Պետությանը վերադարձվեց Ծաղկաձորում գտնվող շուրջ 20 000 քմ անտառային տարածքը

Պետությանը վերադարձվեց Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20 000 քմ մակերեսով անտառային տարածքը, հայտնում է Դատախազությունը։

«Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից մեկով՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով հողամասն (սկզբնական նպատակային նշանակությունը՝ անտառային տարածք) ամրացվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին»,- ասված է հաղորդագրությունում։

Դատախազությունը հիշեցնում է, որ 2023-ի ապրիլի 6-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել 2007 թվականի մայիսի 26-ի աճուրդը։ Որպես հետևանք անվավեր է ճանաչվել այդ ժամանակ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Կավալենկո Շահգալդյանի և Սամվել Մայրապետյանի միջև 2007-ի մայիսի 31-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող մոտ 20 000 քմ հողամասի նկատմամբ Սամվել Մայրապետյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

«37 մլն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 20 000 քմ մակերեսով «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասի (անտառային տարածքի) նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը»,- հայտնում է Դատախազությունը։

Մեկնաբանել