Գոմեշի մսի գործով կալանավորվել է Կապանի մսի կոմբինատի տնօրենը

Բանակին մատակարարված մսի մեջ գոմեշի մսի առկայության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Ալբերտ Օհանջանյանին անցած ամիս մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով` խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով: Օհանջանյանն արդեն կալանավորված է:

Մերի Սարգսյանի հաղորդմամբ` նույն գործի շրջանակում ներկայում քննարկման փուլում է մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը, եթե նրանց գործողություններում առկա լինեն քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործությունների հատկանիշներ:

Զինված ուժերում խախտումները հայտնաբերվել էին դեռևս այս տարվա հունիսին, հարուցվել էր քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու հատկանիշներով: Մասնավորապես` ստուգումները վերաբերել են Ղարաբաղի Պաշտպանության բանակին մատակարարվող մսամթերքին: Ինչպես գրել էր մամուլը, տավարի մսի փոխարեն բանակին տրամադրվել էր գոմեշի սառեցված միս: