«Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անունով գյուղեր չեն եղել, երբեք»,- մարտի 12-ին հրավիրած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից անկլավային բնակավայրերն իրենց հանձնելու պահանջի մասին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2022-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ որպես սահմանազատման հիմք ընդունվել է Ալմա Աթայի հռչակագիրը և պետք է գործել այդ տրամաբանությամբ։
«ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանից ինչ գտնվում է դեպի այն կողմ, Ադրբեջան է, ինչ այս կողմ՝ ՀՀ է։ Դելիմիտիացիայի գործընթացում պետք է աշխատենք այդ սահմանը վերարտադրելու վրա։ Կա հարց՝ որ փուլից և որտեղից սկսել դելիմիտացիայի գործընթացը, ես չեմ բացառում, որ դելիմիտացիան կարող է սկսվել Տավուշից»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշում է, որ այդ գործընթացի շուրջ ՀՀ-ն դեռ որոշումներ չունի, բայց որոշում կայացնելիս պետք է ելնել իրողությունների ու իրավիճակի վերլուծությունից, առկա անվտանգային մարտահրավերներից ու կայունությունը կառավարելու տրամաբանությունից։ «Մենք պետք է նայենք՝ որտեղ են մեր կոմունիկացիաները, եթե դե յուրե սահմաներից դուրս են, դրանք պետք է վերակառուցենք, որ ՀՀ բոլոր կոմունիկացիաները անցնեն ՀՀ դե յուրե տարածքով և խնդիրներ չունենանք»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ առաջիկայում այցելություն կունենա Տավուշի մարզ՝ խնդիրներին ծանոթանալու համար։