Կանայք Հայաստանի աշխատուժի 52 տոկո՞սն են կազմում. վիճահարույց տվյալները կրկին տարածվում են

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Լրատվամիջոցներում մարտի 3-ին տարածվել է տեղեկություն, թե կանանց զբաղվածության մակարդակով աշխարհում առաջին տեղում Հայաստանն է։

«Կանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում է Հայաստանը. ցուցանիշը կազմում է 52,76 տոկոս»,- գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում անելով Համաշխարհային բանկի բաց տվյալներին։

Այս տեղեկությունը տարածվել էր նաև 2023-ի դեկտեմբերին. պարզվել էր, որ այն չի համապատասխանում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած ազգային տվյալներին, ըստ որոնց՝ կանայք Հայաստանի աշխատուժում ավելի ցածր տոկոս են կազմում։

Ինչպե՞ս է վերաշրջանառվել հին տեղեկությունը

Համաշխարհային բանկի տվյալները մարտի 3-ին կրկին վերաշրջանառել է Sputnik Armenia-ն՝ հղում անելով ռուսական «Ռիա նովոստի» գործակալությանը։ Հատկանշական է, որ «Ռիա նովոստի»-ի կայքում և սոցիալական ցանցերի էջերում մեզ չհաջողվեց գտնել վերջին օրերին հրապարակված՝ նման տվյալներով հոդված։

«Հայկական ժամանակ», Freenews.am, medianews.site, «Ազգ», aysor.am, Hraparak.am, iravunk.com և մի շարք այլ կայքեր շրջանառել են այս տեղեկությունը։

Համաշխարհային բանկի կայքում նշված այս տվյալները, որոնք վերաբերում են 2022-ին, ակտիվ տարածվել ու բուռն քննարկումների առիթ էին դարձել նաև 2023-ի վերջին։

Մինչդեռ, Infocom-ի մեր գործընկերները պարզել էին, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022 Հայաստանի աշխատուժի միայն 43,97 տոկոսն են կանայք եղել։

«2022 թվականին Հայաստանի աշխատուժը կազմել է մոտ 1 մլն 311 հազար 300 մարդ՝ մշտական բնակչության շուրջ 44%-ը։ Աշխատուժում ներգրավված կանանց թիվը կազմել է 576 հազար՝ ընդհանուրի 43,97%-ը, իսկ տղամարդկանց թիվը՝ մոտ 734 700, որն ընդհանուրի 56,03%-ն է»,- գրել է Infocom-ը՝ հղում անելով Վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2023» ժողովածուին։

Տվյալների տարբերության հնարավոր պատճառները

Վիճակագրական կոմիտեի՝ Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը մի շարք հնարավոր պատճառներ էր նշել երկու կառույցների տվյալների նման ահռելի տարբերության համար, որոնց թվում են՝ հաշվարկների մեթոդանաբական տարբերությունները։

Քալանթարյանը հայտնել էր, որ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) օգտագործում է երկրի սկզբնական տվյալները, սակայն կազմակերպության ամենակարևոր առաքելություններից մեկն է նաև ապահովել երկրների միջև համադրելիությունը։ «Հաշվի առնելով, որ երկրները այդ ցուցանիշների հաշվարկման տարբեր պրակտիկաներ ունեն, ԱՄԿ-ն միասնական մեթոդաբանություն է մշակում արդեն ազգային տվյալների հիման վրա՝ հնարավորինս նույնականացնելով միջազգային համադրումները»,- պարզաբանել էր Լուսինե Քալանթարյանը։

Մանրամասները սկզբնաղբյուրում՝ https://infocom.am/hy/article/120124

Քալանթարյանը նաև հայտնել էր, որ կդիմի Աշխատանքի միջազգային կազմակերպությանը՝ տվյալները ճշտելու համար։ #CivilNetCheck-ի հետ զրույցում Քալանթարյանը կրկին հաստատեց, որ ազգային վիճակագրության տվյալներն ավելի ճշգրիտ են և արտացոլում են իրականությունը։

Նրա խոսքով՝ 2023-ի տարեվերջին Համաշխարհային բանկի կազմակերպած միջոցառմանը ՀԲ փորձագետների մոտ բարձրացրել է այս խնդիրը, սակայն մինչ այժմ չի դիմել Աշխատանքի միջազգային կազմակերպությանը, ինչը կանի մոտ մոտ ապագայում։

Մեկնաբանել