Սյունիքում կուտակումներ չկան, իրադրությունը հարաբերական կայուն է․ ԳՇ պետ

Սյունիքում կուտակումներ չկան, օպերատիվ իրադրությունը հարաբերական կայուն է։ Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«ՀՀ զինված ուժերը ուշի-ուշով հետևում են հակառակորդի շարժերին, կուտակումներ չկան։ Օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն»,- ասել է նա։

Ասրյանի խոսքով՝ Հայաստանի զինված ուժերը զբաղեցրած բնագծում կատարում են իրենց առջև դրված խնդիրները․ «Եթե կասկածում եք՝ այցելեք ու համոզվեք։ Շփման գիծը ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որ և՛ հակառակորդի, և՛ մեր կողմից կան դիրքեր։ Եթե հակառակորդն ունի 20 դիրք, ապա այդքան էլ մենք ունենք, քանակը չբացահայտեմ»։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների հարցին, Գլխավոր շտաբի պետը նշել է․ «Հայաստանը ՀԱՊԿ-ից դեռևս դուրս չի եկել։ Իսկ թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը՝ այդ հարցը գաղտնիք է»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ ՀՀ զինված ուժերում ՀԱՊԿ-ի հետ համատեղ կառուցվածքներ կան, Ասրյանն արձագանքել է․ «Բանակում համատեղ կառուցվածքներ կան թղթի վրա»։

Մեկնաբանել