Հունվարին Էմիրությունների հետ Հայաստանի առևտուրը 7 անգամ աճել է

Հայաստանի հիմնական առևտրային գործընկերները 2024-ի հունվարի տվյալներով եղել են Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Չինաստանը: Եվրամիությունը, որը տարիներ առաջ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն էր, հայտնվել է չորրորդ հորիզոնականում:

Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանակռությունը հունվարին անցյալ տարվա հունվարի նկատմամբ աճել է 78,8%-ով` հասնելով 2,1 մլրդ դոլարի։

Ապրանքաշրջանառության ծավալներով Հայաստանի ամենախոշոր գործընկերը մնում է Ռուսաստանը, որի հետ առևտրային հոսքերը հունվարին աճել են 93%-ով` հասնելով 861 մլն դոլարի: Ընդ որում, Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 5,5%-ով` կազմելով 247 մլն դոլար, իսկ Ռուսաստանից ներմուծումն ավելացել է գրեթե 3 անգամ՝ հասնելով 630 մլն դոլարի։

ՌԴ-ի հետ առևտրի կտրուկ աճը հանգեցրել է Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում այդ երկրի տեսակարար կշռի ավելացմանը՝ նախորդ տարվա 37%-ից հասնելով 40,1%-ի։

Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների ցանկում երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են, որի հետ ապրանքաշրջանառությունը հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է գրեթե 7 անգամ՝ հասնելով 339 մլն դոլարի։ Առևտրի նման կտրուկ թռիչքը Վիճակագրական կոմիտեն բացատրում է դեպի Էմիրություններ հայկական ապրանքների արտահանման կտրուկ աճով։

Այս տարվա հունվարին, 2023-ի նույն ամսվա համեմատ, Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալը կազմել է 335 մլն դոլար, մինչդեռ ներմուծումը եղել է 3,6 մլն դոլար։ Որպես արդյունք կտրուկ աճել է նաև ԱՄԷ-ի մասնաբաժինը ՀՀ արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում՝ անցյալ տարվա հունվարին գրանցված 4,1%-ից հասնելով 15,8%-ի։

Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալներով երրորդ տեղը զբաղեցնում է Չինաստանը՝ 199 մլն դոլար արդյունքով։ Այս երկրի հետ առևտուրն աճել է 9,3%-ով, ընդ որում՝ դեպի Չինաստան արտահանումն աճել է 2,3 անգամ՝ կազմելով 94 մլն դոլար, իսկ ներմուծումը` ընդամենը 3,2%-ով` կազմելով 105 մլն դոլար։

Եվրամիությունը, որը տարիներ առաջ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն էր, 2024-ի հունվարին հայտնվել է չորրորդ հորիզոնականում։ ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվարին 2023-ի նույն ամսվա համեմատությամբ կրճատվել է 16,3%-ով և կազմել է 140 մլն դոլար։

Հայկական ապրանքների արտահանումը ԵՄ հաշվետու ժամանակահատվածում նվազել է 38%-ով` կազմելով 33 մլն դոլար: Ավելի քան 24%-ով նվազել է նաև Եվրամիությունից ներմուծման ծավալը` հասնելով 106,8 մլն դոլարի։

Մեկնաբանել