Քաղաքացիներն ամենաշատը դժգոհ են Ազգային ժողովի աշխատանքից․ հարցում

Հայաստանի պետական ինստիտուտներից ամենավատը քաղաքացիները գնահատում են Ազգային ժողովի աշխատանքը, իսկ ամենաշատը գոհ են Զինված ուժերի աշխատանքից։ Այդ մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալները։ Դրանք հավաքվել են 2023-ի դեկտեմբերի կեսին, հարցումներն իրականացվել են ավելի քան 1500 անձանց շրջանում։

Հարցվածների 30 տոկոսն ասել է, որ լիովին գոհ է Զինված ուժերի աշխատանքից, իսկ 34 տոկոսն ասել է՝ «որոշ չափով է գոհ»։ 17 տոկոսը պատասխանել է՝ Զինված ուժերի աշխատանքից ընդհանրապես գոհ չէ, 16 տոկոսն էլ ասել է՝ «ավելի շուտ գոհ չէ»։

Հարցվածների 23 տոկոսը հայտնել է, որ լիովին գոհ է ոստիկանության աշխատանքից, 39 տոկոսը նշել է, որ «ավելի շուտ գոհ է ոստիկանության աշխատանքից»։ Հարցվածների 19 տոկոսն ասել է՝ ոստիկանության աշխատանքից ընդհանրապես գոհ չէ, իսկ 16 տոկոսն ասել է՝ «ավելի շուտ գոհ չէ ոստիկանության աշխատանքից»։ 2023-ի մարտի հետ համեմատությամբ ոստիկանության աշխատանքից գոհ քաղաքացիների թիվն աճել է։

Հարցվածների 47 տոկոսն ասել է, որ չափազանց դժգոհ է խորհրդարանի աշխատանքից, 21 տոկոսն ասել է՝ ավելի շուտ գոհ չէ ԱԺ-ից։ Հարցված քաղաքացիների 7 տոկոսն ասել է, որ լիովին գոհ է ԱԺ աշխատանքից, իսկ 22 տոկոսն «ավելի շուտ գոհ է»։

Մեկնաբանել