացության. քարոզչական պատերազմում Ռուսաստանն ամբողջությամբ հավատարիմ է մնում ողջ աշխարհում տեղեկատվական գործողություններ իրականացնելուն՝ խաղալով երկարատև խաղ, որպեսզի դիմակայի Ուկրաինայի դաշնակիցների միջև ցանկացած միասնության և համառորեն շարունակի դիմակայությունն այնքան, քանի դեռ Ուկրաինան չի կորցրել պայքարելու կամքը:
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբնական փուլում Արևմուտքի կիրառած պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանը կորցրեց պետական ֆինանսավորում ստացող իր լրատվամիջոցներով եվրոպական լսարանի որոշ հատվածների նկատմամբ հասանելիությունը: Սակայն այդ ժամանակից ի վեր Ռուսաստանը փոփոխություններ է մտցրել իր քարոզչական գործունեության մեջ, որպեսզի ավելի շատ կենտրոնանա սոցիալական մեդիայի վրա։ Ի հավելումն Ուկրաինայի պաշտպանության նպատակով ֆինանսավորում տրամադրելու հարցում արևմտյան երկրներում հանրային աջակցությունը թուլացնելու փորձերի՝ Ռուսաստանն ընդլայնել է թիրախային քարոզչական ջանքերն աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում:
Իսկ Ուկրաինային աջակցելու հարցում Արևմուտքն իսկապես տատանվում է, հատկապես Վաշինգտոնում, որտեղ Կոնգրեսում ամիսներ շարունակ հետաձգվում է Ուկրաինային տրամադրվելիք լրացուցիչ օգնությունը: Ուկրաինա զենք և գումար ուղարկելու նախաձեռնությանն աջակցելու՝ ընտրողների և օրենսդիրների որոշման վրա բազմաթիվ գործոններ են ազդում։ Անկախ նրանից, թե ռուսական քարոզչությունը որոշիչ դեր խաղացել է դրանում, թե ոչ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տեղեկատվական պատերազմի հստակ նպատակն է հասնել նրան, որ Ուկրաինայի պաշտպանության նպատակով Արևմուտքի տրամադրած նյութական աջակցությունը նվազի։ Եվ շնորհիվ մարտի դաշտում վերջին հաղթանակների, ինչպիսին է ուկրաինական Ավդեևվկա քաղաքի գրավումը, նաև՝ քարոզչական հաղթանակները, ինչպիսին է Ռուսաստանում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահը, Պուտինի դիրքերը երկրի ներսում և դրսում ամուր են, քան երբևէ:
Առնվազն 2014-ից ի վեր Ռուսաստանն ակտիվ քարոզչական միջոցներ է կիրառել Ուկրաինային թուլացնելու և հեղինակազրկելու համար, ինչպես ամբողջ աշխարհում իրենց շարունակական մշտադիտարկման ջանքերի շնորհիվ մանրամասն փաստագրել են DFRLab-ի հետազոտողները: 2022-ի փետրվարյան ներխուժմանն ընդառաջ Ռուսաստանը կիրառեց ապատեղեկատվություն, մանիպուլյացիաների միջոցով ձևավորվեց պատերազմի մասին պատմույթ, որպեսզի արդարացնի իր ռազմական գործողությունները, քողարկի պատերազմի պլանավորումը և հրաժարվի պատերազմի համար որևէ պատասխանատվություն կրելուց: Եվ ինչպես DFRLab-ն է մանրամասնում 2023-ի փետրվարին հրապարակած իր շրջադարձային զեկույցում՝ վերնագրված «Թուլացնելով Ուկրաինան. ինչպես է Կրեմլը տեղեկատվական գործողություններն օգտագործում՝ խարխլելու Ուկրաինայի նկատմամբ գլոբալ վստահությունը», 2022-ի ներխուժումից հետո Ռուսաստանի տեղեկատվական ռազմավարությունն սկսեց փոխվել՝ կենտրոնանալով Ուկրաինայի դիմադրողականությունը թուլացնելու վրա: Ռուսաստանի կողմից Ուկրաինայի թուլացման վերաբերյալ առաջին հրապարակման շարունակությունը հանդիսացող այս զեկույցում մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես Ռուսաստանը հետագայում ամրապնդեց այդ ջանքերը ամբողջ 2023-ի ընթացքում և մշակեց նոր ուղերձներ և մեթոդներ՝ միաժամանակ շարունակելով կիրառել նախկին արդյունավետ միջոցները:
Ռուսաստանի տեղեկատվական մարտավարությունը Հայաստանում
