Ազնավուրի արձանի էսքիզի շուրջ՝ ծայրահեղ հակադիր կարծիքների հեղեղ

Սոցցանցերի հայկական տիրույթում հերթական աղմուկը բարձրացավ մայրաքաղաքում դրվելիք հերթական արձանի շուրջ։ Վերջին տարիներին և դրանից առաջ էլ չի եղել դեպք, որ որևէ արձանի տեղադրումը կամ նույնիսկ մրցույթն ու այդպիսի մրցույթում հաղթած էսքիզն անգամ բուռն խոսակցությունների առիթ չտան։ Սա, կարծես թե, բնական է, որովհետև կարող ես անհաջող ներկայացումը կամ ֆիլմը չնայել կամ կեսից լքել դահլիճը, կարող ես գիրքը չկարդալ, բայց արձանը, ուզես, թե չուզես, դառնում է քո միջավայրի մի մասը, քո կենցաղի, տրամադրության, մտածողության վրա ազդող գործոն։ Այս անգամ վեճերը Շառլ Ազնավուրի արձանի համար հայտարարված մրցույթում հաղթած՝ քանդակագործ Դավիթ Մինասյանի նախագծի շուրջ են։

Սկզբում որոշվել էր, որ ֆրանսիական մշակույթի խոշորագույն դեմքերից մեկի, հայ-ֆրանսիական բարեկամության ու աշխարհում հայության ճանաչելիության խորհրդանիշ դարձած մեծանուն երգչի, կոմպոզիտորի ու բանաստեղծի արձանը դրվելու է Երևանի Ֆրանսիայի հրապարակում։

Այսպես կոչված՝ Օպերայի «կոլցևոյում» արդեն իսկ դրված էր Օգյուստ Ռոդենի հեղինակած «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» արձանը, որը Երևանի քաղաքապետարանը որոշել էր տեղափոխել մեկ այլ վայր։ Հայտարարվեց մրցույթ, սակայն ներկայացված էսքիզներից որևէ մեկը չբավարարեց հանձնաժողովին ու Ազնավուրի ժառանգներին։ Հայտարարվեց երկրորդ մրցույթը, բայց այս անգամ արդեն նախապես որոշվել էր, որ հանգիստ կթողնեն Ռոդենի «Լըպաժին», իսկ Շառլի արձանը կտեղադրեն իր անունը կրող հրապարակում։

Երկրորդ մրցույթին գրանցվեց հաղթող էսքիզ, և ծայրահեղ հակադիր կարծիքների հեղեղ սկսվեց անմիջապես։ Դավիթ Մինասյանին ու նրա էսքիզը հավանողները հեղինակին կոչեցին ընդուպ մինչև աշխարհի այսօրվա ամենատաղանդավոր քանդակագործներից մեկը, մյուսները Ազնավուրի արձանի նախօրինակը կոչեցին մեր քաղաքին անվայել սիրողական գործ։ Ընդ որում, երկու կողմում էլ կան թե՛ մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ և թե՛ առհասարակ երևանցիներ։ Սակայն չհավանողների կողմից հնչում է մի շատ տեղին հարց՝ քանի՞ քանդակագործ է եղել հանձնաժողովում։ Պարզվում է՝ ընդամենը մեկ։

Նույնքան տեղին կհնչի նաև երկրորդ հարցը՝ քանի ճարտարապե՞տ է եղել հանձնաժողովում, որովհետև չափազանց կարևոր է, թե որևէ արձան, անկախ իր գեղարվեստական արժանիքներից, անթերի կամ կատարյալ լինելուց, որքանո՞վ է ներդաշնակվում ճարտարապետական միջավայրին, հարստացնո՞ւմ է այն, թե” աղճատում։

Ազնավուրի հրապարակը, որը քաղաքի սրտում է, նախատեսված է եղել Ալեքսանդր Թամանյանի հատակագծով, սակայն իր այսօրվա տեսքն ստացել է մի քանի տասնամյակի ընթացքում, երբ կառուցվել են Մոսկվա կինոթատրոնը, Նկարիչների տունը, Ռուսական թատրոնը և Երևան հյուրանոցի հետ կազմել մեկ ներդաշնակ ամբողջություն։ Հրապարակի կենտրոնում տիեզերքի տասներկու համաստեղությունները խորհրդանշող շատրվաններով շրջանաձև ջրավազան է։ Որքանո՞վ է Ազնավուրի արձանի հաղթած օրինակը մերվելու այս ճարտարապետական ընդհանրությանը, միջավայրին՝ դժվար է ասել։

