Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Փետրվարի վերջին օրերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները կրկին տեսակցել են Բաքվում պահվող բոլոր հայ անձանց, որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանությունները: Տեսակցությունների շրջանակներում, որոնք, ավանդաբար, առանձնազրույցների տեսքով են անցկացվել, նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց հարազատների հետ»,- հայտնել է Ամատունին:
***
Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։
23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է: