Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից Վահան Քերոբյանի պաշտոնանկությանը:
«Պետք է ուղիղ ասեմ՝ շատ եմ ցավում, որ այս կադրային փոփոխությունը տեղի է ունենում բոլորիս հայտնի հանգամանքների բերումով: Ես կարող եմ գնահատանքի խոսքեր ասել Էկոնոմիկայի նախարարի կարգավիճակում Վահան Քերոբյանի աշխատանքի վերաբերյալ, բայց այս պահին չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել այն իմաստով, որ գիտեք՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պարոն Քերոբյանի պաշտոնանկությունը, բայց նաև պետք է ուշադիր լինենք, որ որևէ անմեղության կանխավարկած չխախտենք և որևէ ազդեցություն չունենանք նաև քննության արդյունքների վրա»,- էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին ներկայացնելու ժամանակ ասել է Փաշինյանը։
Վարչապետը համոզված է, որ գործի քննությունը կլինի օբյեկտիվ և «կունենանք հարցերի պատասխաններ»։
«Բոլորս մեր առօրյա աշխատանքում ինչ-որ բաներ անում ենք ոչ կատարյալ, ինձնից սկսած՝ մնացածներով շարունակած: Գիծը, որը պետք է ուղենիշ լինի մեր անթերիությունը գնահատելու համար, հետևյալն է՝ արդյոք մենք պետական բյուջեի միջոցների նկատմամբ ոտնձգություն անում ենք, թե՝ ոչ: Սա կարևոր չափանիշ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
***
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Փետրվարի 16-ին Քերոբյանի նկատմամբ դատարանի որոշմամբ նշանակվեց տնային կալանք՝ երկու ամսով։
Հունվարի 31-ին Քննչական կոմիտեն հաղորդել էր կոռուպցիոն չարաշահումներին առնչվող վարույթներով 7 անձի ձերբակալության մասին։ Կոռուպցիոն գործով ձերբակալվել էին էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովանեսյանը, ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը և այլ անձինք։ «Սիներջիի» երեք ներկայացուցիչների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, իսկ էկոնոմիկայի փոխնախարարի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Փետրվարի 12-ին Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցը կալանավորումը փոխվել է տնային կալանքի։ Փետրվարի 21-ին էլ փոխել էր «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովանեսյանի խափանման միջոցը, նրա նկատմամբ կիրառվել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։