Արդեն նշեցինք, որ մայրաքաղաքում դրված յուրաքանչյուր արձան կամ դրանց մեծ մասը տարատեսակ վեճերի պակաս չեն ունեցել։ Շատերը կհիշեն՝ Առնո Բաբաջանյանի արձանի տեղադրմանը հաջորդած մեծ աղմուկն ու քննադատությունը։ Բանն այնտեղ հասավ, որ կտրեցին կոմպոզիտորի եղունգները։ Բայց քննադատության տարափը չդադարեց։ Այսօր այդ արձանն, ըստ մասնագետների և պարզապես երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի, լավագույնն է մեր քաղաքում։

Դավիթ Մինասյանն արդեն իսկ հասցրել է Երևանում, Ծաղկաձորում և այլ տեղերում մի քանի արձան կերտել։ Դրանցից վերջինը՝ Արամ Մանուկյանի արձանը, նույնպես առիթ տվեց մեծ բանավեճերի։ Հետաքրքիր է, որ այս դեպքում էլ, ինչպես Ազնավուրի պարագայում, հայտարարված առաջին մրցույթում հաղթող չէր եղել, Դավիթ Մինասյանը մասնակցել էր երկրորդ մրցույթին ու հաղթել։ Բացի այս հանգամանքից, Արամ Մանուկյանի ու Շառլ Ազնավուրի արձաններն ունենալու են առաջին հայացքից ոչ շատ կարևոր ընդհանրություն։ Երկուսն էլ գունավոր են։

Առհասարակ գույնը խորթ է քանդակագործությանը, եթե չասենք, որ քանդակն ու գույնը կարծես թե միմյանց մերժող բնույթ ունեն։ Խոսքը չի վերաբերում քանդակի նյութի՝ քարի կամ մետաղի ընդհանուր գույնին, այլ ստեղծագործության բազմագունությանը։ Արամ Մանուկյանի արձանի շուրջ վեճերի հիմնական թեման հենց գունավորումն էր՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն հայկական դրոշը, որով ծածկված է Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիրը։

Ծավալի իմաստով Ազնավուրի արձանի ավելի քիչ մակերես է գունավոր․ ընդհանուր սև մակերեսի վրա՝ սպիտակ թաշկինակ և կարմիր տաբատակալ։ Հետաքրքիր է, որ գույնով ընդծված են տաբատակալի երկկողմանի երիզները, բայց անգույն են ծաղիկներն ու ծաղկեփնջերը։ Այս համադրությունը որպես գեղանկար գուցե հետաքրքիր կդիտվեր, բայց որպես արձան դժվարանում եմ ասել։

Գիտակցում ենք, որ այս հոդվածի ընթերցողը ցանկանալու է իմանալ նաև հոդվածագրի կարծիքը Շառլի արձանի հաղթած էսքիզի վերաբերյալ։ Թեև մասնագետ չեմ, բայց իմ կարծիքով՝ արձանի նախօրինակն ունի խնդրահարույց դրվագներ։ Ուրիշների պես չէի պահանջի, որ արձանն արտահայտի, ցույց տա Սպիտակի երկրաշարժից հետո Ազնավուրի ցուցաբերած օգնության մեծ նշանակությունը և բազմաթիվ այլ արտաարվեստային հանգամանքներ։ Առանձնապես չի բավարարում պատվանդանի մտահղացումը, ձողերի վրա, երգչի ոտքերի տակ փռված կամ թափված ծաղիկները կամ ծաղկեփնջերի կտորտանքները։ Թեև երգչի կազմվածքին իրականում նման, բայց փոքր-ինչ թիթիզոտ է թվում նաև արձանի ֆիգուրի պլաստիկական լուծումը։ Այս ամենը, սակայն, կրկնում եմ՝ սիրողական կարծիք է, և ավելի կարևոր է արձանի և միջավայրի ճարտարապետական ներդաշնակության հարցը։

Չի բացառվում, որ տեղադրումից որոշ ժամանակ անց այս արձանն էլ այլ կերպ ընկալվի ու դառնա հայաստանցիների համար սիրելի, ինչպես եղավ Առնո Բաբաջանյանի արձանի դեպքում։

Մեկնաբանել