«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Պապոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար։ Համապատասխան հրամանագիրը հրապարակված է նախագահի կայքում։
Փետրվարի 24-ին «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը հավանության էր արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ Փետրվարի 26-ին Պապոյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:
***
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Փետրվարի 16-ին Քերոբյանի նկատմամբ դատարանի որոշմամբ նշանակվեց տնային կալանք՝ երկու ամսով։
Հունվարի 31-ին Քննչական կոմիտեն հաղորդել էր կոռուպցիոն չարաշահումներին առնչվող վարույթներով 7 անձի ձերբակալության մասին։ Կոռուպցիոն գործով ձերբակալվել էին էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովանեսյանը, ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը և այլ անձինք։ «Սիներջիի» երեք ներկայացուցիչների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, իսկ էկոնոմիկայի փոխնախարարի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Փետրվարի 12-ին Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցը կալանավորումը փոխվել է տնային կալանքի։ Փետրվարի 21-ին էլ փոխել էր «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովանեսյանի խափանման միջոցը, նրա նկատմամբ կիրառվել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։