DFRLab-ի հետազոտողները դիտարկել են Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասում և Մոլդովայում թիրախավորված ուղերձների մարտավարության կիրառում, որը կարծես իրականացվել է երկու նպատակով՝ նվազեցնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը, միաժամանակ հասարակությունները պառակտել ներսից և ազդեցություն ձեռք բերել տեղում: Օրինակ՝ ռուսամետ դերակատարներն օգտվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչող քննադատություններից այն բանից հետո, երբ հարևան Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը։ Կրեմլի պաշտոնյաները, քարոզիչները և ինֆլուենսերները Telegram-ում հակակառավարական տրամադրություններ հրահրեցին և կոչ արեցին տապալել Փաշինյանին և նրա կառավարությունը: Ադրբեջանում Կրեմլն օգտագործեց ռուսաց լեզվի ազդեցությունը ակադեմիական շրջանակների, փոխանակման դասընթացների և համալսարանների միջոցով՝ միաժամանակ շահարկելով երկրում անկախ լրատվամիջոցների բացակայությունը: Ուկրաինա 2022-ի փետրվարյան ներխուժումից հետո Վրաստանի «Վրացական երազանք» կուսակցության գլխավորած կառավարությունն ընդլայնեց իր հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական մակարդակում՝ Վրաստանում հնարավոր պատերազմի վերաբերյալ հանրության շրջանում առկա վախերն օգտագործելով կառավարության ռուսամետ դիրքորոշումը է՛լ ավելի ամրապնդելու նպատակով: Իսկ Մոլդովայում Ռուսաստանն զբաղվեց էներգետիկ շանտաժով և պատերազմ հրահրելով՝ տարածելով կեղծ պատմույթ այն մասին, թե Մոլդովան, Ուկրաինան կամ ՆԱՏՕ-ն ծրագրում են ռազմական միջամտություն իրականացնել Ռուսաստանի աջակցությունն ստացող Մերձդնեստրի անջատողական շրջանում:
Վերջին տարիներին Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ վատթարացել են, իսկ 2023-ի վերջին այդ հարաբերություններում, ի վերջո, արձանագրվեց նոր ցածրակետ, երբ Հայաստանը կորցրեց Լեռնային Ղարաբաղը։
2020-ին Ադրբեջանի հետ Հայաստանի պատերազմից հետո Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվեց, ինչից հետո Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով (որը պատերազմից հետո մնում էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային միակ կապը) մոտ 2000 խաղաղապահ տեղակայեց հինգ տարի ժամկետով՝ ժամկետի երկարաձգման հնարավորությամբ: Երբ զինադադարի համաձայնագիրն ուժի մեջ մտավ, Հայաստանում ռուսական ազդեցության նվազման հավանականությունը փոքր էր թվում, քանի որ այն կախված էր Ռուսաստանից:
2022-ի սեպտեմբերին Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումը, սակայն, ցույց տվեց, որ Ռուսաստանը և նրա գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չեն կատարում ստանձնած պարտավորությունները։ Ռուսաստանը, քանի որ շարունակում էր պատերազմն Ուկրաինայի դեմ, դադարեցրել էր Հայաստանին զենքի մատակարարումը, իսկ Հայաստանն իր հերթին շարունակաբար հրաժարվում էր մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին։ Երկու հանգամանքներն էլ հանգեցրին հարաբերությունների հետագա վատթարացմանը:
Այդ ընթացքում ռուսական քարոզչամեքենան Հայաստանի կառավարությանն անողոքաբար մեղադրում էր երկու երկրների հարաբերությունները սրելու մեջ։ 2023-ի սեպտեմբերի 8-ին ՌԴ ԱԳՆ կանչվեց ՌԴ-ում Հայաստանի դեսպանը և նախազգուշացվեց Հայաստանի կողմից մի շարք «ոչ բարեկամական քայլերի», այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի համատեղ զորավարժությունների, Ուկրաինա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ մարդասիրական այցի և Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը վավերացնելու վերաբերյալ Հայաստանի այն ժամանակվա ծրագրերի մասին։ Ռուսաստանը նաև դժգոհություն հայտնեց Հայաստանի կողմից Sputnik լրատվական գործակալության ռուսամետ սյունակագրի և բլոգերի կալանավորման կապակցությամբ։
Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ին տասը ամիս տևած շրջափակումից հետո, Ադրբեջանը, ռուս խաղաղապահների հսկողության պայմաններում, հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, ինչի արդյունքում լիակատար վերահսկողություն ձեռք բերեց այս տարածքի նկատմամբ և իրականացրեց հայերի էթնիկ զտում։
Այս իրադարձության հետևանքով Հայաստանում բողոքի ցույցեր սկսվեցին, ինչին նպաստեց նաև Ռուսաստանը: 2023-ի սեպտեմբերին DFRLab-ը վերլուծել է Կրեմլի գեներացրած պատմույթներն ու կիրառած քարոզչությունը, որոնց նպատակն էր շեղել ուշադրությունը ճգնաժամի առաջացման հարցում պատասխանատվության իր մասից։ Լաբորատորիան ուսումնասիրել է նաև Ռուսաստանի հետ Հայաստանի վատ հարաբերությունների և Ադրբեջանի հետ պատերազմի համար Փաշինյանին որպես պատասխանատու կողմ ներկայացնելու նպատակով գործադրված ջանքերը։ Այդ պատմույթներից մեկը, որը տարածվել է հիմնականում ռուսական լրատվամիջոցներում և տելեգրամյան գրառումներում, նպատակ ուներ Փաշինյանին որպես դավաճան ներկայացնել։ Հայաստանում քաղաքացիական խռովությունների ամենաթեժ պահին կրեմլամետ տելեգրամյան ալիքները բորբոքում էին հանրային զայրույթը՝ տարածելով կեղծ տեղեկություններ և խրախուսելով կառավարության տապալումը:
Ռուսական քարոզչամեքենան Հայաստանին պարբերաբար թիրախավորում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ պատմույթներով, որպեսզի խթանի ռուսամետ պնդումը, թե և՛ Զելենսկին, և՛ Փաշինյանը արևմտյան խամաճիկներ են։ Այս մարտավարությունը նպատակ ուներ Լեռնային Ղարաբաղն օգտագործելով՝ շահարկել հայկական տրամադրությունները՝ բացասական համեմատություններ անցկացնելով Հայաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև, ինչի նպատակն էր թուլացնել և հեղինակազրկել Ուկրաինան: Դրանք պնդում էին, թե Փաշինյանը որոշել է Արևմուտքի հետ իր կապերն ամրապնդել՝ ի հաշիվ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների։
2023-ի հոկտեմբերի 3-ին, չնայած Ռուսաստանի բազմաթիվ նախազգուշացումներին, Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը, որը երկրին պարտավորեցնում է կատարել Միջազգային քրեական դատարանի որոշումներն ու կարգադրագրերը, ներառյալ՝ Պուտինին ձերբակալելու պարտավորությունը, եթե նա ոտք դնի Հայաստան: Ավելի ուշ՝ հոկտեմբերի 25-ին, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանն ասաց, որ այլևս օգուտ չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաները պահպանելու հարցում։ Հարցազրույցը տեղի ունեցավ երկու օր անց այն բանից հետո, երբ Հայաստանն ստորագրեց Ֆրանսիայի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, որը ներառում է զենքի վաճառք:
Ավելի ուշ նույն ամսվա ընթացքում ռուսական պետական Առաջին ալիքը հեռարձակեց մի հաղորդում, որում Փաշինյանը ներկայացվում էր որպես արևմտյան խամաճիկ, որը խնդիրներ ունի հոգեկան առողջության հետ: Հաղորդման «Նիկոլ Փաշինյան. աղետը գուժողը» վերնագրված հատվածում բացասական համեմատություններ էին արվում Փաշինյանի, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Զելենսկու միջև՝ ամրապնդելով պատմույթը, թե երեքն էլ արևմտյան խամաճիկներ են: Հաջորդ օրը Հայաստանը բողոքի նոտա հղեց Հայաստանում ՌԴ դեսպանին։
Չնայած քաղաքական կապերի վատթարացմանը՝ Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսական կապերը խորացան, իսկ 2022-ին արտահանումը եռապատկվեց: 2022-ին Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը զգալիորեն ուժեղացրել է իր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Երկրի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ դեպի Ռուսաստան արտահանման մեծ մասը վերաարտահանվող ապրանքներ են։ Այսպիսով, այլ երկրներից իր տարածքով ապրանքներ արտահանելով Ռուսաստան՝ Հայաստանը բավարարում է ռուսական շուկայի որոշ կարիքներ, որոնք առաջացել են Ուկրաինա Ռուսաստանի կրկին ներխուժելու հետևանքով կիրառված պատժամիջոցների արդյունքում։
Հայաստանը մեծ կախում ունի Ռուսաստանից ներկրվող էներգետիկ ռեսուրսներից. 2022-ին այն Ռուսաստանից ներմուծել է երկրում սպառվող գազի 87,7 տոկոսը։ Այս կախվածությունը կարևոր է բարենպաստ գների և սահմանափակ ինքնաբավության (20-30 տոկոս) պատճառով։ Հաշվի առնելով ռուսական գազին այլընտրանքի բացակայությունը և Հայաստանի՝ տեղական կամ այլ երկրներից ներմուծման միջոցով իր էներգետիկ կարիքները հոգալու անկարողությունը, ռուսական գազի մատակարարումը և դրա գինը շարունակում են մնալ որպես շանտաժի գործիք։ Օրինակ՝ 2022-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժելուց երկու ամիս անց Հայաստանը համաձայնեց ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։ Հայաստանը նաև ճանաչվեց դեպի Ռուսաստան կամ Բելառուս արգելված ապրանքների տարանցման հնարավոր կետ, ինչի հետևանքով 2023-ին հայկական երկու ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին։