Վրացի քահանաների գլխավորած ամբոխը խանգարել է մուսուլմանների ուրբաթօրյա աղոթքը

Լուսանկարում՝ վրաց ուղղափառ քահանաների գլխավորած ամբոխը փորձում է ներխուժել Իմամ Մերաբ Միքելաձեի տուն՝ խանգարելու նրա աղոթքը։

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի հարավ-արևմուտքում 200 հոգանոց ամբոխը Վրաց ուղղափառ եկեղեցու քահանաների գլխավորությամբ փորձել է ներխուժել տեղի իմամի տուն՝ ուրբաթօրյա աղոթքը խանգարելու համար: Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ․ ամբոխը փորձել է ներխուժել Իմամ Մերաբ (Յուսուֆ) Միքելաձեի տուն Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանի Ադիգենի ավանում։

Ինչպես հայտնում է «Բաթումելեբի» լրատվամիջոցը՝ Միքելաձեն վերջին «մի քանի տարիների ընթացքում» ուրբաթօրյա աղոթք է անցկացրել իր տանը, ինչին Ադիգենիում ոմանք, այդ թվում՝ ուղղափառ հոգևորականներ, իրենց բողոքն են արտահայտել:

Լրատվամիջոցի հրապարակած կադրերում երևում է Միքելաձեի տան մոտ հավաքված մարդկանց ամբոխը՝ ուղղափառ քահանաների ուղեկցությամբ: Տան բակում գտնվող ոստիկանները փորձում են հետ պահել մի խումբ ցուցարարների մուտքը։

Լսվում է, թե ինչպես է ամբոխը հայհոյանքներ տեղում Միքելաձեի տանը գտնվող հավատացյալների հասցեին՝ իմամին սպառնացող քահանայի առաջնորդությամբ։ «Կպոկեմ երեսդ, ապերախտ։ Երդվում եմ մորս անունով, եթե քեզ հավիտյան կաղ չթողնեմ […]։ Դուրս արի [շենքից]»,- բղավում է քահանան տեսանյութում, երբ ավելի մեծ ամբոխ է բակ մտնում՝ միանալու բողոքի ցույցին։

«Սոցիալական արդարության կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը պարզել է, որ Միքելաձեին սպառնացող քահանան Նիկոլոզ Գեցաձեն է, և որ ամբոխում եղած մարդկանց թիվը մոտ 200 էր:

Աջարիայի Խուլո քաղաքի մուֆթի Ասլան Աբաշիձեն ուրբաթ «Բաթումելեբի» լրատվամիջոցին ասել է, որ «որոշ անձինք, այդ թվում՝ տեղի քահանան», փորձել են վեճ «հրահրել» տեղի քրիստոնյա և մահմեդական բնակչության միջև:

Աբաշիձեն հավելել է, որ քահանան, որին նա ներկայացրել էր որպես Նիկոլոզ, իրեն «վայրենի» է պահել, իսկ նախորդ ուրբաթ սպառնացել էր Միքելաձեին։

«Նա նաև սպառնում է ծեծել մուսուլմաններին […]։ Ասում է, որ Սամցխե-Ջավախեթիում մահմեդականներ լինել չեն կարող,- ասել է Աբաշիձեն:- Նա մոբիլիզացրել է մարդկանց։ Սկզբում իր հետ վերցրել է 9-10 հոգու […], հետո աստիճանաբար համակիրներ հավաքել։ Այսօր հավաքել է մարդկանց, նույն բանն արել էր անցյալ ուրբաթ»:

«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով տեղական աղբյուրները, հայտնում է, որ Միքելաձեն տունը գնել է այն բանից հետո, երբ Խուլոյից տեղափոխվել է Ադիգենի և սկզբում այն օգտագործում էր որպես աստվածաբանական դպրոց՝ նախքան մզկիթի վերածելը:

Ադիգենիի բնակիչները «Ազատություն» ռադիոկայանին նաև ասել են, որ ամբոխը փորձել է ներխուժել Միքելաձեի տուն, քանի որ քաղաքի ուղղափառ և մահմեդական համայնքները նախօրեին պայմանավորվել էին տունը որպես մզկիթ չօգտագործել։

Այնուամենայնիվ, միջադեպի վերաբերյալ իր զեկույցում «Սոցիալական արդարության կենտրոնը» նշել է, որ Միքելաձեի կողմից իր տան օգտագործումը կրոնական կրթության և հավաքների համար «ոչ մի դեպքում անօրինական» չէր: Ըստ կազմակերպության՝ Վրաստանի մահմեդական համայնքը «ավելի քան տասը տարի է, ինչ ենթարկվում է ֆիզիկական, սոցիալական և խորհրդանշական բռնության, խտրականության և ոտնձգությունների»։

Միքելաձեն չի մեկնաբանել միջադեպը, մինչդեռ Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է, որ իմամի տան դիմաց առճակատում է տեղի ունեցել։ «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրել է, որ Ադիգենիի բնակիչները միջադեպից հետո պայմանավորվել են, որ երկուշաբթի օրվանից տունն այլևս չի օգտագործվի որպես մզկիթ։

Նեղ շահեր

Ուրբաթ Խուլոյի մուֆթի Ասլան Աբաշիձեն «Բաթումելեբիին» ասել է, որ միջադեպի մասին զեկուցել է Ադիգենիի քաղաքապետ Գոչա Քիմաձեին և Սամցխե-Ջավախեթիի մուֆթի Մամուկա Վաշակմաձեին: «Մենք տեղյակ ենք պահել բոլոր համապատասխան գերատեսչություններին, տեղեկացրել ենք Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահին, խորհրդարանի պատգամավոր Անզոր Բոլկվաձեին և այլոց»,- ասել է նա։

Սամցխե-Ջավախեթիի մուֆթի Վաշակմաձեն իրեն հեռու է պահել Միքելաձեից՝ հայտարարելով, որ վերջինիս մզկիթը իրենց «ենթակա չէ, այն առանձնատուն է, որը մասնավոր անձը գնել և կառուցել է կամայականորեն»։

Կիրակի Վրաստանի Կրոնական գործերի պետական գործակալությունը դատապարտել է ամբոխի գործողությունները և նրանց կողմից կրոնի ու հավատքի՝ «նեղ շահերի» համար օգտագործումը։ «Գործակալությունը չի ողջունում բռնությունը և հուսով է, որ հարցը անհապաղ կլուծվի,- ասվում է նրանց հայտարարության մեջ։- Վրաստանում պաշտպանված է կրոնի և հավատքի ազատությունը»։

Շաբաթ օրը Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը հայտարարել է, որ «ցանկացած բռնություն և Սահմանադրությամբ երաշխավորված կրոնական ազատության սահմանափակում անընդունելի է»։ «Սոցիալական արդարության կենտրոնն» էլ կոչ է արել ՆԳՆ-ին և դատախազությանը հետաքննել միջադեպը և պատժել ամբոխի կազմակերպման պատասխանատուներին։

«Ո՛չ ֆոբիային» ատելության դեմ ուղղված կոալիցիան կառավարությանը և տեղի իշխանություններին մեղադրել է Վրաստանում կրոնական վեճեր ու հակամարտություններ հրահրելու և «կրոնական անհանդուրժողականությունը նվազեցնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու քաղաքական կամք» չդրսևորելու մեջ։

«Նրանք փորձում են հավասարապես մեղադրել մահմեդական համայնքին և իրավիճակը վերածել սադրանքի/հակամարտության, ինչի արդյունքում էլ կարծես ծագել է հենց կրոնական փոքրամասնության հետ կապված վեճը»,- ասվում է հայտարարությունում։

Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը դեռ չի մեկնաբանել Ադիգենիում տեղի ունեցած միջադեպը

Մեկնաբանել