«Նիստ չի եղել, որ ճիշտ նշանակված ժամանակին սկսվի»,- ամեն անգամ հենց այս խոսքերն են հնչում Ջրականի (Ջաբրայիլ) զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի գործով նիստերից առաջ՝ ծնողների շուրթերից։ Տևական ժամանակ անց այս գործով դատաքննությունը շարունակվեց մարտի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում։ Ամբաստանյալի աթոռին ընդամենը մեկ սպա է՝ գումարտակի նախկին հրամանատար Իշխան Վահանյանը՝ այն բանի համար, որ 2020-ի պատերազմի ընթացքում՝ մարտի ժամանակ, լքել է դիրքերը։
Մեկ ժամ ուշացումով դատը մեկնարկեց․ սպասում էին վկայի, որն այդպես էլ չեկավ։ Դատական նիստին դատավոր Ջոն Հայրապետյանը հայտնեց, որ այս գործով անցնում են Արցախից տեղահանվածներ, որոնց մի մասի գտնվելու վերաբերյալ տեղեկություն հնարավոր չէ ճշտել։ Ոմանք էլ Հայաստանից հեռացել են։

Դատարանում վեճ առաջացավ, թե ի վերջո ինչպես վարվել այն արցախցիների ցուցմունքների հետ, որոնց հնարավոր չէ գտնել։ Դատավորն ասաց, որ դիմել են Ներքին գործերի նախարարություն, որտեղից հայտնել են, թե գնում են մարդկանց հասցեով, սակայն նրանք այնտեղ չեն․ «Օրինակ՝ տեղեկություն են ստացել, որ որևէ վկա Արտաշատի որևէ տանն է, գնացել են ու նրան չեն հայտնաբերել- հայտնեց դատավորը՝ առաջարկելով հրապարակել ցուցմունքները։- Այս պահին էլ որևէ այլ ձևով առաջ գնալ չենք կարող։ Եկեք հրապարակենք նրանց նախաքննական ցուցմունքները»։
Այդպես էլ արեցին։ Սկզբում հրապարակեցին տուժող Նիկոլայ Ստեփանյանի ցուցմունքները։ Նա ժամկետային զինծառայող է եղել ու մասնակցել մարտերին։
Պատերազմի ժամանակ 5-րդ հրաձգային գումարտակի տեղաշարժը։
Սեպտեմբերի 27-ին ուսումնական գումարտակը եղել է Ջրականի զորամասում, հակառակորդը առաջինը հարվածել է պահեստներին։ Գումարտակը տեղափոխվել է «Չռիկներ» կոչվող տեղամաս, իսկ հոկտեմբերի 4-ին այդ տեղամասից նահանջել է Հադրութ, տեղակայվել քաղաքի դպրոցում ու զորամասում։ Հոկտեմբերի 9-ի առավոտյան գումարտակը հրաման է ստացել դիրքավորվել Հադրութի մոտակայքում գտնվող «Խուռհատ» բարձունքի վրա։ Հոկտեմբերի 10-ի առավոտյան սկսվել է հրետակոծություն, այնուհետև թիկունքից դիվերսիոն խմբեր են ներթափանցել։ Գումարտակը, կորուստներ կրելով, ցրվել է անտառներում, մի մասը կարողացել է փրկվել, մի մասն էլ անհետ կորել է։ Պատերազմի մեկնարկին՝ սեպտեմբերի 29-ին, զոհվել է գումարտակի հրամանատարը, նրան փոխարինել է Գարիկ Վարդերեսյանը, որին, սակայն, հոկտեմբերի 6-ին պաշտոնից ազատել են, իսկ հաջորդ օրը այդ պաշտոնին նշանակել Իշխան Վահանյանին։
Նիկոլայ Ստեփանյանը քննիչներին պատմել է, թե Խուռհատ սար բարձրանալիս նկատել են դիրքի նմանվող տեղեր։ Դիրքավորվել են։ Հետո հարձակում է սկսվել անտառի մեջից։
«Իշխան Վահանյանը գտնվում էր մեքենաների մոտ և ասում էր՝ կրակեք աջ ուղղությամբ, մեկ էլ ասում էր՝ կրակեք ձախ ուղղությամբ։ Հետո նահանջեցինք ու երբ հասանք սարի տակ, մեքենայի մոտ տեսա Իշխան Վահանյանին ու Հայկազ Գրիգորյանին։ Իշխանը Հայկազին ասաց, որ վիրավորների հետ գնում է, քանի որ ինքն էլ է վիրավորվել։ Այդ ժամանակ ես կողքն եմ եղել, լսել եմ ամբողջ զրույցը, ոչ մի վնասվածք չեմ տեսել»,- պատմել է վկան։
Նրա խոսքով՝ Վահանյանն այդ ամենից հետո նստել է մեքենան ու գնացել՝ զորքին թողելով առանց հրամանատարի։ Հակառակորդը սկսել է ավելի մոտենալ ու կրակել իրենց ուղղությամբ, խուճապ է սկսվել զորքի շրջանում, ինչն էլ, ըստ վկայի, ավելացել է Վահանյանի փախուստից հետո։
Այս նիստին փաստաբան Գուրգեն Գրիգորյանը հիշեցրեց, որ Իշխան Վահանյանի կողքին պետք է լինեին նաև այլ զինվորականներ, որոնք պատասխանատու են զինվորների կյանքի համար։

Դատարանում հրապարակվեց նաև մեկ այլ վկա՝ Վարազդատ Հովհաննիսյանի ցուցմունքը, որը ևս Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող է եղել։ Վկան ասել է, որ երբ արդեն նահանջում էին, շրջվել է ու տեսել, որ Վահանյանը վազում է սարից՝ նստելու կանաչ մեքենա․ «Կամավոր Արտյոմը տեսնելով նրա փախչելը, բղավել է, որ զորքդ մեղք է, մի փախիր, սակայն Վահանյանը թողել է ու վազել»,- նախաքննական մարմնին ասել է վկան։
Նիստին հրապարակվեց նաև դատաբժիշկ Արշակ Ալեքսանյանի ցուցմունքը, որը հետազոտել է Վահանյանին պատերազմի ավարտից հետո ու ուսումնասիրել բժշկական փաստաթղթերը։ Նա հանգել է այն հետևության, որ վերջինս ստացել է մարմնական վնասվածք աջ ազդրի հատվածում։ Ըստ վկայի՝ բեկորային հարված է եղել, որն էլ Վահանյանի առողջությանը թեթև վնասվածք է հասցրել։
Նա նաև պնդել է, որ Վահանյանը «միանշանակ կարող էր ինքնուրույն գործողություններ կատարել և հանգիստ տեղաշարժվել»։

Գևորգ Թոսունյան
Լուսանկարները՝ հեղինակի