Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը մարտի 9-ին հայտարարություն էր տարածել՝ Հայաստանից պահանջելով անհապաղ վերադարձնել չորս գյուղերը, որոնք, ըստ Բաքվի, Ադրբեջանի Ղազախի շրջանի մասն են։ Ներկայում այդ գյուղերն ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում։ Դրանք են Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը (Աղաշը), Խեյրիմլին և Կըզըլ Հաջիլին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հրավիրած ասուլիսին հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ «1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն»։
«ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»,- ասել է Փաշինյանը։
Այս գյուղերի մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։