Հայաստանի և Եգիպտոսի ղեկավարները քննարկել են անվտանգային և տնտեսական հարցեր

Պաշտոնական այցով Կահիրեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հայաստանի և Եգիպտոսի ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներին առնչվող հարցեր․ «Երկուստեք կարևորվել է խաղաղության և կայունության ամրապնդումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում։

Փաշինյանը Եգիպտոսի գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ և անդրադարձել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներին: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի կառավարության քայլերին:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են նաև տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ավիահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի ոլորտներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:

«Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի Եգիպտոս-Հայաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Եգիպտոսի հետ կապերի ընդլայնման ու խորացման գործում: Վարչապետը կարևորել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումն ու խորացումը և առկա ներուժի իրացման գործում ընդգծել գործարար կապերի զարգացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Նիկոլ Փաշինյանի և Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Եգիպտոսի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարարության միջև ստորագրվել է տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի գյուղատնտեսության և հողերի բարելավման նախարարության միջև ստորագրվել է գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության մասին 2024-2026 թվականների իրականացման ծրագիրը: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև էլ ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

***

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի 2023-ի հունվարին այցելել էր Հայաստան, հանդիպել ՀՀ նախագահի և վարչապետի հետ։ Դա Եգիպտոսի նախագահի առաջին այցն էր Հայաստան։ Երևանում Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Մեկնաբանել