Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան: Այդ մասին մարտի 15-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում 2023-ի արդյունքների մասին զեկույցի քննարկմանը հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան: Մենք դեռ շարունակում ենք բանակցել»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ խոսքը Հայաստանի համար սկզբունքային կետերի մասին է:
Նրա խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը եղել է ամենաառանցքային ուղղությունը։ Միրզոյանը հիշեցրեց սկզբունքը, որով Հայաստանն առաջնորդվում է խաղաղության շուրջ բանակցելիս. «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված 1991թ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում մեզ համար առանցքային է այս սկզբունքին հղում անելը: Սա էական է ու քաղաքական հիմք է՝ և փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման համար, և հետագա սահմանազատման գործընթացի համար»:
Ինչ վերաբերում է տարածաշրջանի ապաշրջափակմանը, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է՝ գործընթացը պետք է տեղի ունենա չորս սկզբունքների հիման վրա՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության։
«Մենք պնդում ենք, որ բոլոր գործողությունները, որ կարվեն ապաշրջափակման ուղղությամբ, արվեն այս սկզբունքների հիման վրա։ Մենք ակնհայտորեն ուզում ենք մաս լինել միջազգային տարանցման՝ իհարկե ըմբռնմամբ, որ մեր ինքնիշխանությունը մեր ենթակառուցվածքների նկատմամբ որևէ կերպ չի կարող սահմանափակվել, մեր իրավազորության ներքո պետք է լինեն: Հեշտացումները, որ պատրաստ ենք անելու, որպեսզի խրախուսենք այդ տարանցումը, պետք է փոխադրվեն մյուս հարևան երկրների կողմից ևս»,- նշել է նա:
Միրզոյանի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է Ադրբեջանի հետ սահմանին լարվածության էական նվազմանը․ «ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումից հետո սահմանին լարվածությունն էականորեն նվազել է, և ստացվում է, որ այս առաքելությունն էական գործոն է դարձել հենց սահմանի կայունության համար»։
ԱԳՆ ղեկավարը, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանը որոշակիորեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի դեռ հայկական կողմի բարձրացրած հարցերի պատասխանները չեն ստացվել․ «Սա կազմակերպություն է այն մասին, որ մասնակից պետությունները պարտավորվում են իրար փոխօգնություն տրամադրել, պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ցավոք սրտի, այն ժամանակ, երբ ՀՀ սուվերեն տարածքները ենթարկվեցին հարձակման և օկուպացիայի և ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվեցին, մենք չտեսանք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ունեին փաստերի այն ընկալումն ու այն ձևակերպմամբ ընկալումը, որը քիչ առաջ ներկայացրեցի՝ սահմանների խախտում և սուվերեն տարածքների օկուպացիա»։
Անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Միրզոյանն ասել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ այս ամսվա սկզբին կայացած հանդիպմանը վերահաստատել է երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար Թուրքիայի հետ սահմանը բացելու պայմանավորվածությունը։
«Հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում հենց Անիի կամրջի մասով, որ տեսնենք, թե ինչպես է այդ աշխատանքը հնարավոր ամենաօպտիմալ կերպով կազմակերպել: Ցավոք, մյուս պայմանավորվածությունը՝ մասնակի բացումը, մինչև այժմ իրականացված չէ: Թեև այս մասին պայմանավորվածությունը նաև նոր նախարարի հետ հնարավորություն ունեցա վերահաստատել»,- նշել է նա։