Մարտի 12-ին ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ բացի հանձնաժողովի անդամներից նիստին ներկա են եղել նաև ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհայտ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը:
«Նիստի ընթացքում Արմեն Աբազյանը խոսեց ապագա անելիքների և առաջնահերթությունների վերանայման անհրաժեշտության մասին, մասնավորապես, ընդգծվեց Ադրբեջանի համապատասխան կառույցի հետ բանակցություններ վարելու կարևորությունը՝ հաշվի առնելով համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ կողմերի հայտարարությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է կատարվել միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ համագործակցությանը, ինչպես նաև գերեվարված ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի շուրջ ընթացող բանակցություններին:
«Նիստի ընթացքում բարձրացվեցին անհայտ կորած անձանց ծնողներին հուզող տարբեր ոլորտներին վերաբերող խնդիրներ, որոնց շուրջ քննարկումներ ծավալվեցին և առաջարկներ հնչեցին լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ»,- տեղեկացնում է ԱԱԾ-ը։
***
Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։
23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է: