Մոսկվան կշարունակի շփումները Երևանի հետ և կպարզաբանի իրավիճակը ՀԱՊԿ-ին նրա անդամակցության հետ կապված: Այդ մասին մարտի 13-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Անշուշտ, մենք լսել ենք այդ հայտարարությունները (Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին – խմբ․): Ակնհայտ է, որ շատ աշխատանք կա անելու մեր հայ գործընկերների հետ և՛ ՀԱԿՊ-ի, և՛ երկկողմ հարաբերությունների շրջանակներում: Մենք կպարզաբանենք և կխոսենք վարչապետի արած հայտարարությունների շուրջ»,- նշել է Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մարտի 12-ին Կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Մենք ակնկալում ենք, խնդրում ենք, պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ը պատասխանի մեկ հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Մենք ՀԱՊԿ-ի հետ կաված պրոբլեմ չենք ստեղծել, բոլոր պրոբլեմները սկսվել են այն կետից, երբ մենք հարց ենք բարձրացրել, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում ու պատասխան չենք ստացել»։
Փաշինյանի խոսքով՝ երբ ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին ու այդ պատասխանը կհամապատասխանի ՀՀ պատկերացումներին, դա կնշանակի, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև հարցերը հասցեագրված են ու լուծված, եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։
***
2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։
2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։
Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։