Թումոն կվերակառուցի Գյումրիի շուկան և կհիմնադրի միջազգային խոհարարական դպրոց։
Մարտի 11-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի ԵՄ-ն կտրամադրի 2,5 միլիոն եվրո՝ Գյումրիի հին շուկայի վերակառուցման, միջազգային խոհարարական դպրոցի հիմնադրման և տնտեսական զարգացման խթանմանն ուղղված երկարաժամկետ ծրագրի իրականացման համար:
«Գյումրիի շուկա և խոհարարական դպրոց» ծրագրի նպատակն է Գյումրին դիրքավորել որպես տուրիզմի և խոհարարության տարածաշրջանային կենտրոն՝ մեկտեղելով հայկական խոհանոցի ժառանգությունն ու նորարարական մոտեցումները:
Նկարը՝ Lyfe ֆրանսիական դպրոցից
Ծրագրի մեխը միջազգային մակարդակի կրթություն ապահովող խոհարարական դպրոցն է, որի ուսումնական ծրագրի մշակման նպատակով Թումոն համագործակցում է հեղինակավոր Institut Lyfe ֆրանսիական դպրոցի հետ (նախկինում՝ Institut Paul Bocuse)՝ Հայաստան բերելով խոհարարական կրթության լավագույն փորձն ու համաշխարհայնորեն ճանաչված մոտեցումները: Ավելին, երկամյա կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կստանան ուսումը շարունակել Institut Lyfe-ում՝ ֆրանսիական Լիոն քաղաքում:
Դպրոցում բարձրակարգ խոհարարական հմտություններ ստանալու հնարավորություն կունենան տարեկան 30 ուսանողներ, որոնց մեծ մասը կստանան կրթաթոշակ և կսովորեն անվճար: