Հայաստանում «31 անկլավներ» չկան. տարածվող ինֆոգրաֆիկան մոլորեցնող է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Համացանցում տարածվում է տեղեկություն, թե կառավարությունը հաստատել է, որ «Հայաստանի 31 գյուղեր օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից»։ Կից տարածվում է նաև քարտեզ, որում բնակավայրերը նշված են որպես «Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող անկլավներ»։

Այս տեղեկության սկզբնաղբյուրը «Սպուտնիկ-Արմենիա» գործակալության մարտի 3-ի հրապարակումն է, որի մոլորեցնող ինֆոգրաֆիկան տարածել են tert.am, news.am, yerkir.am, pastinfo.am, mamul.am, aysor.am, 168.am և մի շարք այլ լրատվական կայքեր։

Տարածում ստացած «Սպուտնիկ-Արմենիայի» մոլորեցնող ինֆոգրաֆիկան

Նշված գյուղերը անկլավներ չեն և օկուպացված չեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի փետրվարի 15-ի կառավարության նիստում հայտնել է, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի ոչ անկլավային 31 գյուղերի «կենսական նշանակության տարածքներ»։

«Իսկ ի՞նչ է ուզում Ադրբեջանը։ Նկատել եք իհարկե, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձևակերպում, չորս գյուղերի տարածքների մասին՝ միևնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում ՀՀ-ի 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ»,- ասել է Փաշինյանը՝ կրկին հստակեցնելով, որ խոսքը ոչ անկլավային գյուղերի մասին է։

Այսինքն՝ խոսքը ոչ թե նրա մասին է, որ նշված գյուղերը անկլավային տարածք են (Անկլավը օտար պետության սահմանների մեջ գտնվող և այդ պետությանը չպատկանող տարածք է) կամ գյուղը օկուպացված է, այլ այն, որ սահմանամերձ բնակավայրերի վարչական տարածքների որոշ մասեր՝ օրինակ գյուղի արոտավայրերը, գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ։

Նույն հայտարարությունը վարչապետ Փաշինյանը հնչեցրել էր նաև ավելի վաղ՝ 2024-ի հունվարի 13-ին, սակայն այդ անգամ նշելով ոչ թե 31, այլ 32 գյուղի մասին՝ կրկին ընդգծելով, որ խոսքը գյուղերի «կենսական նշանակության տարածքների» մասին է։

Բացի դրանից, տարածվող ինֆոգրաֆիկայում քարտեզի վրա կարմիր կետերով նշված են բնակավայրերը, ոչ թե այդ բնակավայրերի վարչական շրջանների՝ Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող հատվածները։

Անկլավներ և էքսկալվներ

Հայաստանի միակ էքսկլավը Արծվաշենն է (անկլավ Ադրբեջանի համար), որն արցախյան առաջին պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ և ընդհանուր սահման չունի ՀՀ-ի հետ։ Նույն կերպ, Խորհրդային Միության քարտեզների համաձայն, Հայաստանում կան չորս ադրբեջանական անկլավներ, որոնք էքսկլավ են հանդիսանում Ադրբեջանի համար՝ Տիգրանաշենը (Քյառքի), Վերին Ոսկեպարը, Ազատամուտի վարչական տարածքում գտնվող Բարխուդարլու-Սոֆուլուն։

Անկլավները չեն մտնում ՀՀ-ի 29 800 կիլոմետրի մեջ. Նիկոլ Փաշինյան

Ընդ որում, Ադրբեջանը Հայաստանից պահաջնում է ոչ թե չորս, այլ ութ գյուղեր։ Ադրբեջանի պնդմամբ՝ դրանցից չորսը ոչ անկլավային են և «պետք է վերադարձվեն առանց որևէ պայմանի, իսկ մնացած չորս անկլավային գյուղերի հետ կապված պետք է առանձին փորձագիտական ​​խումբ ստեղծվի»։ Միաժամանակ, Ադրբեջանը հերքում է 31 գյուղերի օկուպացիան և վարչապետ Փաշինյանի պնդումը որակում որպես «քաղաքական մանիպուլյացիա»։

Մոլորեցնող տեղեկությունը տարածող էջերից մեկը նաև հետո հրապարակել է կառավարության ուղարկած պաշտոնական գրությունը, որտեղ ևս խոսք չկա գյուղերի՝ անկլավ հանդիսանալու կամ օկուպացված լինելու մասին։ Կրկին նշվում է բնակավայրերի «կենսական նշանակության տարածքների» Ադրբեջանի կողմից օկուպացիայի մասին։

  • Չեմ կարողանում պատճառ հասկանալ, թե ինչու են օգտագործվում օտար բառեր, օրինակ՝ «օկուպացված»՝ գրաւածի փոխարեն, երբ մեր բառապաշարում կան կատարյալ գործող հայերեն բառեր: Ես հասկանում եմ, որ լեզուները զարգանում են ժամանակի ընթացքում, բայց դա ծիծաղելի է և ենթադրում է նախապատվություն օտարին մեր իսկ հարուստ մշակույթի նկատմամբ: Կակնկալեի, որ լրագրողական համայնքը ավելի մեծ ջանքեր ներդնի հայոց լեզուն հայերեն պահելու համար։

Մեկնաբանել