«Օտարներին հարթակ տալը Կովկասում անվտանգություն չի ստեղծի»․ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված այս խոսքը, որ թերևս Իրանի ավանդական դիրքորոշումն է, նոր իմաստ է ստանում տարածաշրջանի ներկա իրավիճակում։ Անցած շաբաթ հայկական միանգամից երկու պատվիրակություն էր Իրանում՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի գլխավորությամբ։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Իրանի հայտարարություններում նորություն չկա։ Սակայն ընթացիկ իրողությունների պայմաններում Թեհրանի մտահոգությունն իր սահմաններին արտատարածաշրջանային ուժերի ներկայության հարցում նոր իմաստ ու հրատապություն է ձեռք բերում։
Իրանն այս ուղերձը հնչեցնում է մի ժամանակ, երբ Կովկասում նոր վերադասավորումներ են ուրվագծվում և նկատվում է Արևմուտքի ակտիվությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, ինչն ուղեկցվում է հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների վատթարացմամբ։
Ուշագրավ է նաև հայկական պատվիրակությունների այցելությունների ժամանակացույցը Իրան․ մինչ այդ Հայաստան էին ժամանել Ֆրանսիայի, Հունաստանի պաշտպանության նախարարները, Կիպրոսի արտգործնախարարը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն հայտարարել էր, որ Հայաստանն ի թիվս այլ հարցերի քննարկում է Եվրամիության անդամակցության հնարավորությունը։
Այս զարգացումներն Իրանին ստիպում են առավել բաց և կտրուկ արտահայտել սեփական մտահոգությունները։ Թեհրանը չի ցանկանում, որ Ռուսաստանի թուլացող դերը լրացվի Արևմուտքի և այլոց, այդ թվում՝ Թուրքիայի կողմից։
Ռուսաստանի նվազող ազդեցության պայմաններում Թեհրանի հեռահար նպատակը Հայաստանում իր քաղաքական և, հնարավորության դեպքում, նաև ռազմական ներկայության հաստատումն է։
Իրանը տարածաշրջանում ցանկանում է հավասարակշռողի՝ արբիտրի դեր ստաանձնել, ինչի մասին շատ է խոսվում այդ երկրի փորձագիտական շրջանակներում։ Բաքվի հետ լարվածության մեղմացումը թերևս պայմանավորված է Թեհրանի այս ձգտումներով՝ նորմալ հարաբերություններ ունենալ Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ։
Ադրբեջանի հետ հարաբերություններում Իրանն սկսել է ավելի շատ կենտրոնանալ համատեղ տնտեսական նախագծերի վրա, որոնցից է Նախիջևանն Իրանի տարածքով Ադրբեջանին կապող նոր երթուղին։ Սա մի կողմից Իրանին թույլ կտա ցամաքային ռազմավարական կապուղի լինել Ադրբեջանի ու նրա էքսկլավ Նախիջևանի միջև, մյուս կողմից կխոչընդոտի Ադրբեջանի (նաև Ռուսաստանի) ծրագրերը՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, ինչի պարագայում կնվազի Իրանի տարանցիկ նշանակությունը։
Հատկաշնական է, որ Ադրբեջանը նախկինի պես Իրանին չի սադրում արևմտյան երկրների հետ ունեցած իր կապերով և Իսրայելի հետ գործընկերությամբ (թեև պահպանում է դրանք)։ Երևանի հետ առանց միջնորդների բանակցելու Բաքվի դիրքորոշումը բխում է Թեհրանի շահերից։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական խիստ անհավասարակշռության պայմաններում, մինչդեռ, հայկական կողմի համար միջնորդավորված բանակցություններն առավել նպատակահարմար են, երբ, օրինակ արևմտյան միջնորդները՝ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը, կարող են հավասարակշռող որոշակի դեր ունենալ։
Այնուամենայնիվ, չնայած վերջին երկու տարում Արևմուտքի ներգրավվածության ակտիվացմանը, Հարավային Կովկասում ակնհայտ է ռեգիոնալացման միտումը, երբ տարածաշրջանի երկրներն ավելի մեծ ազդեցություն ունեն տեղի գործընթացների վրա, քան դրսի դերակատարները։ Պատահական չէ, որ 2023-ի հուլիսին ԱՄՆ-ում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո արևմտյան հարթակներում այլևս բանակցություն չի եղել։ Բացառություն էր, թերևս, փետրվարին Մյունխենում կայացած անվտանգության համաժողովը, որտեղ հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Սակայն դա ավելի շուտ արարողակարգային բնույթ ուներ, քան բովանդակային։