Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն։
«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են իրենց որոշման մեջ, թե ինչպես ապահովել նման ապագա: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, ապա յուրաքանչյուր եվրոպական երկրի ժողովուրդն ու կառավարությունը պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են դիմել ԵՄ-ին անդամակցելու համար»,- նշել է Ստանոն։
***
Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունած բանաձևով առաջարկել է ԵՄ գործադիր մարմիններին՝ Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին, դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք լինել ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է բանաձևում։
Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին կոչ է անում ակտիվ աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հարցում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև մարդկանց միջև շփումների, անվտանգության, քաղաքական երկխոսության ոլորտներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը և ասել, որ ԵՄ-ի անդամության թեկնածությունը «պետք է հանրային քննարկման առարկա դառնա»։
2023-ի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այքնան, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի: Նախորդ շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության անդամակցության հարցը։